Ֆրանսիական առաջատար «Մոնդ» թերթն անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանի` ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին հղած շնորհավորական նամակում Երեւանի հետ երկխոսություն սկսելու վերաբերյալ Թուրքիայի պատրաստակամ լինելու մասին հայտարարությանը: «Անհայտ է, արդյոք այդ առաջարկությունը նորից բովանդակո՞ւմ է Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար Թուրքիայի նախկինում հնչեցրած նախապայմանները եւս, թե՞ ոչ»,- «Թուրքիան նորից ցանկանում է երկխոսություն սկսել Հայաստանի հետ» վերտառությամբ հոդվածում գրել է թերթը` ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին ուղղված երկխոսության կոչը հնչեցրել է Հայոց ցեղասպանության հիշատակման օրվանից` ապրիլի 24-ից երեք օր առաջ: Նշելով, որ Բաբաջանի առաջարկությունը «նոր» չէ, թերթը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ Թուրքիայի վարչապետ Թայիբ Էրդողանն էլ հանդես էր եկել ցեղասպանության պնդումները հետազոտելու համար պատմաբաններից կազմված համատեղ հանձնաժողով կազմելու առաջարկով, ինչը հայկական կողմը մերժել է` հիմնավորելով, որ թուրք-հայկական հարաբերությունները պետք է ստեղծվեն առանց որեւէ նախապայմանի: Թերթն ընդգծել է, որ Թուրքիան Երեւանի հետ երկխոսություն սկսելու առաջարկն արել է ժամանակի ընտրության առումով «հարմար պահի», նկատի ունենալով, որ Հայաստանում նոր նախագահ եւ նոր կառավարություն է ընտրվել, իսկ Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը դեռ շարունակում է մնալ ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում, որին աջակցում են նաեւ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուներ՝ եւ՛ Բարաք Օբաման, եւ՛ Հիլարի Քլինտոնը: