Էլիտար ստվերներ

20/04/2008

Երեւանի կենտրոնում, մասնավորապես` Հյուսիսային պողոտայում, այսօր վարձակալությամբ տրվող տարածքների գների վերաբերյալ ոչ վարձակալողները, ոչ էլ վարձակալությամբ տարածքներ տրամադրողները ՀՀ կառավարությանն առընթեր Հարկային պետական ծառայություն իրական թվեր չեն ներկայացնում: Այս մասին «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Ծառայության ունեցած տվյալներով` Երեւանի կենտրոնում 1 քմ-ի համար վարձակալական վճարները գերազանցում են 3000 դոլարը, սակայն այդ ուղղությամբ ՀՊԾ ներկայացվում են հիմնականում անհատույց ձեւակերպված պայմանագրեր, որոնց իսկությունը ճշտելն այնքան էլ հեշտ գործ չէ: Ա. Ալավերդյանի խոսքով` տարածքները վարձակալությամբ տվողները իրական թվերը չներկայացնելով` խուսափում են եկամտահարկ վճարելուց: Քաղաքի կենտրոնական հատվածներում տարածքներ վարձակալող միջազգային կազմակերպությունները նույնպես իրական գների մասին տեղեկատվություն չեն տրամադրում ծառայությանը: Ըստ նրա` երեւույթը կանխարգելելու համար համապատասխան աշխատանքներ են իրականացվում, եւ նախատեսվում է հարցը կանոնակարգել օրենսդրական փոփոխություններով: