Երեկ հրավիրված ասուլիսում` «Թե ինչո՞ւ ստեղծված իրավիճակում մտավորականները չեն երեւում եւ առաջատարներ չեն» թեմայի շուրջ բանավիճում էին գրող, հրապարակախոս, ԱԺ պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը եւ գրող Հակոբ Մովսեսը: Վերջինս` երկրում ստեղծված վիճակը նկատի ունենալով, մտավորականությանը եւ քաղաքական գործիչներին խորհուրդ է տալիս հետեւել Սպինոզայի ոսկե կանոնին՝ «Չհայհոյել, չլացել, չծիծաղել, այլ հասկանալ»: «Հենց հիմա մեզ ծիծաղելու, հայհոյելու պատճառներ չկան, պետք է հասկանալ այն, ինչ կա: Կարծում եմ, մտավորականությունն իդեաների, գաղափարների ստեղծման, ժողովրդին պիտանի լինելու համար բացարձակ անկախության կարիք ունի: Եվ մտավորականությունը պարտադիր չէ, որ քաղաքականացված լինի, չնայած, որպես քաղաքացի՝ կարող է իր կողմնորոշումն ունենալ»,- ասում է նա: Ըստ նրա` իշխանությունն այսօր փորձում է մտավորականությանը գրավել իր կողմը, սակայն մտավորականությունն առանձին կողմ է, սակայն առողջ հասարակություններում, Հ. Մովսեսի ասելով` իշխանություններն են կիսում մտավորականության գաղափարներն ու մոտեցումները: Իսկ ՀՅԴ-ական պատգամավոր, գրող Ալվարդ Պետրոսյանը կարծում է, որ երբ մտավորականն ունի բարձր սկզբունքներ, կարող է ունենալ սեփական կարծիք: Բայց այսօր, Ա.Պետրոսյանի համոզմամբ, սեփական կարծիք ունենալը շքեղություն է, անկախ քաղաքական դավանանքներից: «Ինձ, որպես այս երկրի քաղաքացի, ամենից քիչ հետաքրքրում է իշխանության ու ընդդիմության աթոռակռիվը: Ինձ մտահոգում է այսօր ստեղծված ջրբաժանը, բեւեռացված, թշնամական դիրքորոշումը, որ մեր ազգի մեջ կա արդեն: Մենք ընկերներ ենք կորցնում: Մենք այսօր ապրում ենք որպես ցեղախմբեր` ըստ քաղաքական պատկանելիության, ինչը սարսափելի է»,- ասաց Ա.Պետրոսյանը: Ըստ նրա` Սերժ Սարգսյանին պաշտպանող մտավորականին այսօր համարում են պալատական, իսկ որո՞նք են ոչ պալատական մտավորականները. «Հետաքրքիր է պալատի նկատմամբ մեր ատելությունը: Մենք իսլամական երկրներով ենք շրջապատված եւ, այնուամենայնիվ, մեր երկրում եկեղեցիներ են մնացել եւ ոչ պալատներ, քանի որ մենք պալատներ չենք սիրում, պալատը մեզ համար մի բան է, որը պետք է քանդել»,- հայտարարեց նա: Իսկ Հակոբ Մովսեսն առաջարկեց նախ պարզել, թե ո՞րն է ճշմարիտ մտավորականը, արդյոք նրա՞նք, ում իշխանությունը կարող է իրեն հարմար պահերի մեդալներ եւ կոչումներ տալ` իրեն սատարեալու ակնկալիքով, թե՞ նրանք, ովքեր վիրավորված են, նեղացած իշխանություններից եւ, պարգեւ չստանալու շարժառիթներից ելնելով, միանում են ընդդիմությանը. «Ես պալատական մտավորականից զզվում եմ, բացառությամբ նրանց, ովքեր պետության իրենց իդեալն ունեն, հայրենիքի, պետության վերաբերյալ իրենց գաղափարները: Ինքս իշխանությունների հետ աշխատել եմ հաճույքով` կարծելով, որ ես այդ աշխատանքում իմ փոքրիկ լուման կունենամ: Փայլուն կլինի, եթե մեր կառավարական համակարգում մտավորականներ լինեն»,- ասաց Մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսը: Նրա խոսքով, մեր իշխանություններին կամ ընդդիմությանը մտավորականներն այսօր պետք են միայն այն բանի համար, որպեսզի կանգնեն նրանցից որեւէ մեկի կողմը: Բացի դրանից, չպետք է լինեն մարդիկ, ովքեր մտավորականներին հովանավոր կլինեն, ինչպես Վանո Սիրադեղյանը` Լեւոն Ներսիսյանին, կամ Սերժ Սարգսյանը` Էդմոն Ավետյանին: Այսինքն, Հ. Մովսեսի բնորոշմամբ, չպետք է լինեն այնպիսի մարդիկ, ովքեր «հայրություն» կանեն մտավորականներին: Իսկ Ա. Պետրոսյանի համար արժեք չունի այն «խեղճ ու կրակ» մտավորականը, որը կարող է կոչում չստանալու համար միանալ ընդդիմությանը. «Եթե մենք ունենք նման մտավորականություն, նշանակում է` մենք մտավորականություն չունենք: Եթե մտավորականը չունի իր պետությունը պահպանելու ծրագիր, բարձր մտավորական համարվել չի կարող»: Հակոբ Մովսեսի հավաստմամբ էլ, երբ մտավորականներ չկան, եւ տեղը դատարկ է` իշխանությունն է սկսում ստեղծել իր մտավորականությունը. «Ինչպես, ասենք, պարբերաբար հեռուստատեսությամբ ելույթ է ունենում մուլտֆիլմեր նկարող մեկը, ով կանգնում ժողովրդի գլխին բարոյականություն, քարոզներ է կարդում»:
Ալվարդ Պետրոսյանի կարծիքով` իր կուսակցությունը երբեւէ չի ստրկացել, եւ կառավարության կազմում «երեք աթոռ» ունենալը դեռեւս ստրկություն չէ. «Երեք աթոռով, կարծում եք` ստրկացա՞ծ ենք: Ինչպե՞ս է, որ Արեւմուտքի օրինակով հիանում եք, որ քաղաքակիրթ ձեւով քաղաքական միտքը փողոցից ներս են բերել, բանավիճում են, իսկ այստեղ լավ չէ: Մեր կառավարությունը համաձայնության կառավարություն է, կլասիկ կոալիցիոն չէ, իսկ մեր կուսակցության ներկայությունը, կարծեցինք, որ կայունության հաստատման համար կառավարությունում պետք է»,- փորձեց պարզաբանել ՀՅԴ-ական պատգամավորը:
Իսկ Հ. Մովսեսը կարծում է, որ խնդիրներից մեկն էլ այն է, որ ստեղծվել է «վճարովի ընդդիմություն», որը ստեղծել է իշխանությունը, եւ որը ղեկավարվում է իրենց կողմից: «Այն իշխանությունները, որոնք առանց ընդդիմության են գործում, կարծում եմ` նրանք հաջողություն չեն ունենա: Իշխանությունները պետք է ունենան ճշմարիտ ընդդիմություն, իսկ հիմա երկրում 10 տարվա լռությունից հետո հայտնվել է ընդդիմություն, անկախ համակրանքներից ու հակակրանքներից»,- նկատեց Հ. Մովսեսը: Ըստ նրա, մեր իշխանություններն իդեալական տարբերակ ունեն երկիրը ճիշտ ղեկավարելու, եւ պետք է ընդդիմությանը հնարավորություն տալ իրականացնել իրենց գաղափարները, հակառակ դեպքում, նրա հավաստմամբ` իշխանությունները չեն հաջողի:
Երեկ Ա. Պետրոսյանն ու Հ. Մովսեսը ներկայացրին նաեւ ստեղծված իրավիճակից դուրս գալու իրենց առաջարկները. «Ես կարծում եմ` իշխանությունը պետք է ավելի շատ զիջումների գնա, քան ընդդիմությունը, քանի որ ուժն իրենց ձեռքում է: Ես ասել եմ եւ կրկնում եմ, որ Սերժ Սարգսյանն իր շուրջը պետք է ճաշակով մարդիկ ընտրի, խոսքը մտավոր ճաշակի մասին է»,- ասաց Ա. Պետրոսյանը: Իսկ Հակոբ Մովսեսն ասաց. «Ես քաղաքագետ չեմ, դա միգուցե միայն իմ ցանկությունն է, բայց, կարծում եմ` իշխանությունները պետք է ընդդիմությանը բերեն Ազգային ժողով, ԱԺ-ն պետք է նորից ձեւավորել: Միգուցե անիրական ինչ-որ բան է, բայց, կարծում եմ` սա է լուծումներից մեկը: Իսկ երբ կապ չկա ընդդիմության եւ իշխանության միջեւ, արդեն վտանգավոր է»: Նրանց հավաստմամբ` Սերժ Սարգսյանը կգտնի իր մեջ այնքան ուժ, եւ երկիրը «գողականների, հաստավիզների ձեռքից կվերցնի եւ ընդդիմության հետ միասին երկիրը ոտքի կկանգնեցնի»: