«Պամեխներ» դիմորդների համար

28/04/2008

Այս տարի միասնական քննություն անցկացնելու համար նախատեսված բոլոր քննասենյակներում տեղադրվելու են հատուկ խլացուցիչ սարքեր, որպեսզի դիմորդները չկարողանան բջջային հեռախոս օգտագործել:

Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է Կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Բացի այդ, նրա տեղեկացմամբ, այս տարի բոլոր քննասենյակներում տեղադրվելու են նաեւ տեսախցիկներ: «Եթե անցած տարի որոշ քննասենյակներում տեսախցիկ չէր տեղադրվել, ապա այս տարի բոլոր քննասենյակներում տեղադրվելու են բավարար չափով տեսախցիկներ»,- նշել է Լ. Մկրտչյանը: Ինչ վերաբերում է միասնական քննության թեստերին, ապա ԿԳ նախարարի խոսքերով, ընդունելության քննության թեստերն արդեն տպագրվում են Մեծ Բրիտանիայում, իսկ ավարտական քննության թեստերը` Հայաստանում: Նրա հավաստմամբ, այս տարի թեստերի բովանդակությունը նույնն է լինելու: Այսինքն` ինչպես նախորդ տարի, այս տարի եւս դիմորդը կարողանալու է հեշտ լուծել առաջին մի քանի առաջադրանքները, ապա վարժությունները գնալով բարդանում են: «Ընտրել ենք թեստերի բովանդակության այդ ձեւաչափը, քանի որ մաթեմատիկա առարկայի մեկ քննությամբ դիմորդները կարող են ընդունվել մաթեմատիկական ուղղվածության ֆակուլտետներ կամ ֆիզիկայի ուղղվածությամբ ֆակուլտետներ: Միջինից ցածր գիտելիք ունեցող երեխան հանգիստ կարող է 8 միավոր վաստակել»,- պարզաբանել է Լ. Մկրտչյանը: Վերջինիս խոսքերով, այս տարի ուշադրությունը պետք է սեւեռվի նաեւ այն առարկաների քննությունների վրա, որոնք միասնական ձեւով չեն անցկացվելու: Դրանք են՝ ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, աշխարհագրությունը, հայ գրականությունը, հայոց պատմությունը եւ օտար լեզուների բանավոր քննությունները: ԿԳ նախարարը գոհացուցիչ է համարել նախորդ տարվա միասնական քննության արդյունքում մրցութային միջին միավորները (14-16 միավոր)` նշելով, որ այն պետք է տարածվի նաեւ մնացած առարկաների վրա:

«Մեկ օրում միեւնույն առարկայից քննություն է հանձնում 12 հազար շրջանավարտ, արդյունքները հրապարակվում են աշխատանքները ստուգվելուց անմիջապես հետո: Այս դեպքում նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չի լինի օգնել կամ բարձրացնել քննություն հանձնողի գնահատականը»,- ասել է Լ. Մկրտչյանը:

Երեկվա ասուլիսում նա անդրադարձել է նաեւ նախադպրոցական կրթական համակարգը զարգացնելու նպատակով ՀՀ ԿԳՆ մշակած երկու փորձնական ծրագրերին, որոնք փորձարկվելու են Սպիտակի եւ Ախուրյանի տարածաշրջաններում, որտեղ նախակրթարաններն առավել քիչ են ներգրավված երեխաներով: Ծրագրերի նպատակն է՝ մշակել եւ ներդնել նոր մոտեցումներ վաղ մանկության զարգացման եւ նախադպրոցական կրթության իրականացման ոլորտում` ավելացնելով աղքատ ընտանիքների 5-6 տարեկան երեխաների ընդգրկվածությունը նախակրթարաններում: Փորձնական ծրագրերում զանազան մոդելներ են առաջարկվում` կառույցի շենքային պայմանների ապահովվածությունից մինչեւ ուսումնական ծրագրերի մշակման եւ իրականացման հարցերը: Դրանցից համայնքները իրենք կընտրեն իրենց համապատասխան մոդելը: Լ.Մկրտչյանը կարեւորել է նաեւ նախադպրոցական հաստատությունների ֆինանսավորման խնդիրը: Նա նշել է, որ դիմելու են ՀՀ կառավարությանը, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինների բյուջետային հատկացումներում հատուկ տողով նշված լինեն կոնկրետ կրթությանն ուղղված գումարների չափերը: «Հստակ նշված լինելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններն արդեն տարվա կտրվածքով պարտադրված աշխատանքներ կտանեն կրթությանն ուղղված գումարները նպատակային ծախսելու համար»,- ավելացրեց նա: