Ուզում է «իրական ուժ» ցուցադրել

28/04/2008

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորությամբ խորհրդարանական պատվիրակության Լեռնային Ղարաբաղ կատարած պաշտոնական այցից «զայրացած» ադրբեջանցի անկախ քաղաքագետ Օքտայ Սադըխովը հայտարարել է, որ «Ադրբեջանը պետք է ցուցադրի Հայաստանին իր իրական ուժը եւ հակաահաբեկչական գործողություն իրագործելու միջոցով ազատագրի մի քանի գրավյալ շրջաններ»: Ադրբեջանական «Էխոյին» տված հարցազրույցում ադրբեջանցի քաղաքագետն ասել է, որ Հայաստանը ցանկանում է «լեգալացնել» իր հարաբերությունները ԼՂՀ-ի հետ, ինչից Ադրբեջանը պետք է որոշակի «հետեւություններ» անի: «Եկել է ժամանակը, որ Ադրբեջանը որոշակի հետեւություններ անի` Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ ռազմական բաղադրյալ ներառնող միջխորհրդարանական հարաբերությունների հաստատման գործընթաց սկսվելու իրողությունից: Բավարար չէ միջազգային մամուլում ուղղակի աղմուկ բարձրացնելը, տարբեր հայտարարություններ անելն ու միջազգային հանդիպումներում դեկլարատիվ փաստաթղթեր ընդունելը: Իրական ուժ ցուցադրելու ժամանակն է: Եթե հայերից հետ բերվեն մի քանի շրջաններ, ապա, հաստատապես, դրանից հետո Հայաստանը կնստի իրական բանակցային գործընթացի սեղանի շուրջ եւ հետագայում այլեւս չի նմանակի այն: Ինչ մնում է Արեւմուտքի անդրադարձին, որ Ադրբեջանը հակաահաբեկչական գործողություն որոշի իրագործել գրավյալ տարածքներում, ապա հաշվի առնելով նման հսկայական նավթային եւ էներգետիկական շաղկապվածությունը, չեմ կարծում, որ Արեւմուտքը կոշտություն ցուցաբերի Ադրբեջանի դեմ: Բոլոր դեպքերում, միջազգային իրավունքն Ադրբեջանի կողմն է»,- հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Սադըխովը: