«Արտախորհրդարանական ընդդիմությունը պետք է ընդունի ընտրությունների արդյունքները, ՍԴ որոշումը եւ, եթե ունի անհամաձայնություն, ապա դիմի համապատասխան եվրոպական դատական ատյաններ»,- երեկ կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը, որի կարծիքով՝ խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմության հետ երկխոսությունը պետք է տեղի ունենա հենց այս հիմքի վրա: Ինչ վերաբերում է մարտի 1-ի դեպքերի անաչառ հետաքննությանը, ապա նա ասել է. «Հրապարակային դատ է լինելու, որին մասնակցելու են նաեւ լրագրողներ, մասնակցելու է հասարակությունը: Ինչպե՞ս կարող է՝ առանց այդ հարցերին պատասխան տալու ընդունվի վճիռ: Ես կարծում եմ, որ քննող մարմինը կրակելու հրաման տվողների խնդիրն էլ կպարզի»: Հարցին`իր կարծիքով՝ իշխանությունները չգիտե՞ն, թե ով է տվել ցուցարարների վրա կրակելու հրամանը, նա պատասխանել է. «Ես չեմ ուզում այդ հարցի պատասխանը տալ, ես չգիտեմ: Ես հույս ունեմ, որ այդ անկախ հետաքննություն ասվածը կներառի նաեւ այդ հանգամանքները, եւ դուք այդ հարցի բացատրությունները կստանաք»: Նա նաեւ ասել է, թե ինքը կասկած չունի, որ անմեղ մարդիկ չեն հայտնվի բանտերում, քանի որ դա թույլ չի տա մեր հասարակությունը: Նշենք, որ հասարակությունն այսօր էլ դա թույլ չի տալիս, սակայն դա չի խանգարում, որ անմեղ մարդիկ շարունակեն մնալ բանտերում: