Հայկական երկաթուղին «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ին հավատարմագրային կառավարման տալու հանձնման եւ ընդունման գործընթացը, նաեւ գույքագրման աշխատանքները կավարտվեն մինչեւ այս տարվա մայիսի 15-ը: ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարարության լրատվական ծառայությունից «Արմենպրեսին» տեղեկացրել են, որ ընկերության վերակազմակերպման աշխատանքներն ուղեկցվում են հայկական երկաթուղիների ամբողջ գույքի հաշվառմամբ եւ գույքագրմամբ, վերագրանցվում են ընկերության ավելի քան 4000 աշխատակիցները: Բոլոր աշխատանքների ավարտից հետո` հունիսի 1-ից, երկաթուղին վերջնականապես կհանձնվի հավատարմագրային կառավարման, կիրականացվեն ներդրումային աշխատանքներ` ըստ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների: Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 16-ին կնքված համաձայնագրով «Հայկական երկաթուղիներ» ընկերության հավատարմագրային կառավարումը ստանձնել է «Ռուսական երկաթուղիներ» ՓԲԸ-ն, որը, որպես նախնական կոնցեսիոն վճար, պետք է մուծեր 1 մլրդ 700 մլն դրամ (շուրջ 5.5 մլն դոլար): Հարեւան երկրների հետ սահմանները փակ մնալու դեպքում ընկերությունը պարտավորվել է ներդնել 572 մլն դոլար, որից շուրջ 220 մլն դոլարը` առաջին 5 տարիների ընթացքում: Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կներդրվի 610 մլն դոլար, Ադրբեջանի հետ սահմանի բացման դեպքում` 1.8 մլրդ դոլար, իսկ աբխազական երկաթուղային հաղորդակցության վերականգնման դեպքում, այսինքն` երբ տարածաշրջանում երկաթուղային հաղորդակցությունն ամբողջովին հնարավոր կլինի, կներդրվի 2 մլրդ 200 մլն դոլար: Ծրագրի ընդհանուր տեւողությունը 30 տարի է` 20 տարի ավելացման հնարավորությամբ: Նշենք, որ Հայկական երկաթուղին գործարքից հետո շարունակում է համարվել ՀՀ սեփականությունը, իսկ ռուսական կողմին տրվում է միայն երկաթուղու կառավարման իրավունքը: