«Երեւանի կենտրոնական փողոցները բեռնաթափելու համար կառուցվում են քաղաքի հարավը հյուսիսին կապող եւ կենտրոնը շրջանցող տրանսպորտային հանգույցներ»,- երեկ տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է «Երեւաննախագիծ» ինստիտուտի տնօրեն Գուրգեն Մուշեղյանը` հավելելով, թե Երեւանի կենտրոնի փողոցների երթեւեկությունը նախատեսված է եղել ոչ թե 1 մլն բնակչության համար, այլ` 100.000 բնակչի: Ըստ նրա` հենց դա է պատճառը, որ այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում հաճախ խցանումներ են առաջանում: Գ. Մուշեղյանի հավաստմամբ` խցանումները վերացնելու եւ արտանետումները քչացնելու համար, այժմ քաղաքում կառուցվում են տրանսպորտային ստորգետնյա անցումներ, էստակադաներ: Հիշեցնենք, որ տրանսպորտային հանգույցները հիմնականում կառուցվում են` Ագաթանգեղոս-Խանջյան-Տիգրան Մեծ, Սայաթ-Նովա-Խանջյան, Ալեք Մանուկյան-Նոր Մայրուղի, Չարենց-Կորյուն, Աբովյան-Հերացի-Արմենակյան, Նոր Մայրուղի-Խորենացի փողոցներում: Գ. Մուշեղյանը հավաստիացրել է, որ այս տրանսպորտային հանգույցների շինարարությունը կավարտվի սեպտեմբերին: Նրա խոսքով, այս հանգույցների կառուցման դեպքում ավտոմեքենաները քաղաքի հարավից դեպի հյուսիս գնալիս ավելի քիչ վառելիք կծախսեն, ինչպես նաեւ 5 անգամ կքչանան տրանսպորտային արտանետումները: