ԵԵ ԽՎ-ում Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների մասին բանաձեւի ընդունումից ժամեր անց ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում կայացել են Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամին նվիրված լսումներ, որոնց ընթացքում ելույթով հանդես է եկել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզան: «Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով»,- հայտարարել է Բրայզան` նշելով, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար կարեւոր են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ այն, «թե որքան խստորեն է ԱՄՆ-ը դատապարտում մարտիմեկյան բռնությունները, անկախ այն հանգամանքից` ում կողմից են դրանք իրականացվել»: Բրայզան նախազգուշացրել է, որ եթե Հայաստանը չկատարի Վաշինգտոնի պահանջները, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի «Հազարամյակի մարտահրավեր» ամերիկյան կորպորացիայի ծրագրի շրջանակներում համագործակցությունը Հայաստանի հետ: Հիշեցնենք` ԵԽ ԽՎ բանաձեւում էլ նշվել էր, որ Հայաստանի կողմից կառույցի պահանջները չկատարելու դեպքում ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում կարող է քննարկվել Հայաստանի վստահության հարցը: