Մնում է կարդան

28/04/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

«Հեղինակ-հրատարակիչ համագործակցությունն այսօր ապահովված է, եւ Հայաստանում պետպատվերով հրատարակվող բոլոր գրքերի հեղինակային իրավունքները պաշտպանված են»,- հայտարարել է ՀՀ Մշակույթի նախարարության Հրատարակչական գործի գործակալության պետ Էդուարդ Միլիտոնյանը երեկ Գրքի եւ հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա ընդգծել է, որ հեղինակային իրավունքը պահպանվում է նաեւ թարգմանությունների դեպքում: Ըստ Է. Միլիտոնյանի, Հայաստանի անկախացումից հետո հեղինակն այլեւս ստիպված է իրեն պաշտպանել. «Խորհրդային տարիներին եւ 90-ականների սկզբին մարդիկ այդքան տեղեկացված չէին իրենց իրավունքներից եւ շատ դեպքերում չէին պաշտպանում այն: Գրում էին, թարգմանում, հրատարակչությունից կանչում, նրանց հոնորարները տալիս էին, ու վերջ»,- բացատրում է Մշակույթի նախարարության պաշտոնյան: Է. Միլիտոնյանը նշել է նաեւ, որ վերջին տարիներին պետպատվերով հրատարակվող գրքերի վերաբերյալ հեղինակային իրավունքների խախտման լուրջ դեպք չի գրանցվել: Այնուամենայնիվ, նրա կարծիքով` այժմ էլ երբեմն վերահրատարակվում են գրքեր, դասագրքերում զետեղում են նյութեր, որոնց մասին հեղինակին նախապես տեղյակ չի պահվում: Խոսելով ընդհանրապես գրքի մասին, Է. Միլիտոնյանը նշել է, որ այն պետք է դառնա հասարակության հիմնական անկյունաքարը: Իսկ դրա համար, նրա կարծիքով, կարեւոր է նաեւ մշակութային հեռուստաալիք ստեղծելը. «Մեր մշակութային ժառանգությունը հսկա շերտեր ունի, եւ կարծում եմ` մեկ հեռուստաալիքը քիչ է այն ներկայացնելու համար»: Անդրադառնալով օրվա խորհրդին` գրողը նշել է, որ հայերն ուշադրություն են դարձնում այն տոներին, որոնք միջազգայնորեն են նշվում: Մինչդեռ, ըստ նրա, հարկավոր է ավելի շատ ուշադրություն դարձնել մեր ազգային տոներին ու պետության մշակութային գործիչներին, որոնք անտեսվում են: Է. Միլիտոնյանն ասել է, որ այս ամսվա ընթացքում հանրապետության բոլոր մարզերում ու մայրաքաղաքում նշվելու է մանկական գրքի ու գրադարանային շաբաթ, որի ընթացքում, ըստ գրողի, բազմաթիվ հետաքրքիր հանդիպումներ կլինեն: Դրանից բացի, ԱՊՀ-ում այս տարին հայտարարված է գրականության ու ընթերցանության` գրքի տարի, իսկ դրա շրջանակներում Հայաստանն արդեն մասնակցել է Մինսկում կայացած գրքի միջազգային ցուցահանդեսին: Մայիսի 1-11-ն էլ Թեհրանում Հրատարակչական գործի գործակալությունը կմասնակցի գրքի միջազգային ցուցահանդեսի, որտեղ կներկայացվեն վերջին տարիներին հրատարակված 100-ից ավելի գրքեր: Շուտով կամփոփվի նաեւ Հայաստանում առաջին անգամ մեկնարկած ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցանակաբաշխությունը: Իսկ աշնանը տեղի կունենա ԱՊՀ եւ Բալթյան երկրների «հախուռն հատկանիշների ֆորում»: