Էլի հեղափոխություն է ուզում

20/04/2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Մշակույթի նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ապրիլի 17-ի հրամանագրով նախարար նշանակված Հասմիկ Պողոսյանին:

«Մենք գիտակցում ենք, որ սա ամենաբարդ ոլորտն է, ունենք տաղանդաշատ մշակութային գործիչներ, վառ անհատականություններ, ազգին նվիրյալ մարդիկ, ու որքանով նրանք վառ անհատականություններ են, նաեւ իրենց նկատմամբ համապատասխան եւ առանձնահատուկ վերաբերմունք են պահանջում, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իրեն գնահատված զգա»,- ասել է Տ. Սարգսյանը` ավելացնելով, թե Ս. Սարգսյանի հետ ինքը հանդիպումներ է ունեցել մշակույթի մոտ 300 հեղինակավոր գործիչների հետ, եւ նրանք, անկախ նրանից` սատարո՞ւմ են իշխանություններին ծրագրերի իրագործման գործում, թե՞ ընդդիմադիր հայացքներ են կրում, դրական են արտահայտվել Հասմիկ Պողոսյանի մասին: «Մենք միասին պետք է ձերբազատվենք գավառականությունից. մենք չպետք է փորձենք կրկնօրինակել այլ մշակույթների փորձը, եւ ոչ միայն այն պատճառով, որ կրկնօրինակումն ավելի վատը կարող է լինել, քան իրականը: Մենք պետք է ապավինենք մեր մշակույթին, արժեւորենք մերը, մեր մշակույթի հիմքում պետք է լինի մեր ազգայինը: Մշակույթին նվիրված գործիչները լուրջ անելիք ունեն եւ պետք է լինեն ճակատում»,- ասել է Տ.Սարգսյանը` նկատելով, որ մեզ մոտ բացակայում է ժամանակակից մոտեցումը: Նա որպես օրինակ՝ նշել է հեռուստատեսությամբ մշակույթի պրոպագանդման նպատակադրված ծրագրերի բացակայությունը` նկատելով, որ աշխարհում լավագույն մասնագիտացված հեռուստաալիքի ստեղծումը հնարավորություն կտա սեփական մշակույթը ցույց տալ աշխարհին եւ չկրկնօրինակել այլոց:

Նա երեկ նաեւ Կրթության եւ գիտության նախարարության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանին: «Պետք է հեղափոխական փոփոխություն կատարենք մեր մտածողության մեջ այն առումով, որ կրթությունը պետք է լինի շարունակական: Ժամանակակից աշխարհում ապրել առանց շարունակական կրթության հնարավոր չէ: Դա առաջին հերթին պետք է արմատավորել երիտասարդների գիտակցության մեջ, նրանք դատապարտված են մինչեւ կյանքի վերջ սովորել: Բարեփոխումները պետք է հանգեցնեն դրան: Կրթությունը պետք է հետապնդի քաղաքացուն մինչեւ կյանքի վերջ»,- ասել է նա` հավելելով, թե «շարունակական» ձեւակերպումը շատ մեղմ է, եւ տեղին է օգտագործել «ցմահ» բառը: Ըստ Տ. Սարգսյանի` բուհական համակարգում շատ են դասախոսները, ովքեր, դասավանդելուց բացի, գիտական աշխատանքով չեն զբաղվում: Իսկ նման դասախոսներ, ըստ նրա` «ոչ միայն պետք չեն, այլեւ վտանգավոր են հասարակության եւ բուհերի համար»: «Նրանք աղավաղում են կրթական պրոցեսը: Պետք է այնպիսի միջավայր ստեղծվի, որ ձերբազատվենք այդ մարդկանցից եւ համակարգը համալրենք տաղանդաշատ մարդկանցով»,- ասել է նա: «Ես եւ պարոն Մկրտչյանն ունենք մի երազանք` համահայկական համալսարանի կերտումը: Մենք պետք է ունենանք համալսարան, որը համբավ կունենա ամբողջ աշխարհում, այնտեղ կդասավանդեն լավագույն դասախոսները՝ ոչ միայն հայկական ծագում ունեցող, այլեւ աշխարհի մակարդակով առաջատար, իսկ ուսանողները պետք է կապված լինեն համաշխարհային զարգացումների հետ»,- նշել է ՀՀ վարչապետը: