«Վերջին մի քանի տարիներին Հայաստանի քաղաքական եւ հասարակական կյանքում կնոջ մասնակցությունն ու դերը բավականաչափ մեծացել է, հատկապես օրենսդիր իշխանության կազմում, որտեղ 9.2 տոկոսը կանայք են»,- երեկ կայացած ասուլիսում ասել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը` նկատելով, սակայն, որ քաղաքական պաշտոններ զբաղեցնող կանանց թվով Հայաստանը բավական զիջում է հարեւան երկրներին: Ջ. Հասրաթյանի կարծիքով՝ երկրի բարգավաճման, տարբեր ոլորտներում հաջողությունների հասնելու եւ անհրաժեշտ արդյունքներ ունենալու համար պետք է հաշվի առնվեն եւ՛ կնոջ, եւ՛ տղամարդու կարծիքները, որպեսզի հնարավոր լինի դրանցից ընտրել հարկավոր տարբերակը:
Երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանի խոսքով, կանայք առավելապես ընդգրկված են կրթական հիմնարկներում, որտեղ վերջին տարիներին զգալիորեն պակասել է տղամարդկանց թիվը: Մեծ թվով կանայք են աշխատում նաեւ առողջապահության եւ մշակույթի համակարգերում, ինչը չի կարելի ասել մնացած ոլորտների վերաբերյալ: «Կինը կրթում ու դաստիարակում է երեխաներին` մտահոգված լինելով նաեւ նրանց ապագայով, ուստի նրա ներգրավվածությունը հասարակական ոլորտում եւ քաղաքական դաշտում խիստ կարեւոր է»,- ասել է նա` նկատելով, թե արդյունքների հասնելու համար նախ հարկավոր է, որ կինը պատրաստ լինի վարելու ղեկավար պաշտոններ, իսկ հասարակությունը պետք է գիտակցի, որ կինն ունի շատ մեծ ներուժ հասարակական կյանք վարելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար: