Այսօր Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում քվեարկության է դրվելու ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի պատրաստած` «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ» զեկույցի նախագիծը, որում ՀՀ իշխանություններից պահանջվում է մի շարք կոնկրետ քայլեր ձեռնարկել Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղղությամբ: «Առաջինը, անհապաղ պետք է իրականացնել անկախ, թափանցիկ եւ վստահելի հետաքննություն մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ, ինչպես նաեւ` այն պատճառների, որոնք հանգեցրին այդ ամենին` ներառյալ Ոստիկանության կողմից ենթադրյալ անհամաչափ ուժի կիրառումը: Երկրորդ, ընտրություններից հետո ձերբակալված ընդդիմության բոլոր կողմնակիցներին, ինչպես նաեւ ԱԺ պատգամավորներին ներկայացված բոլոր մեղադրանքները պետք է հանվեն` եթե այդ մարդիկ հանցանք չեն կատարել: Ինչպես նաեւ` ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ձերբակալվել են ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով: Երրորդ, «Հանրահավաքների, երթերի, ցույցերի մասին» օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք հակասում են եվրոպական չափանիշներին, պետք է անհապաղ փոխվեն»,- նշված է նախագծում, ըստ որի՝ եթե այս պայմանները չկատարվեն, ապա Հայաստանի` որպես ԵԽ անդամի վստահելիությունը կդրվի կասկածի տակ: «ԽՎ-ն պետք է քննարկի վեհաժողովում հայաստանյան պատվիրակության քվեարկելու իրավունքի դադարեցման հնարավորությունը հունիսյան նստաշրջանում` եթե էական առաջընթաց չգրանցվի այս պահանջների հետ կապված»,- արձանագրված է զեկույցում: