Ո՞վ է խաբում աշխարհին

20/04/2008

«Ադրբեջանը մտադիր չէ այլեւս հաշտվել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում միջազգային հանրության անարդարության հետ»,- երեկ Ֆիզուլիի շրջանում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: «Մեզ կոչ են անում փոխզիջման գնալ: Բայց ինչ ասել է՝ փոխզիջում. անկախությո՞ւն տրամադրել Լեռնային Ղարաբաղին»,- հարցրել է Ալիեւը` հավելելով, թե աշխարհի տարբեր հիմնախնդիրներ լուծող երկրները չեն ցանկանում «արդարություն ցուցաբերել» ԼՂ հակամարտության հարցում: «Եթե նախկինում մենք այդ մասին խոսում էինք փակ դռների հետեւում, ապա այժմ բացահայտորեն ենք հայտարարում»,- ասել նա: Ըստ նրա` Հայաստանը ձգձգում է հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը եւ «խաբում միջազգային հանրությանը»: «Հաջորդ ամիսների ընթացքում պետք է հստակություն մտցվի բանակցությունները շարունակելու հարցում: Հուսով ենք, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի. չէ՞ որ ամեն ինչ սահման ունի, իսկ ադրբեջանական բանակն ամենաուժեղն է տարածաշրջանում եւ ի զորու է ազատագրել իր հողերը»,- հայտարարել է նա: