Պրոզաիկ ախալցխայի լիրիկան

13/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Գաղթը դեպի Ռուսաստան ու Եվրոպա, վերջին տարիներին` հատկապես դեպի
Իսպանիա, խեղճացրել է Ախալցխային, որն, ի տարբերություն Ախալքալաքի, սովոր
չէր աղքատության ու պանդխտության նման ծավալների: 1993 թվականի դրությամբ
Ախալցխայում հայերը կազմում էին բնակչության 62,8 %-ը, այժմ` մոտ 45%-ը:
Տեղի բնակչությունն, անկախ ազգությունից, դժգոհ է ներկայիս
իշխանավորներից: Ախալցխայում բնակվող վրացիները բողոքում են
գործազրկությունից ու պաշտոնյաների արհամարհական վերաբերմունքից, հայերը
պահանջում են հայազգի ներկայացուցչի տեղեր հատկացնել տեղական
ինքնակառավարման մարմիններում, իսկ Միջին Ասիայից, Ադրբեջանից ու
Ռուսաստանից գաղթող մուսուլման մեսխեթցիները պայքարում են Վրաստանի
քաղաքացի ճանաչվելու համար: Շշուկներ կան, որ այս տարվա աշնանը
Ախալցխայում տեղի կունենան ՏԻՄ արտահերթ ընտրություններ: Քաղաքի փողոցների
ու Ախալցխա-Ախալքալաք մայրուղու սրտխառնոց առաջացնող սարսափելի
ճանապարհները խոստացել են վերանորոգել: «Միլենիում» ծրագրով այս տարի
նախատեսվում է հարթել Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Ախալքալաք-Ախալցխա-Բորջոմի
մայրուղին, որը գինը կկազմի Վրաստանի բյուջեի 30%-ը:

Հայկական հուշարձանները վտանգի տա՞կ են

Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում գործում է 104 հայկական դպրոց: Ախալցխայի
միակ հայկական՝ Հ. Թումանյանի անվան դպրոցն ունի 550 աշակերտ: Դպրոցի
տնօրեն տիկին Մաթեւոսյանի խոսքերով, հայկական դպրոցների նկատմամբ
ոտնձգություններն այնքանով են իրական, որքանով վերջերս ընդունված
Կրթության մասին օրենքը: Ըստ օրենքի, հայկական դպրոցներում վրացերեն են
դասավանդվելու վրաց պատմություն եւ աշխարհագրություն առարկաները: Սակայն
մեր տեղեկություններով, հնարավոր է, որ, Ախալքալաքի օրինակով, Ախալցխայի
շրջանի 16 դպրոցներում օպտիմալացման գործընթացներ սկսվեն: Ախալցխայի
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Շմավոն Սաղոյանը գտնում է, որ
հայկական դպրոցներն ու հուշարձաններն անձեռնմխելի պահելու միակ տարբերակը
դրանք եկեղեցուն հանձնելն է: Տեր Շմավոնը նպատակադրվել է նաեւ վերականգնել
անմխիթար վիճակում գտնվող հայկական գերեզմանատունը: Սակայն այսօր եկեղեցին
ոչ մի կողմից չի ֆինանսավորվում: «Հանգանակություն եմ անում տոների
կապակցությամբ խեղճերին օգնելու համար` չնչին գումար է կազմում՝ 300 լարի
(մոտ 150 դոլար), որը պետք է բաժանվի 42 հոգու միջեւ,- ասում է Տեր
Շմավոնը՝ հանգանակությունների գրքույկը թերթելով: -Էս գերեզմանատան համար
գոնե Հայաստանից տուֆը տան, պարիսպը շարենք՝ դա էլ չեն անում: Հայաստանը
լրիվ անուշադիր է մեր նկատմամբ: Հայաստանը միայն Ջավախքն է ճանաչում»:

Միստիկան՝ հայկական ձեւով

Ախալցխայի երեք հայկական եկեղեցիներից այսօր միայն մեկն է գործում` Սուրբ
Գրիգոր Լուսավորիչը: Չնայած համատարած գործազրկությանը եւ մարդկանց
արտահոսքին, նույնիսկ ձմռան ամիսներին գրանցվում է 7-8 ամուսնություն, իսկ
ծննդատներում հայ կանայք ավելի հաճախ են հայտնվում, քան վրացուհիները:
Խորհրդային տարիներին Ախալցխայի եկեղեցիներից մեկը` Ամենափրկիչը դարձրել
էին սպայի տուն, իսկ մյուսը՝ Սուրբ Նշանը` աղի պահեստ: Վերականգնել
Ամենափրկչի նախկին կարգավիճակը չհաջողվեց, սակայն Սուրբ Նշանի
վերականգնման ուղղությամբ հայ եւ վրաց կաթողիկոսներն այժմ
բանակցություններ են վարում: Ի դեպ, այս եկեղեցին եւ Մարտա թաղամասը,
որտեղ այն գտնվում է, ժողովրդի մեջ հայտնի է որպես միստիկական վայր:
Լեգենդներ են շրջում, թե աթեիզմի տարիներին չինովնիկներից մեկը հանել է
տվել եկեղեցու գմբեթը, ինչի համար շուտով պատժվել է` վախճանվելով դժբախտ
պատահարից:

Մարտա թաղամասի բլուրներից մեկի վրա է գտնվում նաեւ հայոց Մեծ եղեռնի
զոհերի հիշատակին տեղադրված խաչքարը: Սարն ուխտավայր դարձնելու մտքի
հեղինակն էր Հայկական ազգային հասարակական միության նախագահ Լյուդվիգ
Պետրոսյանը, որն այդ նպատակով ընտրել էր Ախալցխայի ամենաբարձր կետերից
մեկը: Թե ինչու հատկապես այդ սարն ընտրվեց, Լյուդվիգն այսպես բացատրեց.
«Մեր մեծերը այդտեղ ֆուտբոլ էին խաղում, դա Մարտա թաղամասի ստադիոնն էր:
Հետո էդ սարը կոչվում է Վարսամենց սար՝ մորս քեռու անունով, որը այդ սարի
վրա առաջին տուն ունեցողն էր: Վարսամենց հետնորդները մենք ենք, ասեցի`
ո՞նց անենք, էս սարը վրացիներին չտանք: Երկար տարիներ մտածում էի դրա
մասին, վերջը իրականացրի: Հիմա էդ քարը էդտեղից չի ելնի, եթե հանեն,
չգիտեմ ինչեր կբացվի»,- ասում է Լյուդվիգ Պետրոսյանը, հիշելով անցած տարվա
իրադարձությունները` խաչքարի տեղադրման հետ կապված:

Անցած տարի ապրիլի 22-ին պատշաճ թույլտվությամբ խաչքարը տեղադրվել էր,
սակայն արդեն մեկ օր անց ոստիկանության աշխատակիցները կազմակերպեցին
խաչքարի ապամոնտաժումը: Երկար պատմություններից՝ մի քանի հոգու
ձերբակալումից եւ նախագահական ատյանին գործը հասցնելուց հետո, ապրիլի
24-ին խաչքարը նորից տեղադրվեց: «Մինչեւ հիմա էլ նստած են հեռախոսիս,
իրանց համար առաջին թշնամին եմ,- ասում է Լյուդվիգը։ -Ես իրենց մեղադրել
եմ էթնոցենտրիզմի մեջ: Բայց իրենք ինձ ոչ ռադիկալիզմի մեջ կարող են
մեղադրել, ոչ նացիոնալիզմի: Մամլո ասուլիս հրավիրեցի, որտեղ հայտարարեցի,
որ մենք ազգային հարց չունենք: Մեր հարցը տեղական իշխանությունների
բեսպրեդելի դեմ է: Խաչքարի կռիվների ժամանակ տարածաշրջանի անվտանգության
պետը՝ Դացվա են ասում, ասեց, որ հայերին հատկացված են առանձին տեղեր՝ դա
հայկական գերեզմանատունն է, հայկական դպրոցն է եւ եկեղեցին: Դրանցից դուրս
հայերը իրավունքներից չեն օգտվում: Գուբերնատորին ասեցի` էս հիվանդ
շովինիստին լսում ե՞ս: Տո, դուք ե՞ք, որ մեզ ռեզերվացիաների մեջ պիտի
պահեք: Դուք դեռ ամերիկացի չեք, ես էլ հնդկացի չեմ»:

Ի դեպ, խաչքարի հետ կապված իրադարձությունների մասին Տեր Շմավոն Սողոյանն
իր մեկնաբանություններն ուներ: «Անունը խաչքար է,- ասում է քահանան,-
կարելի էր նաեւ հոգեւոր հովվի հետ խորհրդակցել, նախքան աղմուկ
բարձրացնելը: Բացի դրանից, հուշարձանը կանգնեցրած է այնպիսի մի տեղ, որ
շատերն ուղղակի ֆիզիկապես չեն կարողանալու հաղթահարել այդ սարը,
բարձրանալ, մի զույգ մոմ վառել: Դա ի՞նչ խաչքար կանգնեցնելու տեղ էր»:

Ախալցխայի հայությունն «ամուր է կենում»

Այսուամենայնիվ, բոլոր ախալցխացիներն ասում են, որ տեղի հայությունն ավելի
ամուր է, քան Ախալքալաքում, ավելի «մեղմ ու լիրիկ» մարդիկ են, որոնք
մշտապես ապրել են տարբեր ազգերի, մշակույթների ու դավանանքների
խաչմերուկում: Ախալցխայի տարեց բնակչությունն իսկական պատմության շտեմարան
է: Բնիկ ախալցխացիները կարող են ականատեսի ոգեւորությամբ պատմել
պատերազմական մանրամասները, ստալինյան ճնշումների ու աքսորի դաժանության,
իրենց հարյուր տարվա մենության մասին: Գուցե դա է պատճառը, որ այս, առաջին
հայացքից՝ անշուք, բայց անշուշտ՝ բարի քաղաք տարեցտարի ավելի շատ
արտասահմանցիներ են այցելում, հատկապես լրագրողներն ու վավերագրողները: Ու
քանի որ Ախալցխայի երեք հյուրանոցներից երկուսը պատկանում է հայերին,
արտասահմանցիները դեռ հյուրանոցում են սկսում ճանաչել Ախալցխայի հանրահայտ
հայերին: Նրանց մասին գունազարդ պատմությունները պատմում է Ախալքալաքի
ամենահին հայը՝ հանրահայտ զինագործ Եղիշե Չիֆթալարյանի ծոռը՝ 85-ամյա
ժամագործ Սեպուհը: