Պատվի համար

20/04/2008

ԵԽ ԽՎ Մշակույթի, գիտության եւ կրթության հանձնաժողովի` Մշակութային ժառանգության ենթահանձնաժողովի զեկուցող Էդվարդ օգ Հարան ԵԽ ԽՎ երեկվա նիստում վստահեցրել է, որ մինչեւ տարեվերջ իրեն հնարավորություն կտրվի այցելելու Նախիջեւան եւ հարակից շրջաններ: Նա նաեւ հայտարարել է, թե ադրբեջանական կողմն անընդհատ հնարավորություն չէր տալիս փաստահավաք առաքելությանն այցելել Նախիջեւան` Նոր Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանոցների ավերման ահազանգով: Իսկ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանն «Ա1+»-ին ասել է, թե այսօր ԵԽ-ի համար պատվի խնդիր է ոչ միայն այն, որ բնաջնջվել է եվրոպական ժառանգության մի մաս հանդիսացող, «միջնադարյան, թվացյալ աննշան գերեզմանոցը», այլեւ այն, որ իր անդամ պետությունը թույլ չի տալիս իրեն ընդհանուր փաստահավաք առաքելություն իրականացնել: ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը եւս, պատասխանելով հայ լրագրողների հարցերին, ասել է, որ փաստահավաք առաքելությունն այս տարի անպայման կիրագործվի: Նշենք նաեւ, որ ԵԽ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Ավետ Ադոնցը ներկայացրել է տարածաշրջանային զարգացման նախագիծ, որը ստորագրել են մոտ 15 երկրների պատվիրակներ, սակայն ադրբեջանցիներն ու թուրքերը հրաժարվել են: