35-ամյա Էդվարդ Միքայելյանի համար 2007 թվականի հոկտեմբերի 27-ը եղավ ընտանեկան տեւական անհաշտության գագաթնակետը: Նա բռունցքների հարվածներով տապալեց կնոջը, ապա ոտքերով խփեց փորին: Տղամարդու ոտքերի տակ գալարվող կինը համատեղ ամուսնական կյանքի ընթացքում չորս երեխա էր ծնել: Ու հիմա հենց այդ փոքրիկների սարսափահար հայացքների ներքո էր տրորվում ամուսնու ոտնահարվածներից:
Նրան ոչ ոք օգնության չհասավ: Ինքն իր ուժերով վեր կացավ, փորը բռնած մի կերպ դուրս սահեց իրենց բակից: Հարեւանները բժիշկ կանչեցին: Կնոջ վիճակը ծանր էր: Հիվանդանոցում նա անմիջապես հայտնվեց վիրահատական սեղանին:
Կույր խանդը
Այո, Էդվարդն ու կինը՝ Նարինեն, չորս երեխա էին մեծացնում: Դա հեշտ չէ անգամ՝ միջին եկամուտ ունեցող ընտանիքում, ուր ամուսինները հաշտ ու խաղաղ եւ ուս ուսի աշխատում ու հոգում են իրենց հոգսերը: Էդվարդի ընտանիքը բարեկեցությամբ աչքի չէր ընկնում: Վեց հոգուց բաղկացած ընտանիքի ամենօրյա սնունդը, երեխաների հագուստ-կապուստը քիչ միջոցներ չէին պահանջում: Էդվարդը մասնավոր աշխատանքներով էր զբաղվում. եկամուտը տարբեր էր լինում, բայց մի բանը մշտական էր. դժվարությամբ էին ծայրը ծայրին հասցնում:
Մշտական էր նաեւ անհաշտությունը: Հիմնական պատճառը խանդն էր: Էդվարդը խանդոտ տղամարդ էր: Ու չնայած կինը՝ չորս երեխաների մայր Նարինեն, խանդելու առիթ չէր տալիս, ժամանակ էլ չէր ունենում արտաընտանեկան ժամանցի համար, միեւնույն է, Էդվարդը համառորեն խանդում ու բորբոքվում էր բոլոր իրավիճակներում:
Անտեղի խանդին հաճախ «կույր» ենք ասում, բայց Էդվարդն իր խանդի հետ միասին «ամենատես» էր դարձել: Երեւակայությունը ինչեր ասես, որ չէր հուշում նրան, ինչ տառապանքի ասես ենթարկում էր: Եվ Էդվարդն ավելի ու ավելի համառությամբ էր պահանջում, որ կինը չաշխատի: Էլ որտե՞ղ կարող էին նրա կնոջն ուրիշ աչքով նայել, էլ որտե՞ղ կարող էր Նարինեն դուրս մնալ ամուսնու հսկողությունից, եթե ոչ՝ աշխատավայրում: Էդվարդի առաջնահերթ պահանջն էր, որ կինը տանը նստի, ամուսնուց ու երեխաներից բացի՝ ուրիշ հետաքրքրություն չունենա:
Ներընտանեկան հակամարտություն
Նարինեն աշխատասեր կին էր, ակտիվ մարդ, երեխաներն էլ արդեն այն տարիքում էին, որ նա կարող էր աշխատել ու իր լուման ներդնել ընտանիքի նյութական վիճակի բարելավման գործում: Կինը դժվար աշխատանքից չէր խորշում: Մայրաքաղաքից հեռու էին ապրում, գավառական քաղաքում, բայց Նարինեն չէր տրտնջում, թե աշխատանք չկա: Միշտ էլ գործ գտնում էր, միշտ էլ պատրաստակամությամբ հաղթահարում դժվարությունները: Իսկ Էդվարդը կեղծ ավանդապաշտի կերպարի մեջ էր մտել ու յուրաքանչյուր անգամ կռիվ էր սարքում, հենց որ կինը աշխատանք էր գտնում:
Ըստ Էդվարդի՝ չորս երեխայի հոգսերն արդեն իսկ մի քանի աշխատանք արժեին: Նա ցանկանում էր, որ երբ ինքն աշխատանքից տուն գա, կինը ժպտադեմ ընդառաջ ելնի ու տաք ճաշ դնի սեղանին: Սա, պետք է ասել, շատ հայ ու ոչ միայն հայ տղամարդկանց բնորոշ ցանկություն է: Սակայն ոմանք հաղթահարում են իրենց եսասիրությունը, կնոջ մեջ տեսնում ոչ միայն հլու եւ հնազանդ կամակատարի, այլ մարդու, որը նույնպես կարող է ցանկություններ ու կարողություններ ունենալ՝ տնային գործերից բացի: Ոմանք էլ մնում են անդրդվելի, ընտանեկան բռնակալի դերի մեջ կապանքված: Եվ իրենց իրավունք են վերապահում բռնանալ յուրաքանչյուր դեպքում, երբ կինն ինքնուրույնության որեւէ դրսեւորում է ունենում, համարձակվում իր խոսքն ասել կամ իր քայլը ձեռնարկել:
Չորս երեխա ունեցող մայրը, ինչպիսին էր Նարինեն, ամուսնու կողմից ավելի մեծ հարգանքի եւ ըմբռնման էր արժանի: Չէ՞ որ նրանց համատեղ հարստությունը՝ երեխաները, ում բարօրության համար երկուսն էլ մտահոգ էին, լայն բացած աչքերով հետեւում էին ծնողների հարաբերություններին: Նրանց յուրաքանչյուր վիճաբանությունն անմիջականորեն ազդում էր երեխաների հոգեկան հանգստության վրա, ոտնահարում՝ բնականոն պայմաններում մեծանալու նրանց իրավունքը:
Թե՛ ամուսինը, թե՛ կինը իրենց դիրքորոշումը պատճառաբանում էին երեխաների համար մտահոգ լինելով: Էդվարդը համոզված էր, որ նյութականից ավելի՝ երեխաներին մոր ներկայությունն է հարկավոր տանը, մոր դաստիարակող, կերակրող ձեռքը՝ ամեն պահի պատրաստ ու մշտապես ներկա: Իսկ Նարինեն կարծում էր, թե լիովին հասցնում է եւ՛ տնային գործերը, եւ՛ աշխատանքային պարտականությունները: Համոզված էր, որ իր աշխատանքով միայն օգուտ է տալիս ընտանիքին, կարողանում միջոցներ տնտեսել՝ երեխաներին ավելի լավ պահելու համար:
Կինը հացի փռում էր աշխատում: Գործը հեշտ չէր, բայց Նարինեն ոչ միայն գումար էր վաստակում, այլեւ օրվա հացն էր տուն բերում, իսկ դա քիչ հավելում չէր նրանց ընտանեկան բյուջեին: Աշխատանքից հետո տուն էր բերում նոր թխած հացը, հացի բույրով լցնում շուրջբոլորը, ու երեխաներին թվում էր ամենահամով մայրիկը: Բայց երբ հայրիկն ու մայրիկը սկսում էին կռվել իրար հետ, երեխաները կուչ էին գալիս մի անկյունում ու հավերժության չափ երկար սպասում, որ նորից անդորր տիրի իրենց տանը:
Երեխաների համար յուրովի մտահոգ ամուսիններն իրենց մշտական անհաշտությամբ բոլորովին էլ չէին նպաստում նույն այդ երեխաների երջանկությանը: Նրանց մանկությունը դարձնում էին անուրախ, վախերով ու ոչ մանկական տառապանքով հագեցած: Մինչդեռ յուրաքանչյուրը կարող էր մյուսին ընդառաջ գնալ, մի կես քայլ զիջել, մի կծու խոսքին քաղցրով պատասխանել ու ջանք թափել, որ հաշտությունն իշխի իրենց օջախում, որ երեխաների դաստիարակումը ոչ միայն մեկի, այլեւ երկուսի պարտականությունը համարվի:
Փոխադարձ հարգանքն էր պակասում նրանց տանը: Փոխադարձ վստահությունն էր ճեղք տվել: Իսկ երեխաները մեծանում ու դաստիարակվում էին նրանով, ինչ տեսնում էին: Վաղը նրանք էլ իրենց ընտանիքներն են ունենալու: Եվ բացառված չէ, որ կրկնեն իրենց ծնողների վարքագիծը, ինչքան էլ որ մանկության տարիներին դրանից միայն ցավ են զգացել:
Նման ներընտանեկան հակամարտություններն այսչափ, երեւի, սուր չեն լինի, եթե պետությունն էլ հարկ եղած ուշադրությունը ցուցաբերի բազմազավակ ընտանիքներին: Նրանց չթողնի իրենց հոգսի հետ միայնակ: Չորս եւ ավելի երեխաներ մեծացնող ընտանիքների թիվն այնքան էլ մեծ չէ: Եվ պետական լուրջ օժանդակության դեպքում, հնարավոր է, որ այդ ընտանիքներում կարիքն այնչափ սրված չլինի, որ հանգեցնի ամենօրյա կռիվների ու լարվածության: Բազմազավակ եւ ոչ բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր երեխան ազգային հարստություն է, ապագա ու հույս, եւ պետք է անել ամեն ինչ՝ այդ ապագան՝ հուսալի, ու հույսը միշտ վառ պահելու համար:
Վերջին կռիվը
Դեպքի օրը՝ 2007 թվականի հոկտեմբերի 27-ին, Էդվարդն առավոտյան աշխատանքի գնաց՝ կնոջ կողմը խեթ հայացքներ ձգելով: Վերջինս արագ-արագ տան գործերն էր անում, որ աշխատանքից չուշանա: Կարելի է ասել, թե Էդվարդը կնոջ աշխատանքին էլ էր խանդում, աշխատավայրում անցկացրած ժամանակը գողացված համարում իրենից ու երեխաներից:
Գործը վերջացնելուն պես՝ ժամը 17-ի սահմաններում, Էդվարդն արդեն տանն էր: Երեխաներից մեկը կախ էր ընկել տան տանիքից ու ճոճվում էր: Այդ վտանգավոր խաղն Էդվարդի համբերության բաժակը լցնող վերջին կաթիլը դարձավ: Երեխաներն ասացին, թե մայրիկը դեռ գործից չի եկել: Էդվարդն ավագ որդուն ուղարկեց Նարինեի հետեւից:
Կես ժամ անց Նարինեն բակ մտավ: Գործից հոգնած, ճանապարհից հեւասպառ կինը վճռական էր տրամադրված: Բավական է՝ իրեն իրավազուրկ համարեն, տան չորս պատի մեջ թաղվելու արժանի: Մի՞թե ինքը վատ բան է անում: Ծանր աշխատանք է կատարում թե՛ փռում, թե՛ տանը: Երեխաներին խնամքից զուրկ չի պահում: Ամուսնուն չի խայտառակում: Մի՞թե արժանի չէ ավելի լավ վերաբերմունքի:
Իսկ Էդվարդը կնոջը սպասելու 30 րոպեների ընթացքում ի՛ր ճիշտն էր հիմնավորում մտքում, ի՛ր տեսակետը համարում ընտանիքի համար կարեւորը: Ինչո՞ւ պիտի երեխաները ինքնագլուխ, առանց հսկողության մնան՝ ինչ է թե մայրիկն իր ասածն է առաջ տանում, ավելի լավ է զգում դրսում, քան՝ տանը: Ինչո՞ւ պիտի ինքն աշխատանքից հոգնած տուն մտնի ու ժամերով սպասի, մինչեւ կողակիցը կբարեհաճի ժամանել:
Ահա այս տրամադրվածությամբ էլ նրանք դեմ առ դեմ ելան: Յուրաքանչյուրն իր տեսակետով էր զինված ու իր տեսակետի համար էր կռիվ տալիս: Սկզբում երկուստեք դառը հանդիմանություններ էին փոխանակում, միմյանց մեղադրում, բայց հետո ամուսինն իր գերազանցությունը ցուցադրեց ուժի դիրքերից. սկսեց հարվածներ տեղալ ձեռքերով, ոտքերով: Եվ գութը լռում էր անգամ այն ժամանակ, երբ կինը տնքալով գալարվում էր ոտքերի տակ:
Երբ կինը հեռացավ բակից, արդեն լիցքաթափված Էդվարդը երեխաներին տուն տարավ, պառկեցրեց քնելու: Գիշերվա ժամը երկուսին ոստիկաններ եկան նրանց տուն: Միայն այդ ժամանակ Էդվարդն իմացավ, որ կինը գտնվում է վիրահատական սեղանին: Կարծում էր՝ հարեւաններից մեկի տանն է օթեւանել կամ բարեկամների մոտ գնացել:
Էդվարդի հարվածներից Նարինեի փայծաղը պատռվել էր: Բժիշկները ստիպված եղան փայծաղը հեռացնել: Նարինեի ստացած վնասվածքը գնահատվեց որպես կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք: Իսկ Էդվարդի արարքը նախաքննական մարմինը որակեց ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելը:
Քավարան
Վայոց ձորի մարզի առաջին ատյանի դատարանը Էդվարդին մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 4 տարի ազատազրկման: Վերջինս բողոքարկեց դատավճիռը:
Քրեական վերաքննիչ դատարանում Էդվարդը զղջաց կատարածի համար, իրեն լիովին մեղավոր ճանաչեց, բայց խնդրեց մեղմացնել պատիժը՝ հաշվի առնելով, որ խնամքին չորս անչափահաս երեխա կա ու արդեն՝ անառողջ կին: Տուժողը՝ Նարինեն, նյութական պահանջ առաջ չէր քաշում, իսկ պատժի հարցի լուծումը թողեց դատարանին: Նա, այնուամենայնիվ, պատժի մեղմացման մասին ոչինչ չասաց: Վիրավորանքը շատ խորն էր, ու վերքերը՝ դեռ չսպիացած: Վերաքննիչ դատարանը հաշվի առավ, որ բազմանդամ ընտանիքի հոգսը, միեւնույն է` Էդվարդի ուսերին է մնալու, որ նա 1992-94 թվականներին մասնակցել էր երկրի սահմանների պաշտպանությանը, որ ընդունում է մեղքը եւ անկեղծորեն զղջում կատարածի համար, որ նախկինում արատավորված չի եղել:
Բոլոր այս հանգամանքների հանրագումարով էլ դատարանը եկավ եզրակացության, որ ամբաստանյալի պատիժը պետք է փոքր-ինչ մեղմացվի: Էդվարդը դատապարտվեց 3 տարի ազատազրկման:
Բայց նա իրեն ավելիին էր դատապարտել, որովհետեւ կատարածի արդյունքում ծանր վնաս էր հասցրել իր երեխաների մոր, իր կողակցի առողջությանը: Հետագա ամբողջ կյանքում նա զգալու է իր արարքի ծանրությունը եւ չմոռացվող արձագանքներն է կարդալու երեխաների հայացքների մեջ: