Խրատներ ՀՀ ղեկավարությանը

23/04/2008

«Հայաստանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ Հարավային Կովկասում կա երեք պետություն, եւ չորրորդն այստեղ տեղ չունի»,- երեկ հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Խազար Իբրահիմը: Մեկնաբանելով ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի` անցած շաբաթավերջին Ստեփանակերտ կատարած այցը, Խ. Իբրահիմը ափսոսանք է հայտնել, որ «ՀՀ կառավարությունը, այդ թվում եւ՝ ԱԳ նոր ղեկավարը, չեն հեռացել հին կարծրատիպերից եւ կրկնում են հին սխալները»: Ըստ նրա` ԼՂ-ի կարգավիճակը պետք է որոշվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: «ՀՀ ԱԳՆ ղեկավարը հայտարարությամբ է հանդես եկել Ադրբեջանի ռազմական ծախսերի մասին: Սակայն Ադրբեջանը ոչ ոքի չի խնդրել միջամտել իր ներքին գործերին: ՀՀ ղեկավարությունն ավելի լավ կաներ, եթե զբաղվեր իր գործերով, իսկ ամենակարեւորը` դուրս բերեր իր օկուպացիոն զորքերը Ադրբեջանի տարածքներից: Հակառակ դեպքում, կարող են սպառվել հակամարտության կարգավորման դիվանագիտական ուղիները»,- հայտարարել է Իբրահիմը: Նա ասել է նաեւ, թե երկու երկրներում 1 շնչի հաշվով համախառն ներքին արդյունքի համեմատ ռազմական ծախսերի վերլուծության դեպքում կպարզվի, որ Հայաստանն ավելի ռազմականացված է: