Լեռնային Ղարաբաղի կառավարությունը խրախուսում է զույգերին ամուսնանալ եւ երեխաներ ունենալ: Երեք տարի միասին ապրելուց հետո ղարաբաղցի երիտասարդ Բեգլարյան ամուսինները մտածում են իրենց միությունն օրինականացնելու ուղղությամբ:
«Որոշեցինք գրանցել մեր ամուսնությունը` կառավարության կողմից դրամական օգնություն ստանալու նպատակով»,- նշում է Բեգլարյան ամուսինը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ կառավարությունն այս տարվա հունվարի 1-ից նորապսակներին 300.000 դրամ միանվագ դրամական օգնություն է տրամադրում: Ղարաբաղում հույս ունեն, որ նման աջակցությունը կխթանի ամուսնությունները եւ բնակչության աճն այս տարածքում:
ԼՂՀ 2008թ. պետբյուջեով 450մլն դրամ (1 մլն 500.000 դոլար) է նախատեսված նորաստեղծ 1500 ընտանիքներին աջակցելու նպատակով: Այս որոշումը հաջորդել է անցյալ ամառ կայացած նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Բակո Սահակյանի` մի շարք տնտեսական քայլերով երիտասարդ ընտանիքներին օգնելու վերաբերյալ նախընտրական խոստմանը: Այս նոր դրամական օգնությունն արդեն շատ զույգերի է ոգեւորել` ամուսնությունը շուտափույթ գրանցելու հարցում: Այս տարվա առաջին երեք ամիսների ընթացքում Ստեփանակերտի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում 714 ամուսնություններ են գրանցվել, ինչը ռեկորդային թիվ է նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Արարատ եւ Գայանե Հայրապետյանները նախապես պատրաստվում էին ամուսնանալ անցյալ տարի, բայց հետաձգեցին իրենց ամուսնությունը ` 2008-ին այս օգնությունից օգտվելու համար: «Գիտեինք, որ երբ 2008-ին ամուսնանանք, գումար կստանանք, ու մի քանի ամիս սպասեցինք»,- ասում է նորաստեղծ ընտանիքի ամուսինը: Կինն էլ ասում է, որ այդ փողով «տան համար կենցաղային իրեր» կգնեն:
«Ամեն օր 20-25 դիմում ենք ընդունում, եւ այդքան էլ ամուսնության գրանցում իրականացնում»,- ասում է Ստեփանակերտի քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնի վարիչ Ռուզաննա Դանիելյանը:
Պաշտոնական տվյալների համաձայն, 2006թ. ԼՂ բնակչության թիվը կազմում էր 137.700 մարդ: Միջազգային դիտորդներից ոմանք վիճարկում են այս թվերը` պնդելով, թե դրանք արհեստականորեն ուռճացված են: Վերջին դեպքերի կապակցությամբ հրապարակված վիճակագրական այլ տվյալների համաձայն, ըստ ԿԸՀ-ի, անցյալ տարվա հուլիսին կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների թիվը կազմել է 92.114, որոնցից քվեարկել են 71.286-ը:
Անկասկած, 1991-94թթ. պատերազմն իր ծանր հետքն է թողել դեմոգրաֆիկ անհավասարակշռության առումով Ղարաբաղում հայերի շրջանում: Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության արդյունքում 3150 ղարաբաղցի է զոհվել:
Բացի այդ, Ղարաբաղի Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2006թ. Ղարաբաղից մեկնողների թիվը կազմել էր 1310, իսկ 2007թ.` մոտավորապես 1000:
«Պատերազմի ժամանակ երիտասարդների մի մասը հեռացել է, շատերը զոհվել են, մի մասն էլ հաշմանդամ են դարձել: Այսօր Ղարաբաղում մնացած հաշմանդամներն ընտանիք կազմելու համար միջոցներ չունեն եւ չեն կարող դրանք ձեռք բերել, քանի որ ի վիճակի չեն աշխատել»,- կարծում է սոցիոլոգ Դավիթ Կարաբեկյանը:
Լեռնային Ղարաբաղի գյուղերում մարդիկ դեռեւս վաղ տարիքում են ամուսնանում:
«Մեր գյուղում աղջիկներն ամուսնանում են 17-22 տարեկանում»,- պատմում է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ապրող Արմինե Մինասյանը: Նա 22 տարեկան է, արդեն երեխայի է սպասում: «Երեւի այդ տարիքից բարձր գյուղում չամուսնացած աղջիկ չես գտնի»,- ասում է Ա. Մինասյանը: Նա ասում է, որ իր համադասարանցիներից ոմանք նույնիսկ 2-3-ական երեխա ունեն: Սակայն Ստեփանակերտում մեծ է 30-ն անց չամուսնացած կանանց թիվը, ինչն անսովոր երեւույթ է այս ավանդական հասարակության համար:
32-ամյա Իրինա Սողոմոնյանն ամուսնացած չէ: Ասում է, որ պատճառը պատերազմն է, որովհետեւ իր հասակակից տղաների մեծ մասը զոհվել են պատերազմում, իսկ մի մասն էլ վաղուց ամուսնացել են: Իրինան խոստովանում է, որ հետագա տարիներին միայնակ չապրելու համար կցանկանար գոնե մեկ երեխա ունենալ, գուցե որդեգրման ճանապարհով, բայց գիտակցում է, որ դա թանկ հաճույք է: «Բացի այդ, երեխա որդեգրելը կամ առանց ամուսնանալու երեխա ունենալը Ղարաբաղի հասարակության կողմից այդքան էլ նորմալ չի ընդունվում: Դա կարող է բամբասանքների թեմա դառնալ: Այդ ամենից ելնելով, նման քայլի գնալու համար պետք է լուրջ պատրաստվել»,- ասում է նա:
Կնոջ եւ տղամարդու համատեղ կյանքը, առանց ամուսնական գրանցման կամ միայնակ մայր դառնալը, Ղարաբաղում այդքան էլ տարածված երեւույթներ չեն: Չնայած անբարո արարք չի համարվում, սակայն ոչ էլ ողջունվում է հասարակության կողմից: Տնտեսական դիտարկումները հիմնականում կապված են երիտասարդների հետ: Հանրապետությունում ամսական միջին աշխատավարձի չափը 2008թ. դրությամբ կազմում է 25.000 դրամ` անցյալ տարվա համեմատ աճելով 5000 դրամով:
30-ամյա Սասուն Պետրոսյանը դեռեւս ամուրի է: Ասում է, որ շատ է ուզում ամուսնանալ, բայց անորոշ հեռանկարի պատճառով չի ուզում ռիսկի դիմել:
«Չամուսնանալուս պրոբլեմն աղջիկները չեն, այլ այն, որ տուն չունեմ, ոչ էլ` մշտական աշխատանք, որպեսզի կարողանամ ընտանիքս պահել: Ի՞նչ աղջիկ կհամաձայնվի ինձ հետ ընկերություն անել իմ այս աշխատավարձով»,- ասում է մասնագիտությամբ մեխանիկ Սասունը, ում ամսական աշխատավարձը կազմում է 50.000 դրամ:
«Զարգացման արցախյան գործակալությունը» սկսում է հիպոթեքային վարկեր տրամադրել` մինչեւ 20 տարի մարման ժամկետով եւ տարեկան 12% տոկոսադրույքով: Սակայն մտավախություն կա, որ ոչ բոլոր երիտասարդները կկարողանան օգտվել այս ծրագրից: Չնայած կառավարությունն իր վրա է վերցնում այդ վարկերի տոկոսադրույքի մի մասի մարումը (նորանշանակ վարչապետ Արա Հարությունյանի խոսքով, տարեկան տոկոսադրույքը կկազմի ընդամենը 6 տոկոս) բնակարան ձեռք բերելու նպատակով վարկի համար դիմող երիտասարդը պետք է ստանա 300 դոլարից ավելի աշխատավարձ, ինչը Ղարաբաղում համարվում է բարձր աշխատավարձ: Ընտանիքի պահանջները, ինչպես նաեւ՝ կառավարական ծրագրերը նշանակում են, որ ղարաբաղցի աղջիկների մեծամասնությունն ամուսնանում է, եթե հարմար զուգընկեր է գտնում:
«Չնայած Ղարաբաղում տիրող համատարած այն տենդենցին, որ աղջկա ամուսնության միջին տարիքը համարվում է 19-21 տարեկանը, ճիշտն ասած, ինձ այս տարիքում դեռեւս չի հուզում իմ չամուսնացած լինելու հարցը: Ավելին, մոտակա մի քանի տարում դեռ չեմ պատրաստվում ամուսնանալ: Դեռեւս ժամանակ է պետք ինքնահաստատվելու համար, սակայն ինձ համար իմ կողմից (ամուսնանալու համար) սահմանված շեմը 26 տարեկանն է: Այժմ իմ ամուսնությամբ ավելի շատ մտահոգված են հարազատներս, իսկ տատիկս համարյա ամեն շաբաթ ինձ հարմար փեսացու է գտնում»,- ասում է 22-ամյա Լուսինե Գասպարյանը:
Լուսինե ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ
ԼՂՀ «Դեմո» թերթի թղթակից, IWPR-ի` ԵՄ կողմից ֆինանսավորվող «Լրագրողների համակովկասյան ցանց» նախագծի անդամ
Հոդվածն առաջին անգամ տպագրվել է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականում: