Հետաքրքիր է` մեր իշխանությունները տեղյա՞կ են, որ Էրեբունի համայնքի Նոր-Արեշ 35 փողոցի 127/1 շենքում բառիս բուն իմաստով արհավիրք է: Պարզվում է՝ գիտեն, որովհետեւ այս հանրակացարանի նկուղային հարկի բնակիչները տարիներ շարունակ դիմում-բողոքներով բոլոր համապատասխան կառույցներին ահազանգել են եւ շարունակում են ահազանգել իրենց սպառնացող վտանգի մասին:
«168 Ժամը» երեկ արձագանքելով հանրակացարանի բնակիչների ահազանգին՝ այցելեց վերոնշյալ հասցե: Պարզվում է` 21-րդ դարում, երբ Հայաստանի իշխանությունները եւ «գրանտակեր» հասարակական կազմակերպություններն աղաղակում են մարդու իրավունքների պաշտպանության, ժողովրդավարության եւ այլ արժեքների մասին, «ճոռոմ» զեկույցներ են պատրաստում` մեր օրերում նշված հասցեում մարդիկ մահանում են տարրական իրավունքի պաշտպանության բացակայության պատճառով: Հանրակացարանի նկուղային հարկում տասնյակ ընտանիքներ են ապրում, ովքեր խոնավության պատճառով հիվանդանում են տուբերկուլյոզով, բրոնխիալ ասթմայով, թոքային քաղցկեղով, հոդացավով եւ այլ հիվանդություններով: Սա իսկապես աղետ է: «Էդպիսի ընտանիք չկա, որ թոքերի հիվանդ չունենա: Մենք ամեն տարի երեքից ավելի մահ ենք ունենում, ովքեր մահանում են շատ պատահական: Հիվանդանում ու կարճ ժամանակում մահանում են: Մանկահասակ երեխաների մեծ մասը բրոնխիալ ասթմա, թոքաբորբ, թոքախտ հիվանդություն ունի»,- ասում է հանրակացարանի բնակիչ Գայանե Ծառատակյանը, ով տառապում է քաղցկեղ եւ հոդացավ հիվանդություններով: Ամիսներ առաջ այս հանրակացարանի սենյակներից մեկում հայտնաբերվել է տուբերկուլյոզով հիվանդ կնոջ դիակ, ով 5 օր մահացած վիճակում մնացել է սենյակում, հետո հոտից դիակը գտել են որդնած, փտած վիճակում: Մարդիկ պատմում են, որ դիակի վրա մատնաչափ որդեր են եղել, որոնք քրքրել են կնոջը եւ սենյակի հիգիենիկ վիճակը շատ վտանգավոր է եղել: Ներկայումս էլ հանրակացարանում կան տուբերկուլյոզով հիվանդներ, որոնց ճակատագիրը խիստ անորոշ է: Բանն այն է, որ նկուղային հարկի տակ կոյուղի կա, եւ մարդկանց սենյակները կառուցված են մի քանի մետրանոց կոյուղաջրերի խոռոչների վրա: Տեղի բնակիչներն այնպիսի սարսափելի պատմություններ են պատմում, որ խելագարվել կարելի է, ու իսկապես մարդիկ այդ պայմաններից հոգեկան տարատեսակ խեղումներ են ստանում: Նկուղից սենյակներ բարձրացող առնետների հոսքը կանխել հնարավոր չէ, հետեւաբար մարդիկ` առանց չափազանցնելու, ապրում են առնետների հետ: Մենք մեր աչքով ականատես եղանք նման տեսարանների: Բնակիչները պատմում են. «Գիշերները քուն ու դադար չունենք, վախից չենք քնում: Կռիսները երեխեքին ուտում են: Հեն ա, մի երեխու ականջ են կրծել, մի մեծ կնոջ քիթը, մենք իսկապես դժոխքում ենք ապրում, սա ուժըս ա, ուժըս, սաղիս հոգեկանը վախից խանգարվել ա»: Մտնելով նկուղային հարկի գրեթե բոլոր սենյակներն՝ ականատես եղանք, թե ինչպես են սենյակների պատերը խոնավությունից բորբոսնել, իսկ հատակի վրա ամենուր առնետների թաքստոցներ, խոռոչներ են: Տիկին Գայանեն ասում է` «Ամեն ինչ էլ ունեցել ենք` տուն, տեղ, ունեցվածք: ԽՍՀՄ փլուզման պատճառով հայտնվեցինք ցրտի, սովի մեջ` անհաց, անլույս, 5 երեխաներս սովից մեռնում էին: Բնակարանը վաճառեցինք, որ երեխաներիս սովից փրկենք: Հետո հայտնվեցինք փողոցներում, հետո Մասիվի հանրակացարանում, ու ով եկավ՝ ասեց` էս ծառն իմն ա, էս սարն իմն ա, տենց, մինչեւ եկանք էստեղ: Իմ հոգեկանն էս առնետների պատճառով խանգարվել ա, հասկանո՞ւմ եք, դուրս ենք գալիս` առնետ, ներս ենք մտնում` առնետ: Գետնի տակից, պատուհաններից, առաստաղից առնետները զորքով մտնում են: Հավատացե՛ք, էլ չենք դիմանում, մարդ ենք: Երեխաս ոտքերից հիվանդացավ, խոնավությունից հոդացավ ունի, ես հոդացավ ունեմ: Ամուսինս թոքի քաղցկեղից մահացավ: Անցյալ տարի երեք մահ ենք ունեցել»: Ասում են` այս տարածքը եղել է ճահճային զանգված, որի վրա էլ կառուցվել է շենքը: Ի դեպ, դեռեւս 10 տարի առաջ այս հանրակացարանը համարվել է 4-րդ կարգի վթարային: Սովետական տարիներին «Արմենմոթորս» գործարանում աշխատած մեծ թվով ընտանիքների պետությունը տեղավորել է այս հանրակացարանում: 1997թ. գործարանը լուծարվել է, եւ հանրակացարանը հատկացվել է թաղապետարանին: Ժամանակի ընթացքում բնակիչները ձեռք են բերել սենյակների նկատմամբ սեփականության իրավունք, եւ գտնվում են թաղապետարանի հաշվեկշռում: Մինչդեռ բնակիչների դիմումներն անպատասխան են մնում թե՛ կառավարության, թե՛ թաղապետարանի եւ թե՛ մյուս բոլոր կառույցների կողմից: «Մենք հիմա ձեզ կուղեկցենք մի սենյակ, որտեղ վիրուսն անխուսափելի ա: Եթե նույնիսկ դռան փականին ձեռք տաք` կվարակվեք: Էդ կինը խոլերայով հիվանդ ա, կռիսներն ուտում են իրան: Զանգում ենք Առողջապահության նախարարություն, Սանէպիդ կայան, բայց լայեղ չեն անում գան, ստուգեն: Էս մանկահասակ երեխաների համար վարակի բուն ա, մեր կողքին ա ապրում»,- զայրացած պատմում են բնակիչներն ու ինձ ուղեկցում են խոլերայով հիվանդ կնոջ սենյակ:
Առնետը քիթը կրծել է
Սենյակից դուրս է գալիս 40 տարեկան Սյուզաննա Թադեւոսյանը, ով այնքան կեղտոտ ու մրոտ է, որ դիմագծերը չեն երեւում: Ասում են՝ օրեր առաջ առնետը Սյուզաննայի քիթը կրծել է: «Հա՛, իմ սենյակում էնքան կռիս կա, որ գիշերները վրայովս անցնում են: Մի հատ կատու էի բերել, հսկա կատու էր, կռիսը խեղդեց, սատկացրեց»,- պատմում է Սյուզաննան, ով 10 տարուց ավելի ապրում է մթության մեջ, քանի որ հոսանքի պարտքի համար դեռեւս 10 տարի առաջ հոսանքազրկել են: Դրա համար էլ Սյուզաննան մթությունից ու առնետների միջավայրից՝ վախից խելագարվել է: 40-ամյա այս կինը դաժան պատմություններ է պատմում իր կյանքի մասին, որը չենք լուսաբանում միայն այն պատճառով, որ նա հոգեկան ոչ ադեկվատ վիճակում է: Հարեւանները պատմում են, որ աղբանոցներից սնունդ եւ հագուստ է դուրս բերում եւ դրանով է ապրում: «Մեկ-մեկ քաղմասի տղերքից եմ մի երկու կոպեկ ուզում, հաց առնում»,- ասում է նա: Սյուզաննայի սենյակ մտնելիս բնակիչները զգուշացրին՝ ոչ մի բանի ձեռք չտալ, քանի որ խոլերայի վարակի վտանգ կա: Նրա կենսապայմաններն անհնար է նկարագրել, որովհետեւ անգամ անասունը կսատկեր նման միջավայրում ապրելիս: Սյուզաննայի սենյակ անգամ ցերեկային լույսը չի թափանցում, որովհետեւ փալասներով նա փորձել է ձմռան ցրտից պաշտպանվել, եւ դրանք մինչ օրս էլ պատուհանին փակցված են: «Ո՛չ լույս ունեմ, ո՛չ էլ գազ. ստիպված սենյակիս մեջ զիբիլներով, փետերով օջախ եմ վառում, որ մի բան եփեմ-ուտեմ»,- ասում է նա: Հարեւանները վստահեցնում են, որ Սյուզաննայի ապրելակերպից անհանգստացած՝ բազմաթիվ անգամներ զանգահարել են համապատասխան վայրեր, որպեսզի նրան տեղափոխեն հոգեբուժարան, սակայն իրենց տեղեկացրել են, որ պետք է 70.000 դրամ վճարեն: «Մի քանի ամիս առաջ էլ Սյուզաննայի կողքի տանն ապրող կինը թոքախտով հիվանդացավ, միայնակ կին էր: Ահազանգեցինք, տարան Աբովյանի տուբերկուլյոզի բաժանմունք, պարզվել էր, որ տուբերկուլյոզ ա: Էդ խեղճ կինը փախնում, գալիս էր, փող էին ուզում, ինքն էլ չէր կարում տար: Գալիս էր` վախենում էինք, ոնց որ կմախքին գերեզմանից հանեիր դուրս: Տան մեջ մահացավ»:
Հանրակացարանի բնակիչներն օրեր առաջ նստացույց են արել նախագահական նստավայրի մոտ` պահանջելով մասնագետներ ուղարկել եւ ուսումնասիրել իրենց պայմանները: «Մեզ ընդունեցին, նամակների բաժնում, ասեցին` հենց հիմա ամեն ինչ կանենք, փափուկ բարձ դրեցին, էնքան որ՝ ցրվեինք: Դիմումն ուղարկել են թաղապետարան, իսկ թաղապետարանը բացարձակ թքած ունի մեր վրա»:
Ի դեպ, խոլերայով հիվանդ Սյուզաննայի մասին նույնպես թաղապետարանում տեղյակ են, սակայն, ինչպես բնակիչներն են ասում` թաղապետարանը թքած ունի իր համայնքի բնակիչների վրա: Փաստորեն, նախագահականից թաղապետարանին հանձնարարական են տվել ընդառաջել դիմումին, սակայն թաղապետարանը որեւէ քայլ չի ձեռնարկել: Մինչդեռ, հանրակացարանի ընդհանուր զուգարանները բավականին հաջող ճանապարհով թաղապետարանի ներկայացուցիչները վաճառում են: «Զուգարան, բաղնիք, լվացքատունը վաճառում, տուն են սարքում: Ախր անմարդկային, աննկարագրելի, անբացատրելի վիճակում ենք, խնդրում ենք, փրկե՛ք մեզ»: