Վտարում են տնից

23/04/2008

«Դիակոնիա» բարեգործական ընկերությունում բնակվող Մարատ Պետրոսյանն` իր ընտանիքի հետ միասին, երեկ կառավարության շենքի առաջ բողոքի ակցիա էր անցկացնում: Նրա խոսքով` 40.000 դրամ չունենալու համար իրեն 9 անչափահաս երեխաների հետ վտարում են տնից. «Մեզ ժամանակ են տվել մինչեւ ապրիլի 25-ը, դրանից հետո դուրս են հրավիրելու»,- ասել է Մ. Պետրոսյանը` տեղեկացնելով, որ ինքն իր ընտանիքի հետ բնակվել է Վարդաշենի թիվ 27 ուսումնարանի հանրակացարանում եւ հնարավորություն է ունեցել սեփականաշնորհելու այն: «Դիմում ենք գրել բարելավման համար, ինձ տուն են հատկացրել, եւ ես, բանից պարզվում է, իմ բնակարանը հատկացրել եմ պետությանը»,- բողոքել է նա` ավելացնելով, թե քանի որ ինքը չի կարողանում կադաստրի համար պահանջվող գումարները մուծել, դատարանը որոշել է իրենց տնից հանել: «Ա1+»-ի թղթակիցը զրուցել է նաեւ «Դիակոնիա» հիմնադրամի գործադիր տնօրեն Վազգեն Համբարձումյանի հետ` պարզելու համար, թե ինչո՞ւ են բազմազավակ ընտանիքին վտարում սեփական տնից: Նրա պատճառաբանությամբ` արդեն 3-4-րդ տարին է` Մ. Հայրապետյանը պայմանագիր չի կնքել իրենց հետ, իսկ պայմանագրի նպատակն այն է, որ տվյալ բնակիչը պարտավորվածություն զգա եւ կավատությամբ ու թմրամոլությամբ չզբաղվի: «Ո՛չ նորմալ հասկացավ մեզ, ո՛չ կարողացավ աշխատի ու ապրի, այնքան խուսափեց, մինչեւ մենք դիմեցինք դատարան: Եթե ինքը չի մտածել իր երեխաների մասին, մենք մեղավոր չենք»,- ասել է նա: