Ըստ ԵԽ ԽՎ ընդունած` «Ժողովրդավարական ինստիտուտների գործառույթը Հայաստանում» բանաձեւի, Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը հաղթահարելու միակ ճանապարհը քաղաքական ուժերի բաց եւ կառուցողական երկխոսությունն է, ինչի համար պետք է անհապաղ սկսել մարտի 1-ի իրադարձությունների անկախ հետաքննություն, ազատ արձակել «առերեւույթ արհեստական եւ քաղաքական շարժառիթներով կալանավորված անձանց» եւ անհապաղ վերացնել ու ուժը կորցրած ճանաչել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում վերջերս խորհրդարանի ընդունած փոփոխությունները: Հակառակ դեպքում` արդեն հունիսին ՀՀ պատվիրակները կարող են զրկվել ԵԽ ԽՎ-ում քվեարկելու իրավունքից: «Ազատության» թղթակցի հետ զրույցում զեկույցի համահեղինակ Ջոն Պրեսկոտն ասել է, թե հունիսյան նստաշրջանից առաջ ԵԽ ԽՎ-ի պատվիրակները եւս մեկ անգամ կայցելեն Հայաստան՝ պարզելու համար` առաջընթաց կա՞ այդ խնդիրներում, թե՞ ոչ: «Ըստ էության, այն, ինչ մենք խնդրում ենք՝ բխում է ՀՀ եւ ԵԽ 2007թ. բանաձեւում ամրագրված համաձայնությունից: Մենք ողջունում ենք նախագահի պաշտոնամուտի ճառում այս բոլոր մտահոգություններին անդրադառնալու հավաստիացումը, դա մեկ քայլ առաջ էր»,- ասել է Ջոն Պրեսկոտը: Անդրադառնալով իշխանությունների եւ ընդդիմության միջեւ երկխոսություն սկսելու անհրաժեշտությանը, նա ասել է. «Քաղաքացիական հասարակությունում բոլորը դրան պետք է մասնակցեն, դա կլինի առաջին քայլը: Չի կարելի անվերջ ասել` «ոչ, ոչ, ոչ»: Ես հուսով եմ, որ հնարավոր է սկսել հետաքննություն, որն ընդունելի կլինի բոլորի համար եւ կվերաբերի դառնությունների եւ վիրավորանքների առիթ դարձած բոլոր հանգամանքներին: Բայց մի բան լավ իմացեք, մենք որեւէ բան ՀՀ-ին չենք թելադրում: Մենք ընդամենը տալիս ենք մեր տեսակետն առ այն, թե ինչ է անհրաժեշտ անել, եթե դուք ցանկանում եք շարունակել ձեր ընթացքն ավելի հաշվետու եւ դեմոկրատական ճանապարհով, որը դուք ընտրել ենք՝ 2001թ. ստորագրելով ԵԽ-ին անդամակցելու փաստաթուղթը: Այժմ ՀՀ ժողովուրդն ու ամբողջ քաղաքական վերնախավը պետք է որոշեն` առա՞ջ ենք գնում, վերականգնո՞ւմ ենք հավատն ընտրական համակարգի նկատմամբ, Հայաստանին տալի՞ս ենք ընտրած դեմոկրատիայի ճանապարհով ընթացքը շարունակելու հնարավորություն»: