Մեր զարգացած ու քաղաքակիրթ աշխարհում մեծերի, հետեւաբար եւ՝ փոքրերի վերաբերմունքն իրենց սնվելու նկատմամբ այնքան անփույթ է, որ հաճախ վնասում է օրգանիզմին: Մոլորակի բնակիչները, քայլելով ժամանակին համընթաց, մոռանում են, որ մեր օրգանիզմը «քաղաքակրթված» չէ եւ մնացել է այնպիսին, ինչպիսին էր հազարամյակներ առաջ եւ, ցավոք, այն դժվարանում է հարմարվել կյանքի գործնական ռիթմին:
Վերջին տասնամյակների քաղաքակրթության արդյունքում օրգանիզմի հնարավորության ու կյանքի պահանջի միջեւ զգալի անհամապատասխանություն է նկատվում: Այստեղից էլ ծնվում են «քաղաքակրթության հիվանդությունները»` հիպերտոնիա, սրտի կամ ուղեղի կաթված, օստեոխոնդրոզ, նյարդային հիվանդություններ, ստամոքսի խոց եւ այլն: Մեր օրգանիզմը գերադասում է ամեն ինչի չափի մեջ լինելը, այդ թվում՝ նաեւ սնվելու: Եթե մարդ շատ է ուտում, նրա մոտ զարգանում է ճարպակալում, շաքարային դիաբետ, աղեստամոքսային հիվանդություններ: Քիչ ուտելը եւս կարող է շատ հիվանդությունների պատճառ հանդիսանալ: Ուրեմն` պետք է կարողանալ պահպանել «ոսկե միջինը»:
Այսօր շատ տարածված են գաստրիտ (ստամոքսի լորձաթաղանթի բորբոքում) եւ դուոդենիտ (տասներկումատնյա աղիի լորձաթաղանթի բորբոքում) հիվանդությունները: Գաստրիտի, այսպես ասած, «ծնողները» համարվում են ոչ ճիշտ սնվելը, չորակերությունն ու սնունդն ագահաբար կուլ տալը: Հաճախ ենք լսում, որ շատ ընտանիքներում գաստրիտը հիվանդություն չի համարվում: Բայց նման արկածախնդիրները պետք է հասկանան, որ գաստրիտը, ինչպես նաեւ՝ դուոդենիտը, լուրջ հիվանդություններ են` բավականին լուրջ հետեւանքներով: Այս հիվանդությունները չբուժելու դեպքում կարող են վերածվել ստամոքսի կամ տասներկումատնյա աղիի խոցի: Խոցը շատ վտանգավոր հիվանդություն է: Այն կարող է առաջացնել փսխում, այրոց, որովայնի շրջանում այնպիսի ցավեր, որի արդյունքում հնարավոր է նույնիսկ գիտակցության կորուստ: Խոց ունեցող մարդու մաշկի գույնը դեղնավուն է լինում, իսկ դեմքի արտահայտությունը` շատ տխուր: Ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցը կարող են առաջանալ երիտասարդների, նույնիսկ երեխաների մոտ: Այս հիվանդություններն ունենում են սեզոնային սրացումներ` հատկապես գարնանն ու աշնանը: Բացի այդ, աղեստամոքսային համակարգի խոցերը կարող են առաջացնել վտանգավոր արյունահոսություն: Արյունահոսության արդյունքում ընկնում է արյան ճնշումը (կոլապս), զգացվում է թուլություն, հնարավոր է` գիտակցության կորուստ, իսկ ժամանակին օգնություն չցուցաբերելու դեպքում՝ նույնիսկ կարող է վրա հասնել մահ:
Գաստրիտի, դուոդենիտի զարգացմանը նպաստող գործոնները
1. Չոր ու ցամաք սնունդով սնվելը. երբ ստամոքսը լցվում է չոր սննդով` հաց, երշիկ, պանիր: Նման սնունդը դժվար է խառնվում ստամոքսում, իսկ կտորները դիպչելով ստամոքսի պատերին՝ բավականին գրգռում են այն եւ արագացնում ստամոքսահյութի արտադրությունը: Արդյունքում առաջանում է լորձաթաղանթի բորբոքում:
2. Արագ սնվելը. սնվելու ընթացքում շտապելն անցանկալի երեւույթ է: Վատ ծամված կերակուրը մարսողական օրգանների համար ավելորդ ծանրաբեռնվածություն է ստեղծում: Եվ, բացի բորբոքումից, այն հանգեցնում է նաեւ փորկապության:
3. Շատ մեծ ընդմիջումներով սնվելը. սնվելուց հետո մինչեւ մյուս սնվելն ընկած ժամանակահատվածը երկար լինելու պարագայում ռեֆլեկտոր կերպով սկսում է ստամոքսահյութ արտադրվել, որը կարող է քայքայել ստամոքսի լորձաթաղանթը:
4. Ծամոն ծամելը քաղցը հագեցնելու նպատակով կամ ուտելուց առաջ. այս դեպքում տեղի է ունենում աղեստամոքսային տրակտի խաբկանք: Թուքը, որը մենք կուլ ենք տալիս ծամելու ընթացքում, ընկնելով ստամոքս, խթանում է ստամոքսահյութի առաջացմանը, բայց քանի որ ստամոքսում ուտելիք չի լինում, այն սկսում է քայքայել ստամոքսի պատերը:
5. Ծխեցրած, տապակած, կծու, թթու, սառը կամ տաք մթերքների օգտագործումը
6. Ծխելն ու ալկոհոլի օգտագործումը
7. Թունդ սուրճի օգտագործումը
8. Տեւական ու մեծ չափաբաժիններով դեղերի օգտագործումը. այդ պատճառով էլ նման պրեպարատներն օգտագործում են ուտելուց առաջ կամ հետո:
9. Նյարդային սթրեսները. մեր օրգանիզմի ամենազգայուն հյուսվածքներից մեկը ստամոքսի ու տասներկումատնյա աղիի լորձաթաղանթն է:
Համային հակումներ
Եթե օրգանիզմը սուր համերի պահանջ է զգում, պետք է դիմել բժշկի։
Համային հակումների կտրուկ փոփոխությունը, ինչ-որ մթերքների պահանջ զգալը խոսում է օրգանիզմի տարբեր թերությունների մասին: Ահա, եթե, օրինակ, օրգանիզմը թթվի պահանջ է զգում, դա հաճախ ստամոքսի թթվայնության իջեցման պատճառով է: Քաղցրի պահանջ զգալը խոսում է այն մասին, որ դուք այնքան եք աշխատում, որ ձեր նյարդերը տեղի են տալիս: Գլյուկոզան ակտիվ մասնակցություն ունի ադրենալինի` սթրեսի հորմոնի արտադրությանը: Եվ հետո նյարդային ու մտավոր լարվածության պայմաններում շաքարն օրգանիզմում շատ արագ է իրացվում: Շատ աղի սննդի պահանջ զգում են այն դեպքում, երբ օրգանիզմում ինֆեկցիայի օջախ է հայտնվում: Պրակտիկան ցույց է տալիս, որ այդ խնդիրները հաճախ կապված են լինում միզուղիների հիվանդության հետ` ցիստիտ, պրոստատիտ եւ այլն: Իսկ կծու մթերքի պահանջ զգում են մարդիկ, ում ստամոքսը, այսպես ասած, «ծուլանում» է, որովհետեւ այն դանդաղ է մարսում սնունդը, եւ այս դեպքում անհրաժեշտ են խթանիչներ: Կծու մթերքներն ու համեմունքները հեշտացնում են մարսողությունը: Նաեւ կծվի պահանջը կարող է «վատ» խոլեստերինի շատացման պատճառ լինել:
Ժողովրդի մեջ կարծիք կա, որ օղին օգնում է եւ օգտակար է ստամոքսի խոցի դեպքում: Իսկ ահա գիտությանը հայտնի են միայն փաստեր, որոնց դեպքում օղին կարող է հասցնել ստամոքսի խոցի, այլ ոչ թե կատարել հակառակ` բուժիչ դերը: Բայց միեւնույն է` շատ խոցով տառապողների մոտ շրջում է «օղեթերապիայի» մասին առասպելը: Միշտ պետք է հիշել. որքան ալկոհոլը թունդ է, այնքան ավելի է վնասում լորձաթաղանթը: Որպեսզի խոցի վիճակն էլ ավելի չվատանա, պետք է ամբողջովին հրաժարվել ալկոհոլից:
Թարմ մրգերի ու բանջարեղենի մեծ մասը պարունակում են բիոլոգիական նյութեր, որոնք կարող են գրգռել ստամոքսի լորձաթաղանթը եւ շատացնել ստամոքսահյութի արտադրությունը, ինչը, մարսողության խնդիրների հետ կապված, միշտ չէ, որ օգտակար է: Օրինակ, սերկեւիլը վնաս է ստամոքսի, տասներկումատնյա խոցերի ու էնտերոկոլիտների դեպքում: Անանասը կարող է վնասել լյարդի ու լեղապարկի քրոնիկ հիվանդությունների դեպքում եւ, բացի այդ էլ` այն համարվում է շատ ուժեղ ալերգեն: Խաղողը հակացուցված է շաքարային դիաբետի, ստամոքսի խոցի, ճարպակալման ու կոլիտների դեպքում: Բալը եւս կարող է գաստրիտի սրացման պատճառ դառնալ: Խոցի ու գաստրիտի ժամանակ անոթի վիճակում տանձ չի կարելի ուտել: Չարժե սուր գաստրիտի դեպքում ուտել կաղամբ ու վարունգ:
Վերջերս շատ մոդայիկ է դարձել ստամոքսի բանդաժավորումը կամ ստամոքսի վրա օղ դնելը: Այս վիրահատության նպատակը սննդի քանակի խիստ սահմանափակումն է: Այսինքն` կալորիաների քանակի նվազումը: Օղի տեղադրումը ստամոքսին տալիս է ավազի ժամացույցի ձեւ: Այս դեպքում սննդից արագ հագենում են եւ բավականին արագ տեղի է ունենում քաշի նվազում:
Մի քանի խորհուրդ ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցի դեպքում
– 10 գր. երիցուկի ծաղիկները, 10 գր. տուղտի արմատները, 10 գր. սիզախոտը, 10 գր. քաղցր մատուտակի արմատները խառնել իրար: Ստացված խառնուրդից վերցնել 2 թեյի գդալ եւ լցնել 1 բաժակ եռացրած ջրի մեջ, պատրաստել թուրմ ու խմել երեկոյան, քնելուց առաջ:
Ցավերով ուղեկցվող խոցի դեպքում.
– Վերցնել 100 գր. կատվալեզվի խոտ, 100 գր կանթեղախոտ, 100գր. եզնալեզվի խոտ, 100 գր. սրոհունդի տերեւներ, մանրացնել ու 1 ճաշի գդալ խառնուրդին ավելացնել 1 բաժակ եռացրած ջուր ու 2 ժամ թրմել: Այն պետք է օգտագործել օրը 4 անգամ` ուտելուց առաջ կամ ուտելուց 1,5 ժամ հետո` 1 ճաշի գդալ:
– Երիցուկի թուրմը շատ լավ պրոֆիլակտիկ միջոց է ստամոքսի ու տասներկումատնյա աղիի խոցը բուժելու համար: Այն շատ լավ օգնում է ստամոքսի բարձր թթվայնության դեպքում:
– Չիչխանի ձեթը շատ օգտակար է խոցին: Կարելի է խմել օրական 3 անգամ` 1 թեյի գդալից, 3-4 շաբաթ տեւողությամբ: Առաջին 4-5 օրերի ընթացքում հնարավոր է այրոցի զգացում: Որպեսզի նման զգացումը կանխվի, հարկավոր է չիչխանի ձեթին ավելացնել 1/4 բաժակ 2 տոկոսանոց սոդայի լուծույթ: