Շարունակելու է պայքարել

23/04/2008

«Այն, ինչը ես ճշմարիտ եմ համարում, այդ ճշմարիտի համար ես միշտ պայքարել եմ եւ պիտի պայքարեմ: Բայց նման իրավիճակում, երբ օրենքների սահմանափակումներ է դրված, որ այսօրվա դրությամբ հնարավորություն կտան, որ ինձ ձերբակալեն, այդ առումով ես որոշակի խնդիրներում կփորձեմ մի քիչ զգուշավոր լինել: Բայց, որ իմ պայքարից հրաժարվեմ, դա բացառվում է»,- «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել է ՀՀՇ Վանաձորի կառույցի ղեկավար Ռուբեն Ոսկանյանը, ում մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ դատարանն արդեն դատապարտել է 1,5 տարվա պայմանական ազատազրկման: «Ես տեսել եմ, որ ոստիկանները մահակներով, վահաններով զինված փորձում էին ժողովրդին դուրս բերել Ազատության հրապարակից: Բնականաբար, ժողովուրդը նրանց չէր ենթարկվում, եւ նրանք ուժ կիրառեցին: Ինձ վերագրվում է բռնություն, սակայն ես դա բռնություն չէի որակի. ես ոստիկաններին դիմադրել եմ… Եվ այդ դիմադրությունը որակվել է՝ որպես բռնություն ոստիկանների նկատմամբ: Դա ավելի շատ պաշտպանություն կորակեի, քան դիմադրություն»,- ասել է նա` հավելելով, որ հարցաքննությունների ժամանակ անկեղծ է եղել, քանի որ իր եւ իր ընկերների արարքը հանցանք չի համարել: «Իմ անկեղծությունը, այն, ինչը վերաբերում էր իրենց մասով օգտագործելուն, իրենք օգտագործում էին, իսկ ինչը վերաբերում էր ինձ, դա որոշ չափով քողարկվում էր: Եթե ոստիկանն ինձ խփել է, դա կարելի է համարել իրեն վերագրված օրինական պարտականություն, իսկ ինչ վերաբերում էր իմ դիմադրությանը, դա գրառվում էր իմ կողմից հանցանք: Ես ընդունել եմ իմ կողմից կատարվածը, իսկ ինչ վերաբերում է իրենց արածին, դա թողել եմ իրենց խղճի վրա: Եթե իրենք գտնում են, որ մեր պետությունում իշխանավորը պետք է ունենա նման լիազորություն, որ պիտի պարտադիր քաղաքացուն ոտքի տակ գցի, պիտի նսեմացնի, խոսքի ազատությունից զրկի, ուրեմն մենք պիտի կասկածի տակ դնենք, թե այս պետությունո՞ւմ պիտի ապրենք, թե՞ հեռանանք այստեղից»,- ասել է Ոսկանյանը: