Հացադուլ եւ ստորագրահավաք

23/04/2008

Ապրիլի 19-ի հանրահավաքին Հրազդանից եկել էր նաեւ հացադուլի մեջ գտնվող հաշմանդամ Արշավիր Բոզինյանը: Հիշեցնենք, որ նա 26 օր հացադուլ է պահել եւ միայն կարճ ժամանակով դադարեցրել էր ՀՀ առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի կոչից հետո: Հանրահավաքի օրը Ա.Բոզինյանն ասաց, թե երկուշաբթի անալիզներ կհանձնի՝ տեսնելու համար, թե ինչպես է առողջական վիճակը, եւ որպեսզի ապացուցի, որ ինքն իսկապես հացադուլի մեջ է: Հետո կազդուրվելու համար մի քանի օր կդադարեցնի եւ ապրիլի 24-ից նորից հացադուլը կվերսկսի: «Հրազդանի միլպետ Ավետիք Աբրահամյանն ասում է, թե ես ցերեկը հացադուլ եմ անում, իսկ գիշերը` կերուխում: Պիտի անալիզ հանձնեմ ու իրենց ապացուցեմ, որ ստախոսներն իրենք են»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Ա.Բոզինյանը: Իսկ արդեն երեկ հեռախոսով Ա.Բոզինյանը փոխանցել է. «Անալիզները հանձնել եմ Հրազդանի հիվանդանոցում: Մեծ դժվարությամբ ինձ ընդունեցին, ասում էին, թե սարքերը չեն աշխատում, բայց մի կերպ ընդունեցին: Կշռվեցի, 90 կգ էի, մինչեւ հացադուլը 111 կգ էի: Ես ապացուցեցի, որ այդ օրերին հացադուլ եմ պահել: Հիմա մի քանի օր կկազդուրվեմ, ու ապրիլի 24-ից Երեւանում Մանկական զբոսայգում նորից հացադուլի կնստեմ: Եթե այդտեղ չթողնեն, գնալու եմ Ամերիկայի դեսպանատան մոտ: Ինձ կմիանան նաեւ շատ համախոհներ»: Ի դեպ, երեկ Հյուսիսային պողոտայում ամենօրյա քաղաքական զբոսանքների ժամանակ սկսվել է ստորագրահավաք Գլխավոր դատախազ Ա. Հովսեփյանին ուղղված նամակի համար` «քաղաքական հետապնդումները վերացնելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու» խնդրանքով: