Մարտի 21-ից` արտակարգ դրության ավարտից հետո բազմաթիվ կազմակերպություններ հանրահավաք անցկացնելու հայտեր էին ներկայացնում Երեւանի քաղաքապետարան, սակայն վերջինս մերժում էր բոլոր հայտերը:
Եվ միայն ապրիլի 19-ին Երեւանի քաղաքապետարանն «արտոնել» էր «Կանայք՝ հանուն խաղաղության» հ/կ-ին հանրահավաք անցկացնել Մանկական զբոսայգում (Կոմայգում): Այսպիսով, մարտի 1-ի արյունոտ դեպքերից հետո Երեւանում տեղի ունեցավ առաջին հանրահավաքը, որին մասնակցում էին նաեւ ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի` ազատության մեջ գտնվող առաջնորդները:
Եվ քանի որ միջոցառման նախաձեռնողները կանայք էին, ընդդիմության առաջնորդների մեծ մասն էլ բանտարկված են, ելույթ ունեցան հիմնականում կանայք: Զբոսայգու հրապարակն անհամեմատ փոքր է Ազատության հրապարակից: Հավաքվածները խոսում էին, որ իշխանությունները միտումնավոր են «արտոնել» հանրահավաքն անցկացնել հենց այդ տարածքում, որպեսզի նախ՝ շատ մարդ չմասնակցի, մասնակցելու դեպքում էլ` նրանց մեծաթիվ լինելը չնկատվի: Բացի այդ, հարթակը ցածր էր, իսկ հրապարակն`անհարթ, եւ հավաքվածների որոշ մասը չէր կարողանում տեսնել ելույթ ունեցողներին: Հանրահավաքը վարում էր «Նոր Ժամանակների» փոխնախագահ Հրաչյա Սարգսյանը: Ելույթ ունեցան քաղբանտարկյալների կանայք, մարտի 1-ի գիշերը ոստիկանների կողմից ծեծի ենթարկված Գրիզելդա Ղազարյանը` ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանի կինը, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Ներկա էին, սակայն ելույթ չունեցան ՀԺԿ եւ «Հանրապետություն» կուսակցությունների նախագահներ Ստեփան Դեմիրճյանը եւ Արամ Սարգսյանը: Հրազդանից եկել էր նաեւ հացադուլ հայտարարած ազատամարտիկ Արշավիր Բոզինյանը: Հավաքվածները սպասում էին, որ հանրահավաքին կմասնակցի նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ անընդհատ վանկարկում էին` «Լեւոն, Լեւոն»: Նա, սակայն, չեկավ, փոխարենը` եկել էր նրա կինը` Լյուդմիլա Տեր-Պետրոսյանը: Ելույթ ունեցավ նաեւ Սուրեն Սուրենյանցը, ով ընդամենը նախօրեին էր քաղաքից չբացակայելու մասին ստորագրությամբ ազատ արձակվել կալանավայրից: Նա կալանավորված բոլոր ընդդիմադիր գործիչների անունից հայտարարեց, որ իրենց պայքարն անկասելի է, հաղթանակը` անխուսափելի: Ըստ նրա, համաժողովրդական շարժման ամենամեծ ձեռքբերումը քաղաքացիական հասարակության ձեւավորումն է: «Բոլորը պետք է հասկանան, որ քաղաքացիական հասարակությունն անպարտելի է: Որեւէ պաշտոնյա, զոռբայություն անզոր է դրա դեմ: Ընդդիմությունն այսօր լի է վճռականությամբ: «Նուբարաշենի», «Վարդաշենի», «Երեւան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկները դարձան այն դարբնոցները, որտեղ ձեւավորվեցին իրական քաղաքական գործիչներ: Ես ուզում եմ, որ մենք բոլորս միասին պահանջենք մեր ընկերների ազատումը»,- ասաց Ս.Սուրենյանցը: Ելույթներն ընդմիջվում էին «ազատություն», «ազատ, անկախ Հայաստան», «Լեւոն, նախագահ», «Սերժիկ, հեռացիր» եւ այլ կոչերով: Իսկ Լ. Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետ, նախկին ԱԳ նախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, պատմեց, թե ինչպես է սկսվում եւ ավարտվում քաղբանտարկյալի կնոջ օրը: «Դժվար է ասել, թե ո՞վ է քաղբանտարկյալի կինը, քաղբանտարկյալի մայրը, դուստրը, քույրը: Այդ կինը զարթնում է, հաց է սարքում, նամակ է գրում, հետո երեխեքին զարթնացնում, կերակրում, տանում է դպրոց: Գնում է աշխատանքի, որտեղ մի փոքր միտինգ է անցկացնում, աշխատանքից փախնում, գնում է ակցիա, ակցիայից հետո նորից գնում է աշխատանքի: Տեսակցության օրը գնում է բանտ, 7 ժամ սպասում է, մինչեւ իր մարդու հետ 1 ժամ զրուցի: Դրանից հետո նորից վազում է ակցիային մասնակցելու: Սա է մեր կյանքը: Հա, իրիկունն էլ գնում է Հյուսիսային պողոտա: Մեր տղամարդիկ չկան մեր կողքին, բայց Ոստիկանությունը շատ ուշադիր է»,- պատմում էր Մ. Բրաունը: «Իշխանությունները պետք է հասկանան, որ մարտի 1-ով իրենք ոչ թե ժողովրդին վախեցրին, այլ վերջնականապես ժողովրդի միջից հանեցին վախը»,- ասաց «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Վ.Հակոբյանը: Գ. Ղազարյանն էլ պատմեց, թե մարտի 1-ի գիշերն ինչպես են 4-5 ոստիկաններ ծեծել իրեն ու դստերը: «Ես 8 կար ստացա գլխիս: Գլխիս ցավը մեղմել է, աղջկաս ցավերն անցել են, սակայն հոգուս ցավը չի անցնում: Ախպեր տղերքով հավաքվեցին, երկիրը մեջ-մեջ արին, ու հիմա մենք չկանք, մեր տեսակը նրանց պետք չէ»: Գ.Ղազարյանն անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետի ու կադրային այլ նշանակումներին եւ ասաց, թե գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում: Իսկ վարչապետի` նախարարների սովորելու մասին հայտարարության առնչությամբ Գ. Ղազարյանն ասաց. «Լենինն էլ էր ասում` սովորել, սովորել: Պետք է սովորածներին պաշտոն տալ, եւ ոչ թե պաշտոնի բերել, նոր պահանջել սովորել: Մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ ժամանակ չունենք ԱԺ-ում եւ կառավարությունում տարրական դասարաններ բացելու համար»: Թեեւ հանրահավաքն անցավ առանց միջադեպերի, ծեծի ու ձերբակալությունների, սակայն ամեն ինչ այնքան էլ հարթ չէր: Շուրջ 30 րոպեով զբոսայգին հոսանքազրկվեց, եւ կազմակերպիչները ստիպված եղան միացնել իրենց հետ բերած գեներատորը: Սակայն, մինչեւ այդ, բավական ժամանակ անցավ` հանրահավաքին հատկացված 2 ժամից: Ժամը 17-ին Կենտրոն համայնքի փոխոստիկանապետ Տարոն Բաղդասարյանը, Շենգավիթի ոստիկանապետ Լեւոն Յազիչյանի ուղեկցությամբ եկավ, հայտարարեց, թե հանրահավաքին հատկացված ժամկետն ավարտվել է, եւ պահանջեց դադարեցնել այն: Կազմակերպիչները բացատրեցին, որ հոսանք չունենալու պատճառով իրենք կես ժամով ընդհատել են միջոցառումը, սակայն ոստիկաններն անդրդվելի էին: Հանրահավաքի մասնակիցները վրդովվեցին եւ որոշեցին իրենց կորցրած ժամանակն անցկացնել Հյուսիսային պողոտայում: Եվ մի քանի հազար մասնակիցներ բարձրացան դեպի Հյուսիսային պողոտա, որտեղ մարդկանց նորից դիմավորեցին բազմաթիվ ոստիկաններ: Շրջափակված էր նաեւ Ազատության հրապարակը: Այդտեղ էին նաեւ փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, Արաբկիրի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ բարձրաստիճան այլ ոստիկաններ: Մոտ 30 րոպե հետո Տ.Բաղդասարյանը մոտեցավ հանրահավաքը կազմակերպող «Կանայք` հանուն խաղաղության» հ/կ նախագահ Գայանե Մարտիրոսյանին եւ ասաց, թե հանրահավաքն արտոնված է եղել միայն 2 ժամով, Մանկական այգու մերձակայքում: Եվ եթե մարդիկ չցրվեն, ապա ուժ կկիրառվի: Կազմակերպիչները նոր միջադեպերից խուսափելու համար քաղաքացիներին խնդրեցին ցրվել: