«Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լինենք առավել պատասխանատու»,- ասում է Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը

20/04/2008 Արամ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Աշխարհի խոշոր մեգապոլիսների աքիլեսյան գարշապարը վաղուց արդեն տրանսպորտային երթեւեկությունն է դարձել, ինչը միանգամայն սպասելի էր խելահեղ արագությունների մեր ժամանակներում: Քաղաքամայր Երեւանը, որն ինչ-որ տեղ քաղաք-պետության կարգավիճակ է ձեռք բերել, այս առումով եւս բացառություն չէ, հատկապես վերջին տարիներին աննախադեպ ծավալներով թափ առած ճանապարհաշինարարական աշխատանքների համատեքստում:

Մայրաքաղաքի բնականոն կենսագործունեության համար անչափ կարեւոր այս խնդիրը Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը երեկ հրատապ քննարկման նյութ դարձրեց հերթական խորհրդակցության ժամանակ, որին մասնակցում էին Ճանապարհային ոստիկանության, պետավտոտեսչության, շինարարական կազմակերպություններ, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի ԾԻԳ-ի եւ համապատասխան վարչությունների պատասխանատուներ:

«Վերջին 10-15 օրերի ընթացքում տրանսպորտային երթեւեկության հետ կապված խնդիրներ են առաջանում` տեղիք տալով հաճախակի խցանումների եւ, դրա արդյունքում, մեր համաքաղաքացիների արդարացի դժգոհության»,- ասաց քաղաքապետը` հավելելով, թե ոլորտի պատասխանատուներին խորհրդակցության է հրավիրել ստեղծված իրավիճակը մանրամասն վերլուծելու, կոկրետ առաջարկություններ լսելու, համապատասխան հանձնարարականներ տալու եւ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: Ներկաներին իրազեկելով, որ նախորդ օրվա աշխատանքային քննարկման ժամանակ նույն խնդիրներին է անդրադարձել նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետն ընդգծեց, որ վերջինիս կողմից համապատասխան հանձնարարական է իջեցվել, թե՛ քաղաքային իշխանություններին, թե՛ Ճանապարհային ոստիկանությանն ու շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպություններին` առկա իրավիճակը հնարավորինս արագ եւ արդյունավետ շտկելու ուղղությամբ:

«Շինարարական աշխատանքների ծավալները բավականին մեծ են, եւ այդ աշխատանքներն ավելի արդյունավետ ու խելացի կազմակերպելու դեպքում մենք հնարավորություն կունենանք մայրաքաղաքում տրանսպորտային երթեւեկության շատ ավելի բարվոք վիճակ ապահովել: Այստեղ հիմնական թերացումը նախեւառաջ Պետավտոտեսչության աշխատակիցներինն է, շինարարներինը, քաղաքապետարանի համապատասխան ծառայություններինը, որովհետեւ իրավիճակի թելադրանքով կոնկրետ քայլեր դանդաղ են արվում: Օրվա պահանջը հետեւյալն է` յուրաքանչյուրս մեր տեղում պետք է լինենք ավելի պատասխանատու եւ հասկանանք, վերջապես, որ գործ ունենք մեր համաքաղաքացիների հետ, որոնց դժգոհությունն այսօր միանգամայն տեղին ու արդարացի է: Ամեն ինչ պետք է անենք՝ իրավիճակը մեղմելու համար: Մենք այդ հնարավորություններն ունենք, եւ անպայման իրագործելու ենք դրանք»,- շեշտեց Երվանդ Զախարյանը` ավելացնելով նաեւ, թե ստեղծված իրավիճակն ամբողջովին չի կարելի բարդել միայն իրականացվող շինարարական աշխատանքների վրա:

Իրոք, գաղտնիք չէ, որ գնալով աճում է ներկրվող տրանսպորտային միջոցների թիվը, ինչն էլ, բնականաբար, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում առանց այդ էլ գերծանրաբեռնված տրանսպորտային ցանցի աշխատանքներում: Եթե 2004թ. հանրապետություն էր ներմուծվել շուրջ 17.000 ավտոմեքենա, ապա 2007թ. այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 34.000-ի: Եթե սրան գումարենք նաեւ ամեն աստծո օր հանրապետության մարզերից դեպի մայրաքաղաք ուղղված տրանսպորտային ամենատարբեր միջոցների անդադար հոսքը, պատկերը գրեթե կամբողջանա, է՛լ ավելի ցցուն դարձնելով երթեւեկության ցանցում առկա դժվարությունները:

Իսկ կոնկրետ ի՞նչ լուծումներ է առաջարկում Երեւանի քաղաքապետը` կարճ ժամանակահատվածում վիճակը եթե ոչ ամբողջովին շտկելու (ինչը, խոստովանենք, կախարդական փայտիկով մեկ անգամ եւ ընդմիշտ լուծելիք խնդիր չէ), ապա հնարավորինս արագ եւ արդյունավետ մեղմելու ուղղությամբ:

Անդրադառնալով ճանապարհաշինարարության ոլորտում հատկապես անցյալ տարվա ձեռքբերումներին, որոնց արդյունքում արվեց գրեթե անհնարինը, եւ նախապես ծրագրված ժամկետից շատ ավելի վաղ շահագործման հանձնվեցին այնպիսի «գիգանտ» կառույցներ, ինչպիսին, ասենք, Կիեւյան-Օրբելի խաչմերուկում կառուցված էստակադան է, Երվանդ Զախարյանն առաջարկեց նույն փորձն ու աշխատանքային գրաֆիկը կիրառել նաեւ այսօր: «Երբ 2007թ. Կիեւյան-Օրբելի, Կիեւյան-Կոմիտաս եւ Կիեւյան-Կասյան խաչմերուկներում շինարարական աշխատանքներ էին իրականացվում, առաջին ամիսներին լուրջ դժվարությունների առջեւ էինք կանգնած, որոնց արդյունքում հաճախակի խցանումներ էին առաջանում: Իսկ երբ Ոստիկանության եւ Պետավտոտեսչության աշխատակիցների ներգրավումով քաղաքի այս հատվածներում շուրջօրյա հերթապահություն սահմանվեց եւ սիստեմատիկ վերահսկվում էր ավտոտրանսպորտի երթեւեկությունը, շինարարության վերջին երկու ամիսներին մենք կարողացանք գրեթե խուսափել խցանումներից: Այսինքն, աշխատանքների լավ կազմակերպման դեպքում այսօր էլ փակ խցանումներ չենք ունենա, կունենանք ընդամենը տրանսպորտի դանդաղ երթեւեկություն կամ, որ նույնն է թե՝ մասնակի խցանում: Այստեղ անելիք ունեն բոլոր նրանք, ովքեր այսօր հրավիրված են խորհրդակցության»,- շեշտեց քաղաքապետը եւ, որպես խնդրի թիվ մեկ պահանջատեր, համապատասխան հանձնարարականներ տվեց ոլորտի պատասխանատուներին: Հիշեցնելով, որ քաղաքային իշխանությունները նախատեսել են այս պահին Երեւանի տարբեր հատվածներում իրականացվող շինարարական աշխատանքներն ամբողջովին ավարտին հասցնել ոչ ուշ, քան օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, Երվանդ Զախարյանը հանձնարարեց բոլոր շինտեղամասերում կազմակերպել շուրջօրյա եռահերթ աշխատանք: «Սրանով մենք կկրճատենք շինարարական աշխատանքների ավարտման ժամկետները եւ բավականին կթեթեւացնենք ճանապարհատրանսպորտային երթեւեկության վիճակը: Բոլոր տեղամասերում Պետավտոտեսչությունը պետք է իրականացնի շուրջօրյա հերթապահություն` հիմնական ուշադրությունը սեւեռելով մայրաքաղաքի կենտրոնական հատվածների վրա: Երթեւեկության նոր սխեման՝ նոր լուսացույցներով, նոր զգուշացնող նշաններով, վաղը եւեթ պետք է տեղադրվի համապատասխան վայրերում, որպեսզի երկուշաբթի օրն արդեն այդ սխեման աշխատի»:

Քաղաքապետը տրանսպորտային ոլորտի պատասխանատուներին հանձնարարեց ավելի հաճախակի եւ արդյունավետ օգտվել հեռուստաեթերից, զանգվածային լրատվության այլ միջոցներից, որպեսզի մայրաքաղաքի բնակիչները տեղեկացված լինեն, թե առաջիկա մի քանի ամիսներին, մինչեւ շինարարական աշխատանքների լիարժեք ավարտը, քաղաքի որ փողոցներից պետք է հիմնականում օգտվեն` տրանսպորտային եւ հետիոտն երթեւեկության ընթացքում հնարավոր խցանումների պատճառով նյարդային համակարգը խնայելու համար:

Երվանդ Զախարյանի կողմից այլ հանձնարարականներ եւս տրվեցին, որոնց հիման վրա առաջիկա երկու օրերին կհրապարակվի քաղաքապետի որոշումը, այն կտեղադրվի քաղաքապետարանի էլեկտրոնային կայքում` համապատասխան կառույցներին եւ մայրաքաղաքի բնակչությանն ապահովելով իրականացվող աշխատանքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ: