Երեւանում է գտնվում Ռուսաստանի Դաշնության մշակույթի եւ կինեմատոգրաֆիայի գործակալության պետ Միխայիլ Շվիդկոյը, ով ՀՀ Մշակույթի նախարարության հետ երեկ Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերին վերաբերող համաձայնագիր ստորագրեց:
Շուտով Հայաստանում կանցնեն «ռուսական մշակույթի սեզոնները», որի ընթացքում ռուսական մշակույթը կներկայանա հիմնականում թատերարվեստի տեսքով: «Պլաստիկ արվեստը հիմա Ռուսաստանում ծաղկում է, եւ այն ներկայացնելն ամենաճիշտ քայլն է»,- ասաց Մ.Շվիդկոյը: Նախատեսվում են Մոսկվայի հայտնի Ֆոմենկոյի թատրոնի երկու բեմադրությունների եւ Չեխովի անվան ԾղԸՁ-«Համլետ» ներկայացման ցուցադրումները, Հայաստան կժամանի նաեւ Արմեն Ջիգարխանյանի թատրոնը: «Արմեն Բորիսովիչը մեր ժողովուրդների համար հատուկ երեւույթ է»,- ասաց Մ.Շվիդկոյը: Իսկ հատուկ երիտասարդների համար կկազմակերպվի ռոք-համերգ: Արդեն իսկ այդ սեզոնների շրջանակներում Երեւան այցելեց դերասան Վենիամին Սմեխովը, իսկ շուտով կգա նաեւ Դմիտրի Խառատյանը:
Մ.Շվիդկոյը նշեց, որ շատ կարեւոր է հայ-ռուսական շփումները հորիզոնական դարձնել, քանի որ մշակույթի ոլորտում մեծ եղբոր վերաբերմունքը չի կարող գործել: «Կարեւոր է, որ այդ շփումների արդյունքում նորմալ մարդկային հարաբերություններ սկսվեն, որպեսզի թանգարանների ու թատրոնների ղեկավարները սկսեն իրար հետ համագործակցել: Մենք հիմնական շեշտը դրել ենք թատերարվեստի վրա ու չենք ուզում Երեւան բերել էժանագին «խալտուրան»: Փորձել ենք ճիշտ կոնցենտրացնել «ռուսական սեզոնների» անցկացման համար նախատեսված գումարը եւ հայ հանդիսատեսին ուզում ենք ցուցադրել որակյալ ու հետաքրքիր ծրագիր»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ որպես կանոն՝ Երեւան հյուրախաղերի են գալիս անտրեպրիզային, այսինքն` խալտուրա անող թատրոնները, իսկ պետությունը կարող է իրեն թույլ տալ ու լուրջ թատրոններ բերել Հայաստան: Մ.Շվիդկոյը համոզմունք հայտնեց, որ հարկ է դադարել միայն ակադեմիական թատրոնները ցուցադրել, այլ` ժամանակն է էքսպերիմենտալ խմբերի աշխատանքը ներկայացնել: «Աշխատելու ենք Մոսկվա հրավիրել ոչ թե Սունդուկյանի, Ստանիսլավսկու անվան թատրոնները, այլ` ավելի ռադիկալ փոքր թատերախմբերի ներկայացումները ցուցադրել»,- ասաց նա: Եվ ավելացրեց, որ իրենք ցանկանում են ռուսական ծրագրերը հիմնականում երիտասարդներին ուղղել: «Շուտով «Էրմիտաժ» թանգարանում բացվելու է «Սուրբ Հայաստան» ցուցահանդեսը, բայց, ես համոզված եմ, որ այդ ցուցահանդեսից բացի՝ հարկավոր է նաեւ ռադիկալ, երիտասարդ ու էքսպերիմենտների ձգտող արվեստ էլ ցուցադրել»,- ասաց նա:
Հայաստանը Մոսկվայում կներկայանա իր կերպարվեստով (կնշվի հայազգի քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանի 90-ամյակը) ու երաժշտությամբ: Սույն տարվա ընթացքում նախատեսվում է ռուս հանդիսատեսին ներկայացնել հայկական ջազը, որի 70-ամյակը կնշվի նաեւ Մոսկվայում: «Հայկական ներկայությունը շատ զգալի է Ռուսաստանում: Գիտակցում ենք դա, թե ոչ, այն գոյություն ունի: Օրինակ, հայկական երաժշտությունն անընդհատ հնչում է Ռուսաստանում, քանի որ մարդիկ լսում են Խաչատրյանի երաժշտությունը, Թարիվերդիեւի ու Բաբաջանյանի երգերը»,- ասաց նա: Ավելի ժամանակակից երաժշտության մասին խոսելիս, Մ. Շվիդկոյն ասաց, որ այժմ երաժշտությունը երկու ծայրահեղ բեւեռներ ունի: Մի կողմից՝ կա շոու-բիզնեսը, իսկ մյուս կողմից` շատ նեղ լսարանին, ընտրյալներին ուղղված երաժշտությունը: «Հարկավոր է ներկայանալ այդ երկու կողմերի սահմանագծային արվեստով, որպեսզի կապ հաստատվի հանդիսատեսի հետ»,- ասաց նա:
Մ.Շվիդկոյը «սեզոնների» անցկացումը շատ արդյունավետ ներկայանալու մոդել է համարում եւ ցանկություն ունի Հայաստանում ցուցադրել ռուսական հեղինակային կինոն: «Շատ լավ գաղափար է նաեւ համատեղ պիեսների ընթերցումը: Շատ հնարավոր է՝ պարզենք, որ միմյանց համար հետաքրքիր պիեսներ ունենք ու պարզապես լավ չենք փնտրում դրանք»,- ասաց նա` նկատելով, որ 5 տարվա ընթացքում նման ընթերցումների միջոցով կարելի է շատ բացահայտումներ անել: Իսկ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ծրագրերից բացի, կարեւորեց նաեւ երիտասարդ կադրերի վերապատրաստումը: Արդեն երկրորդ տարին է, ինչ հայերն ուսման են մեկնում Ռուսաստան: Երիտասարդները շուտով Հայաստան կվերադառնան, ու Հ.Պողոսյանը հույս հայտնեց, որ նրանք կկարողանան թարմ որոշումներ կայացնել:
Մ. Շվիդկոյը Երեւանում հանդիպել է ՀՀ նախագահի հետ: «Սերժ Ազատովիչի հետ մենք խոսում էինք միգրացիոն քաղաքականության ու ազգային փոքրամասնությունների հավասար ներկայանալու մասին: Ռուսաստանում 2 մլն հայ կա, եւ նրանք պետք է ներկայացված լինեն նաեւ իրենց մշակույթով: Դա նրբանկատություն պահանջող թեմա է, որը հաճախ բախման մեջ է մտնում կոպիտ իրականության հետ: Քաղաքացիների հանդուրժողականությունն ու հանգստությունը պետք է ապահովված լինեն»,- ասաց նա ու նշեց նաեւ, որ բոլոր ժամանակներում արվեստի գործիչները պետք է հեռավորության վրա գտնվեն իշխանությունների հանդեպ: