«Մենք շարունակում ենք խստորեն քննադատել Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերը` ազատությունները սահմանափակելու առումով, եւ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա` կոչ ենք անում ազատ արձակել բոլոր նրանց, ովքեր ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով»,- ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովում նախօրեին կազմակերպված լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ, ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզան: Հիշեցնենք, որ լսումները կազմակերպվել էին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ եւ նվիրված էին Հայաստանի հետընտրական շրջանի իրադարձություններին եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամին:
«Մարտի 1-ից հետո տեղի ունեցան ընդդիմադիր գործիչների զանգվածային ձերբակալություններ, շատերը դեռ բանտում են մեղադրանքներով, որոնք, թվում է, թե քաղաքական միտում ունեն»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի, իր ելույթում ասել է Մ. Բրայզան: Վերջինս, որպես Հայաստանից ստացված «լավ լուր» ու առաջընթաց է ներկայացրել այն փաստը, որ մարտի 1-ին երեկոյան հայտարարված արտակարգ իրավիճակը 20 օր հետո վերացվել է, «լրատվամիջոցների ազատությունները հիմնականում վերականգնվել են, զինվորականների թիվը` պակասել»: «Այդուամենայնիվ, մենք շարունակում ենք «Ժողովներ, երթեր, ցույցեր եւ հանրահավաքներ անցկացնելու մասին» օրենքը դիտարկել որպես սահմանափակող: Ցավոք, տեսնում ենք, որ հարկային մարմինները ստուգումներ են իրականացնում ընդդիմադիր լրատվամիջոցներում, ինչը վերջինների կողմից դիտարկվում է՝ որպես հետապնդում: Բացի այդ, վերջին շաբաթներին նաեւ որոշ անհավատալի բաներ տեսանք Երեւանում… Մի խումբ մարդիկ հավաքվում էին, իրականում ոչ մի բան չէին անում, խոսում էին իրար հետ, լուռ ցույց էին անում, եւ արդյունքում` ձերբակալվում էին Ոստիկանության կողմից»,- հանձնաժողովի նիստում հայտարարել է Մեթյու Բրայզան: Ստեղծված իրավիճակում առաջ շարժվելու համար ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը կարեւորել է մի քանի խնդիրներ, որոնցից առաջինն, ըստ նրա` այն է, որ պետք է հստակ լինի, «թե որքան խստորեն է ԱՄՆ-ը դատապարտում մարտիմեկյան բռնությունները, անկախ այն հանգամանքից` ում կողմից են դրանք իրականացվել»: «Այժմ շատ դժվար է ասել` ով է սկսել դրանք, սակայն, միեւնույն ժամանակ, նման իրավիճակներում կատարվածի պատասխանատվությունն ընկնում է ընտրված կառավարության վրա»,- հայտարարել է Մ. Բրայզան` հավելելով, թե անհրաժեշտ է անցկացնել անկողմնակալ հետաքննություն եւ, անկախ այն հանգամանքից` ընդդիմությա՞ն կամ իշխանությա՞ն ներկայացուցիչ լինելու հանգամանքից, պետք է պատժել բոլոր նրանց, ովքեր մեղավոր են այդ բռնություններում: «Մենք հույս ունենք, որ բոլոր հիմնարար իրավունքները կվերականգնվեն` թե օրենսդրորեն, թե գործնականում, կհետաքննվեն եւ պատժի կենթարկվեն բոլոր նրանք, ովքեր խախտել են ընտրական օրենսգիրքը: Ինչպես նաեւ շատ մեծ հույս ունենք տեսնել ազգային երկխոսություն` ընդդիմության, իշխանությունների, քաղաքացիական հասարակության միջեւ, որը կուրվագծի նոր ընտրական բարեփոխումները, կերաշխավորի, մի կողմից` ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը, մյուս կողմից` դրանք խաղաղ կազմակերպելու պարտականությունը»,- հայտարարել է Մ. Բրայզան` հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները կվերականգնեն «ժողովրդավարության պահը»: «Ցույցերի վրա դրված արգելանքը չի մեղմի զայրացած մարդկանց վրդովմունքը, ընդդիմադիր ձայները լռեցնելը չի հանգեցնի տեսակետների մերձեցման, ժողովրդավարական ինստիտուտների խաթարումը չի բերի կայունության»,- եզրափակել է Մեթյու Բրայզան: Նշենք, որ ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան հանձնաժողովի լսումներին հայկական կողմից մասնակցել են ՀՀ նախագահի օգնական Վիգեն Սարգսյանը եւ ՀՀ առաջին նախագահի արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Արման Գրիգորյանը: