500 ժամվա աշխատանք
Առաջին ատյանի դատարանի դատավճռով Անտոնյանը դատապարտվել էր 100.000 դրամ տուգանքի: Թվում է՝ մարդը պետք է ուրախանար, որ ազատազրկման հետ չկապված պատիժ է ստացել: Սակայն Անտոնյանն ուրախանալու սիրտ չուներ: Շատ մտահոգված էր. կարո՞ղ է, արդյոք, հայթայթել իր համար շատ խոշոր այդ գումարը եւ վճարում կատարելով՝ ազատվել պատժից: Ինչքան էլ ջանք թափեց, պահանջվող փողը չունեցավ: Մաս-մաս վճարելու հույս եւս չկար, որովհետեւ իր տարիքի տղամարդիկ բարձր աշխատավարձով աշխատանք գտնելու քիչ հնարավորություն են ունենում: Դեռ լավ է, եթե աշխատանք, ընդհանրապես, ճարեր: Եվ Անտոնյանը տվեց իր համաձայնությունը, որ այլընտրանքային պատիժների կատարման բաժինը միջնորդությամբ դիմեր դատարան՝ տուգանքը հանրային աշխատանքով փոխարինելու համար:
Ընդհանուր իրավասության դատարանը, սակայն, մերժեց այդ միջնորդությունը՝ չգիտես ինչու պարտադիր համարելով, որ անվճարունակ մարդն անպայման 100.000 դրամը վճարի: Նման կապանքների մեջ հայտնվելով՝ հնարավոր է, որ արդեն իսկ հանցանք կատարած մարդը մղվի նոր հանցավոր արարքի իրագործման, ինչ է թե՝ պատժի «տուգանային» մասը փակի: Օրենքը դրա համար էլ հնարավորություն է ընձեռում, որ այլընտրանքային պատիժը փոխարինելի լինի, դոգմա չդառնա ու մարդու վզից կախված քարի պես նրան նորից հատակը չձգի:
Այլընտրանքային պատիժների կատարման բաժինը բողոքարկեց Անտոնյանի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը:
Քրեական վերաքննիչ դատարանը դատական ստուգման ենթարկեց նախորդ ատյանի որոշման օրինականությունը եւ եզրակացրեց, որ այդ որոշումը պետք է բեկանել:
Դատական երկրորդ ատյանի որոշմամբ՝ Անտոնյանի նկատմամբ տուգանքի ձեւով նշանակված պատիժը փոխարինվեց հանրային աշխատանքով՝ 500 ժամ տեւողությամբ: Անտոնյանը գոհ էր ու պատրաստակամ՝ հանրային աշխատանքների միջոցով կրելու իր պատիժը:
Ընդհանրապես, դատարանները, ըստ երեւույթին, պետք է ոչ թե ձեւական, այլ ավելի կոնկրետ ու անհատականացված վերաբերմունք ցուցաբերեն ամբաստանյալների նկատմամբ, հաշվի առնեն նաեւ նրանց կարծիքը՝ տուգանքի վճարման հնարավորության մասին: Տուգանքի փոխարինումը հանրային աշխատանքների կատարմամբ՝ պարզապես մեկ ուրիշ այլընտրանքային պատժի սահմանում է: Տուգանքի չափին համամասն էլ դատարանը որոշում է աշխատանքային ժամերի քանակը, որ դատապարտյալը պետք է կատարի հանրության համար՝ ի պատիժ իր գործած հանցավոր արարքի:
Միայն թե թող տպավորություն չստեղծվի, թե բոլոր անվճարունակ մարդիկ, ովքեր կանգնած են այլընտրանքային պատժով պատժվելու փաստի առաջ, ուրախությամբ համաձայն են լինում տուգանքի փոխարեն հանրային աշխատանքներ կատարելուն: Ամենատարբեր պատճառներ կարող են լինել նման ցանկության բացակայության համար, սկսած առողջական վատ վիճակից՝ մինչեւ տարրական ծուլությունն ու հասարակական աշխատանք կատարելը «պատվից ցածր» համարելը:
«30 հազար դրամն ինձ որտեղի՞ց»
Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մեկ այլ միջնորդություն վերաբերում էր քաղաքացու նկատմամբ հանրային աշխատանքների ձեւով սահմանված պատիժը կալանքով փոխարինելու հարցին: Ի սկզբանե քաղաքացին դատապարտվել էր 30.000 դրամ տուգանքի: Հայտարարել էր, թե ի վիճակի չէ այդ գումարը վճարել: Տուգանքը փոխարինվել էր հանրային աշխատանքներով: Սակայն հիմա էլ քաղաքացին պատճառաբանել էր, թե առողջական վիճակը չի ներում հանրային աշխատանքներ կատարելու համար: Նման պատճառաբանությունը հիմնավորող բժշկական տեղեկանքներ էլ էր ներկայացրել: Ո՛չ 30.000 դրամ, ո՛չ բավարար առողջություն ունեցող մարդը ցանկություն էր հայտնել, որ հանրային աշխատանքի ձեւով սահմանված պատիժը փոխարինվի եռամսյա կալանքով:
Ահա, ուրեմն, իրական կյանքում այսպիսի դեպքեր էլ են լինում, երբ մարդը ոչ թե ամեն գնով խուսափում է ազատազրկման հետ կապված պատժից, այլ հենց ինքն է ցանկություն հայտնում կալանքի տակ առնվելու՝ մյուս այլընտրանքային պատժատեսակներից նախապատվությունը տալով հենց կալանքին:
Առանց ձեւականությունների
Երբ տուգանքը, որպես այլընտրանքային պատիժ, մեր Քրեական օրենսգրքի ավելի շատ հոդվածներում տեղ գտավ, դա գնահատվեց որպես առաջընթաց քայլ, դատաիրավական բարեփոխումների եւս մեկ դրսեւորում: Քրեական հանցանքների համար միայն ազատազրկման ձեւով պատիժը չէ, որ կարող է համաչափ լինել: Կալանավայրերը բերնեբերան լցնելով՝ հանցավորության դեմ պայքարի արդյունավետության հարցը միանգամից չի լուծվում: Կատարած հանցավոր արարքի համար նյութական պատասխանատվությունը ոմանց համար ավելի ծանր պատիժ է, քան՝ ազատազրկումը:
Տուգանքը կարող է լինել որպես հիմնական կամ լրացուցիչ պատիժ: Տուգանքի նույն չափը մեկի համար կարող է խաղուպար լինել, մյուսի համար՝ անհաղթահարելի մեծ գումար, հետեւաբար նաեւ՝ իսկական պատիժ:
Որպես պատժատեսակ նշանակված տուգանքը պետք է տարբերակել քաղաքացիական հայցով պայմանավորված՝ վնասների հատուցման համար կատարվող բռնագանձումներից: Եթե այս վերջինը պարտադիր է եւ ի կատար է ածվում հարկադիր կատարողների ծառայության կողմից, ապա որպես պատիժ նշանակված տուգանքի գանձման պարտականությունը նույն՝ Արդարադատության նախարարության մեկ այլ ծառայության՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի վրա է դրված:
Եթե քաղաքացին ի վիճակի չէ մուծել տուգանքը, ապա նրա գույքի վրա կալանք չի դրվում, մարդու գույքը չի բռնագրավվում՝ հանուն տուգանքի վճարման: Այդ պատժատեսակը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել մեկ ուրիշ այլընտրանքային պատժով. հանրային աշխատանքներով կամ կալանքով:
Այլընտրանքային պատիժ նշանակելիս պարտադիր պետք է հաշվի առնել դատապարտվողի տեսակետը, նրա նյութական եւ առողջական վիճակը, այլապես կայացված ոչ խիստ դատավճռին սկսում են հետեւել նոր միջնորդությունները՝ ավելի հարմար պատիժ սահմանելու վերաբերյալ: Դատարաններն էլ հարկ եղած պատժատեսակը սահմանում են դատական մի քանի պտույտից հետո միայն: Սա տվյալ հարցի նկատմամբ ձեւական վերաբերմունքի պատճառով է կատարվում, ինչը բոլորովին չի նպաստում արդարադատության արդյունավետության բարձրացմանը, չի համապատասխանում ողջամիտ ժամկետներում գործի ընթացքն ավարտելու սահմանադրական պահանջին: