Հայաստանի Տնտեսական մրցակցության կոմիտեն երեկ քննեց «Շ. Պապյան եւ ընկերներ» ՍՊԸ եւ «Անահիտ» գեղեցկության սրահի գործը, որն օգտագործել է այլ ընկերության ապրանքանիշի անվանմանը համահունչ՝ «Մայր Անահիտ» անունը: Պարզվել է, որ կողմերի միջեւ վեճ է տեղի ունեցել, եւ արդյունքում 2008թ. փետրվարի 1-ին Մտավոր սեփականության գործակալությունը գրանցել է «Գեղեցկության սրահ Մայր Անահիտ» ՍՊԸ անվանումով: Դրանից հետո «Մայր Անահիտը» սկսել է իր անվանումն օգտագործել գովազդային տեսահոլովակներում, եւ «Սփյուռ» տեղեկատուի մեջ «Անահիտ» գեղեցկության սրահի ֆիրմային անվանումը եւ լոգոտիպը` միաժամանակ նշելով նոր հասցե եւ հեռախոսահամարներ, այդպիսով վնաս հասցնելով «Շ. Պապյան եւ ընկերներ» ՍՊԸ-ի 10-ամյա բիզնեսին: «Մայր Անահիտ» ընկերության փաստաբան Արփինե Եղիկյանը վստահեցրեց, որ այդ բացթողումը ձեւավորողներինն է, եւ այս պահին նոր ապրանքանիշ է ստեղծվում, որի վրա հստակ գրված է լինելու՝ «Մայր Անահիտ»: Հակամենաշնորհային հանձնաժողովը գովազդը համարեց անբարեխիղճ եւ հասարակությանն ապակողմնորոշող, առաջարկելով «Մայր Անահիտ» ընկերությանը տուգանել 500.000 դրամով: Սակայն, կոմիտեի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ դա բավականին մեծ գումար է սկսնակ բիզնեսի համար, եւ առաջարկեց փոխել պատժի չափը զգուշացումով:
Ընկերությանը հանձնարարվեց 10-օրյա ժամկետում հեռուստատեսությունից հանել բոլոր գովազդային տեսահոլովակները եւ համապատասխան դիմում ուղարկել «Սփյուռ» տեղեկատուին: Ի դեպ, «Անահիտ» ֆիրմային նշանը տարբեր պատճառներով մինչ օրս գրանցված չէ, եւ, օգտվելով այս փաստից, մյուս կողմը դիմել է դատարան՝ պահանջելով դադարեցնել ապրանքանշանի անօրինական օգտագործումը «Շ. Պապյան եւ ընկերներ» կազմակերպության կողմից: Հայցն ընդունվել է վարույթ: