Ապրիլի 17-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության նախաձեռնությամբ այցելեցինք «Գորիս» քրեակատարողական հիմնարկ՝ մասնակցելու դատապարտյալների համար կազմակերպված շախմատի առաջնությանը:
ՀՀ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի, Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանի եւ «Հայաստանի շախմատի ֆեդերացիայի» աջակցությամբ «Գորիս» ք/հ-ում մեկնարկեց «Շախմատի միջհիմնարկային 2008» մրցաշարը, որին մասնակցած վեց դատապարտյալներից երեքը զբաղեցրին առաջինից երրորդ տեղերը: Եզրափակիչ փուլը կայանալու է Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատիստի կենտրոնական տանը: Ի դեպ, միջոցառման կազմակերպիչների խոսքերով` հաղթողին մեծ անակնկալ եւ նվեր է սպասվում: Ընդհանրապես, միջոցառումը շատ ինքնատիպ էր, քանի որ փակ ռեժիմային գոտում պահվող վեց դատապարտյալները խաղասենյակ մտան սառն ու վստահություն չներշնչող հայացքներով, սակայն խաղից հետո հրաժեշտ տվեցին ժպիտով եւ հետեւյալ խոսքերով. «Շնորհակալություն, որ այս միջոցառումը կազմակերպեցիք: Մենք մի պահ մոռացանք, թե որտեղ ենք գտնվում: Այս մրցումը մեր առօրյայում շատ բան փոխեց, էներգիայով լցվեցինք ու կյանքի հանդեպ մոտեցումը փոխվեց: Մենք ամեն ինչ կանենք, որ հետագա փուլերը հաղթահարենք»: Քրեակատարողական վարչության պետ, արդարադատության գեներալ-մայոր Աշոտ Մարտիրոսյանն առաջինից երրորդ տեղերը զբաղեցրած երեք դատապարտյալներին պատվոգրեր հանձնեց` խոստանալով հաղթանակի համար խրախուսական միջոցներ ձեռնարկել: «Հեռուստաֆուտբոլ պլյուս» հաղորդաշարի հեղինակ Ռուդիկ Բարսեղյանն, ով այս գաղափարն իրագործողներից մեկն է, հիշեց դատապարտյալների շրջանակում անցկացրած ֆուտբոլի մրցաշարը, որն ընթացել է մեծ ոգեւորությամբ եւ դրական արդյունքներով. «Այս գաղափարի մեխը քրեակատարողական հիմնարկներում մարզական միջոցառումների անցկացումն է, որի նախադեպն աշխարհում չկա: Միջազգային պրակտիկայում այս գաղափարը եզակի է, եւ այս դեպքում օտարներն արդեն մեր փորձը կօգտագործեն, ոչ թե մենք: Մարզական միջոցառումներն անցկացվում են ոչ թե հիմնարկների տարածքում, այլ` տարածքից դուրս, որտեղ, իմ խորին համոզմամբ՝ դատապարտյալն իրեն հասարակության լիիրավ անդամ է զգում»: Թեեւ գրեթե բոլոր կալանավայրերում էլ գոյություն ունեն մարզական դահլիճներ, այդուհանդերձ, մարզական նման մրցաշարերն անցկացվում են բաց տարածքներում, որպեսզի դատապարտյալները հասարակության ինտեգրման հարցում հետագայում խոցելի չլինեն: «Արդյունքների մասին, ճիշտ կլինի, խոսեն դատապարտյալները, որովհետեւ իմ կարծիքը սուբյեկտիվ կլինի, բայց կարող եմ մի բան պատմել. Երբ «Էրեբունի» մարզադաշտում դատապարտյալների շրջանում կազմակերպված ֆուտբոլային հանդիպումը մոտենում էր ավարտին, ես այս դաշտում լինելով ոչ պրոֆեսիոնալ եւ չիմանալով ներքին կանոնակարգը՝ վարչության պետին խնդրեցի, որ խաղի ավարտից հետո թույլ տա հանդիպում երկրպագուների` հարազատների, ընկերների հետ: Կադրերը պահպանում եմ, պետք էր տեսնել, թե ի՞նչ կատարվեց դաշտում, երբ երկրպագուները` ծնողները, երեխաները, կանայք մտան դաշտ՝ տեսակցելու իրենց դատապարտյալ հարազատին: Շատ հուզիչ տեսարան էր: Դրա մեջ մեծ ռիսկ կար, բայց արդյունքը շատ մեծ էր, փոխադարձ վստահություն էր ստեղծվել: Հետո ես իմացա, որ ԵԽ համապատասխան հարցերով զբաղվող ներկայացուցիչների մոտ դա մեծ տպավորություն է թողել»,- ասաց Ռ. Բարսեղյանը` նշելով, որ ՀՀ ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի հանդիպման ժամանակ նույնիսկ տրիբունաներում այդչափ մարզասեր չի հավաքվում: Մինչդեռ դատապարտյալների ֆուտբոլային հանդիպման ժամանակ երկրպագուների հոծ բազմություն է եղել, որոնք եղել են բանտարկյալների մտերիմները, հարազատները, ընկերները: Անդրադառնալով «Շախմատի միջհիմնարկային 2008» մրցաշարին՝ Ռ. Բարսեղյանը նշեց, որ բոլոր հիմնարկներում մրցումներն ավարտելուց հետո Շախմատիստի կենտրոնական տանը կանցկացվի եզրափակիչ փուլ: Միջքրեակատարողական հիմնարկների մրցաշարերի առաջնության ավարտից հետո 1-2-օրյա հավաք կանցկացվի Դատապարտյալների կենտրոնական հիվանդանոց ք/հ-ում, այնուհետեւ` Շախմատիստի կենտրոնական տանը կհայտարարվի հաղթողը: