Վաղը Մալարիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հանրապետության գլխավոր համաճարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանն «Արմենպրեսին» հավաստիացրել է, որ արդյունավետ պայքարի շնորհիվ՝ վերջին տարիներին Հայաստանում մալարիայի դեպքեր չեն գրանցվել: Ըստ նրա` եղանակների տաքացմանը զուգահեռ՝ հանրապետության սանիտարական ծառայությունը ստուգումներ է իրականացնում այն ջրամբարներում, որոնց շրջակայքում կուտակվում են մալարիան տարածող մոծակները: Նշված ջրամբարները մասնագետների կողմից խիստ վերահսկողության տակ են լինում հատկապես ամռան ամիսներին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` մալարիան շարունակում է սպառնալ աշխարհի բնակչության շուրջ 40 տոկոսին: Տարեկան այս հիվանդությամբ վարակվում է ավելի քան 500 մլն մարդ, իսկ 1 մլն-ից ավելին մահանում է: Նշենք, որ մալարիայի ամենամեծ օջախը Աֆրիկայում է` Սահարայից հարավ ընկած հատվածում, սակայն հիվանդությունը տարածվում է նաեւ Ասիայում, Լատինական Ամերիկայում եւ եվրոպական մի շարք երկրներում: Աֆրիկյան երկրներում յուրաքանչյուր 5-րդ մանկական մահ գրանցվում է մալարիայի պատճառով: Այս հիվանդությունը մարդկանց փոխանցվում է մոծակների խայթոցից: Մալարիայի տարածումը խոչընդոտելու համար առաջնահերթ պետք է ակտիվ պայքար մղել մոծակների դեմ: Ըստ մասնագետների` արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է հիվանդությունը ժամանակին կանխարգելել եւ բուժել: Այս հիվանդությամբ վարակվելու առումով ռիսկի խումբ են համարվում հղի կանայք եւ երեխաները: Միայն Աֆրիկայում մալարիայից տարեկան մահանում է 10.000 հղի կին եւ շուրջ 200.000 մանկահասակ երեխա: Հիվանդությունը գրանցվում է հիմնականում աղքատների շրջանում, ովքեր բուժման համար համապատասխան միջոցներ չունեն: