ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը ժառանգել է «վստահության ճգնաժամ»: Նման կարծիք է հայտնել ամերիկահայ հայտնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը, ով օրերս հանդես է եկել ՀՀ ներքաղաքական զարգացումներին վերաբերող հոդվածով: Նա գտնում է, որ այսօր Ս. Սարգսյանի գլխավոր մարտահրավերը կապված է ոչ թե ընդդիմության, այլ Ռոբերտ Քոչարյանի հետ, որը դեռեւս կարողանում է ազդել Ս. Սարգսյանի վրա՝ նախարարներ նշանակելու հարցում։ «Մյուս կողմից, սակայն, նոր նախագահի վրա այդ ազդեցությունը սահմանափակ է եւ անցողիկ։ Հաշվի առնելով, որ Քոչարյանն այսօր իրական իշխանական լծակներ եւ պաշտոն չունի, կարելի է ենթադրել, որ նրան հավատարիմ մարդիկ վաղ թե ուշ կձգտեն դեպի Ս. Սարգսյանը։ Սակայն այս պահի դրությամբ, այս երկու անձինք բնական մրցակիցներ են»,- ասել է վերլուծաբանը։
Պառակտիչ եւ բռնություններով զուգորդված հետընտրական ճգնաժամից հետո Հայաստանի նախագահը մտահոգված է նախարարների այնպիսի կաբինետի ձեւավորման հարցով, որն ի վիճակի կլինի թուլացնել լարվածությունը եւ վերացնել հասարակության բեւեռացվածությունը։
Իշխանության նախապես ծրագրված եւ կանխորոշված փոխանցումը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանից՝ իր նախագահության օրոք վարչապետ աշխատող Սերժ Սարգսյանին, ստացվեց ավելի դժվար եւ խնդրահարույց գործընթաց, քան սպասվում էր։ Սակայն Հայաստանի նոր նախագահի համար ամենագլխավոր մարտահրավերը բխում էր ոչ թե նախընտրական քարոզարշավից կամ բուն ընտրություններից, այլ «վստահության ճգնաժամից», որն ի հայտ եկավ հատկապես հետընտրական ճգնաժամին կառավարության արձագանքի ժամանակ։ Ճգնաժամը սկսվեց ընդդիմությանն աջակցողների մի շարք բողոքի ցույցերով, որոնք ավարտվեցին մարտի 1-ին տեղի ունեցած բախումներով՝ ցուցարարների եւ Ոստիկանության միջեւ։ 8 ցուցարարների եւ 2 ոստիկանների կյանք խլած բռնություններին ի պատասխան, Ռ. Քոչարյանը մտցրեց 20-օրյա արտակարգ դրություն, որն արգելում էր զանգվածային միջոցառումները եւ սահմանափակում ԶԼՄ-ների գործունեությունը։ Արտակարգ դրության վերջին պարզ դարձավ, որ ճգնաժամը շատ հեռու է ավարտված լինելուց, եւ ընդդիմությանը ճնշելու փորձերը միայն ավելի են սրում լարվածությունը եւ մեծացնում դժգոհությունը։ Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը մթագնվեց վստահության ճգնաժամով։ Այս մասին է վկայում նաեւ երդմնակալության արարողությունից հետո Երեւանում զորահանդես անցկացնելու որոշումը՝ մի քայլ, որն ավելի շատ պաշտպանական եւ ահաբեկման նպատակ ուներ, քան տոնակատարության։
Որպես պաշտպանության նախարար եւ վարչապետ՝ իր պաշտոնավարման ընթացքում եւ անգամ դրանից առաջ, Սերժ Սարգսյանին միշտ ճանաչել են որպես շախմատի սիրահար։ Շախմատի նկատմամբ կիրքն էլ հենց կարող է բացատրել նրա ձգտումը մարտավարության եւ ռազմավարության նկատմամբ։ Այժմ նա կիրառում է նույն մարտավարությունն ու ռազմավարությունը` նոր քաղաքական խաղատախտակի վրա։
Սարգսյանն այժմ ձգտում է կոնսոլիդացնել եւ կայունացնել իր ուժային հիմքերը։ Այս ճանապարհի առաջին քայլը հենց նոր կաբինետի ձեւավորումն է։ Սակայն անգամ այս քայլը մարտահրավերներ եւ դժվարություններ է պարունակում՝ խորը եւ ակնհայտ հասարակական անվստահության պատճառով։ Դրանով է բացատրվում նաեւ, որ Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակեց Կենտրոնական բանկի նախագահ, անկուսակցական Տիգրան Սարգսյանին։ Տեխնոկրատ վարչապետի ընտրությունը նպատակ ուներ բարելավել հասարակության վստահությունը. սա մարտավարական քայլ էր` դեպի ավելի չեզոք քաղաքականություն։ Նույն կերպ, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ Սեյրանի Օհանյանի նշանակումը Պաշտպանության նախարարի պաշտոնում շատ լավ կշռադատված քայլ էր. ընդհանուր առմամբ՝ Ս. Օհանյանի կերպարը հարգանք է վայելում եւ դիտարկվում է նեղ կուսակցական շահերից դուրս մակարդակում։
Սակայն այս առաջին երկու նշանակումների բերած քաղաքական օգուտները, կարելի է ասել, մի տեսակ շռայլվեցին երրորդ նշանակմամբ, որը շատ հարցեր է առաջացնում։ Թեեւ երկար ժամանակ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Վարդան Օսկանյանի պաշտոնաթողությունը վաղուց էր սպասվում, նրա փոխարինումը Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդուարդ Նալբանդյանով բավական զարմանալի էր։ Նալբանդյանը համարվում է «պրոֆեսիոնալ դիվանագետ», սակայն այս նշանակման համար պարտական է ոչ այնքան իր նշանակալից դիվանագիտական փորձին կամ ձեռքբերումներին, որքան Ռուսաստանի քաղաքական էլիտայի հետ ունեցած իր կապերին, այդ թվում եւ՝ անձնական (խոսակցություններ կան, որ նա ՌԴ քաղաքացի է)։ Սփյուռքահայ Վարդան Օսկանյանին ավելի ռուսակենտրոն Նալբանդյանով փոխարինելու կարեւորությունը բխում է այն հանգամանքից, որ Ս. Սարգսյանին այժմ անհրաժեշտ է ամրապնդել Մոսկվայում Հայաստանի հովանավորների վստահությունը, եւ, հավանաբար, հավասարակշռել այն ջանքերը, որը Սարգսյանը գործադրել է վերջին 18 ամիսների ընթացքում՝ իր իմիջն Արեւմուտքում բարելավելու համար։
Ներկա փուլում, սակայն, Ս. Սարգսյանի համար իրական մարտահրավերը գալիս է ոչ թե ընդդիմությունից, այլ Ռ. Քոչարյանից։ Քաջալերվելով խորհրդարանի վրա դեռ ունեցած իր ազդեցությամբ եւ նոր ձեւավորված քառակողմ կոալիցիայի խոցելիությամբ, Քոչարյանը, թվում է, մտադրություն ունի Սերժ Սարգսյանի վրա ազդել նաեւ մյուս նախարարների նշանակման հարցում։
Քոչարյանը, հատկապես, ձգտում է պաշտպանել եւ առաջ քաշել իր ամենանվիրված եւ վստահելի մարդկանց։ Նա ցանկանում է, որ տարածքային կառավարման նախկին նախարար եւ նախկին փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակի քաղաքական կարիերան, մասնավորապես՝ որպես Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանը ցանկանում է պաշտպանել նաեւ իր նախկին աշխատակազմի ղեկավարին՝ երիտասարդ Արմեն Գեւորգյանին՝ Սարգսյանին ստիպելով նրան նշանակել փոխվարչապետ։ Քոչարյանի պլանները կարող են հաջողությամբ պսակվել` հիմնականում շնորհիվ այն հանգամանքների, որ ճգնաժամի արդյունքում Սարգսյանի դիրքերը թույլ են, եւ որ Քոչարյանն ինքն ազդեցություն է պահպանում խորհրդարանի պատգամավորների վրա` ներառյալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, ՀՅԴ-ի եւ անգամ ամենամեծ` ՀՀԿ մեծ թվով պատգամավորների վրա։ Թեեւ 2007թ. մարտից` նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվանից հետո ՀՀԿ նախագահը պաշտոնապես Սերժ Սարգսյանն է, կուսակցությունը 100 տոկոսով նրան հավատարիմ չէ։
Քոչարյանից եկող այս մարտահրավերն այժմ կենսունակ է, եւ կարող է ազդել Սարգսյանի հնարավորության վրա` սեփական հայեցողությամբ նախարարներ նշանակելու հարցում, մյուս կողմից, սակայն, նոր նախագահի վրա այդ ազդեցությունը սահմանափակ է եւ անցողիկ։ Հաշվի առնելով, որ Քոչարյանն այսօր իրական իշխանական լծակներ եւ պաշտոն, որպես այդպիսին, չունի, կարելի է ենթադրել, որ նրան հավատարիմ մարդիկ վաղ թե ուշ կձգտեն դեպի Սերժ Սարգսյանը։ Սակայն, այս պահի դրությամբ, այս երկու անձինք բնական մրցակիցներ են։
Ռիչարդ ԳԻՐԱԳՈՍՅԱՆ