Գա՛զ տուր, Հայաստա՛ն

18/04/2008 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Տեւական դադարից հետո գազի գնի թեման նորից հայտնվեց ուշադրության կենտրոնում։ ՀՀ նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն օրերս հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը մայիսի 1-ից դադարեցվելու է, եւ հայաստանցիները գազի համար ավելի մեծ գումար են վճարելու։ Սա նորություն չէր, դեռ 3 տարի առաջ բոլորը գիտեին, որ այդպես է լինելու՝ կոնկրետ ամսաթվով։ Պարզապես այդ ամսաթիվը համընկավ իշխանությունների համար շատ անպատեհ ժամանակների հետ։ Մարդիկ առանց այդ էլ բողոքում էին ընտրություններից հետո,
հիմա էլ՝ գազը։

Այս խնդրին երեկվա իր ասուլիսում անդրադարձավ «ՀայՌուսգազարդ» ընկերության գործադիր տնօրեն Կարեն Կարապետյանը։ Նա նշեց, որ թեեւ մայիսի 1-ից նախատեսվող քայլը հնչում է՝ որպես «սուբսիդավորման դադարեցում», սակայն ավելի ճիշտ է դա անվանել՝ «վճարման պայմանների փոփոխություն»։ Քանի որ Կ. Կարապետյանն իր ասելիքը ներկայացրեց մի քանի համարակալված պնդումներով, մենք էլ այս նյութը կներկայացնենք ըստ այդ պնդումների եւ դրանց արդյունքում առաջացած հարցադրումների։ Եվ այսպես, առաջին պնդումն այն էր, որ «ՀայՌուսգազարդը» եւ ՀՀ կառավարությունը կատարում են իրենց առաքելությունը՝ «մատչելի եւ ընդունելի գներով գազ մատակարարել ազգաբնակչությանը», ինչպես՝ մինչեւ մայիսի 1-ը, այնպես էլ՝ մայիսի

1-ից հետո։ Որպես հիմնավորում՝ պրն Կարապետյանը համեմատականներ անցկացրեց այլ երկրներում բնական գազի գների հետ։ Օրինակ, հարեւան Վրաստանում բնակչությունը 1000 խ/մ գազի դիմաց վճարում է 356 ԱՄՆ դոլար (մոտ 110 հազար դրամ)։ Մեզ մոտ այդ թիվը կազմելու է 84 հազար դրամ։ Ըստ Կ. Կարապետյանի, դադարեցվելու է ոչ թե պարզապես սուբսիդավորումը, այլ «տոտալ սուբսիդավորումը», երբ սուբսիդավորվում են անխտիր բոլոր գազ սպառողները։ Այդ դեպքում արդարության հետ կապված խնդիր էր առաջանում, քանի որ ավելի մեծ քանակի գազ սպառողներն ավելի մեծ ծավալի սուբսիդիա էին ստանում։ Հիմա՝ հարցը. եթե «տոտալ սուբսիդավորումը» լավ բան չէ՝ շարքային սպառողը սուբսիդավորվում է մի քանի հազար դրամով, իսկ խոշոր սպառողը՝ տասնյակ-հազարավոր դոլարներով, ինչո՞ւ են այդ մասին հայտարարում միայն հիմա, երբ սուբսիդավորման նպատակով հատկացված 188 միլիոն դոլարն արդեն սպառվել է։ Չէ՞ որ դեռ այն ժամանակ շատերն ասում էին՝ եթե գինը 3 տարի հետո, այսպես թե այնպես, թանկանալու է, ապա ավելի ճիշտ կլիներ ոչինչ չանել եւ Հայաստանի սեփականությունը հանդիսացող ռազմավարական օբյեկտները ռուսներին չտալ։ «ՀայՌուսգազարդին» տալը նույնպես նշանակում է՝ տալ ռուսներին, որովհետեւ այդ ընկերության հիմնական բաժնետերը ռուսական կողմն է։

Կ. Կարապետյանի հաջորդ պնդումն այն մասին էր, որ գազի գնի բարձրացմամբ մարդկանց վատ վիճակի մեջ չեն դնում, 84 հազար դրամ գնի դեպքում էլ պոտենցիալ սպառողը երջանիկ կլինի, երբ խողովակը տանեն-հասցնեն իր դռան մոտ։ Իհարկե, 84 հազար դրամանոց գազն էլ մարդիկ «կքաշեն» իրենց բնակարաններ, չի բացառվում նաեւ, որ դա անեն երջանկությամբ, սակայն շատ ավելի երջանիկ չէի՞ն լինի արդյոք, եթե ավելի քիչ վճարեին։

Կ. Կարապետյանի պնդումներից մեկն էլ այն էր, որ վճարման պայմանների փոփոխությունը ճիշտ ժամանակին է կատարվել։ Գազի սպառման 40-45%-ը բաժին է ընկնում ձմռան ամիսներին, իսկ այժմ՝ երբ եղանակը տաք է, եւ մարդիկ գազն օգտագործում են սուրճ կամ ձվածեղ պատրաստելու համար, գնի փոփոխությունն այդքան զգալի չի լինի։ Իսկ ձմռանը կառավարությունը մի բան կմտածի՝ չի թողնի, որ անապահով խավը տուժի։ Հարց. այդ «ճիշտ ժամանակն» իշխանությունները երկար հաշվարկների արդյունքո՞ւմ որոշեցին, թե՞ պարզապես սուբսիդավորման փողը՝ 188 միլիոն դոլարը, տաք օրերի ժամանակ վերջացավ։

Հաջորդ պնդումն էլ վերաբերում էր գործարարներին։ Նրանք նույնպես, ըստ Կ. Կարապետյանի, դժգոհելու պատճառ չեն ունենա։ Բացատրությունը շատ պարզ է. ներկայումս խոշոր սպառողները 1000 խ/մ գազի դիմաց վճարում են 101 դոլար, իսկ նման գին տարածաշրջանում չկա։ Այսինքն, մեր գործարարներն այս առումով մրցակցությունից դուրս են։ Մրցակցությունից դուրս կլինեն նաեւ մայիսի 1-ից հետո, երբ կվճարեն 153 դոլար. այդպիսի գին էլ տարածաշրջանում չկա։ Բացի այդ, ըստ Կ. Կարապետյանի, խոշոր սպառողների համար իրենք ժամանակին գինը սահմանել են դոլարով, իսկ դոլարի գինը վերջին տարիներին անկում է ապրել։ Եթե այն ժամանակ իրենք գինը սահմանած լինեին դրամով, ապա կստացվեր, որ այս տարիների ընթացքում ընկերությունները փաստացի վճարելիս կլինեին 150 դոլարի չափ գումար։ Գազի գնի հետագա թանկացման առումով՝ պրն Կարապետյանը կոնկրետ թվեր չհրապարակեց. պարզ չէ, թե 2009թ. հունվարի 1-ից սահմանի վրա գազը որքան է արժենալու։ «Մայիսին սպասվում է, որ Երեւան կայցելի «Գազպրոմի» տնօրեն Ալեքսեյ Միլլերը, որի հետ կքննարկվեն հետագա տարիներին գազի սակագները: Մենք կստանանք 3 տարվա համար սակագնային բանաձեւ»,- ասաց Կ. Կարապետյանը՝ խոստանալով, որ սակագինը 2009թ. հունվարից հետո կլինի այնպիսին, որ գազ ունեցող բնակիչները գոհ կմնան, չունեցողները՝ կցանկանան բնակարաններում գազ ունենալ, գործարարներն էլ դժգոհ չեն լինի։ Այս վերջին պնդումը ոչ թե հարցադրում է ծնում, այլ, ավելի շուտ՝ տարակուսանք, որովհետեւ մեր գործարարներն արդեն իսկ դժգոհում են։ Իհարկե, տարածաշրջանի այլ երկրների համեմատ՝ 1000 խ/մ-ի դիմաց 153 դոլարը լավ գին է, սակայն հայաստանյան արտադրողներն անգամ 101 դոլար գնի դեպքում մրցունակ չէին դրսի շուկաներում։ Բացի այդ, գազի գնի թանկացումը շղթայական ռեակցիայով առաջ է բերելու համընդհանուր գնաճ, որից տուժելու են բոլորը, այդ թվում՝ նաեւ սովորական սպառողը, անապահով խավը։ Իսկ կոնկրետ բիզնեսմենների համար խնդիրը բարդ է նաեւ նրանով, որ իրենց «գլխի գալիքը չգիտեն»՝ 2009-ից հետո գազը որքան կարժենա։ Իսկ անորոշության պայմաններում գործարարներից ինչպե՞ս կարելի է պահանջել մրցունակ լինել, երկարաժամկետ պլաններ կազմել, ապահովել վագրի հերթական թռիչքը։

Գազի գնի թեմայից հետո Կ. Կարապետյանն անցավ իրեն ավելի հաճելի թեմայի՝ ընկերության արդունքները ներկայացնելուն։ Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ դրանք իրոք տպավորիչ են. 2000-2007թթ. ընթացքում ՀՀ ներմուծվող եւ իրացվող բնական գազի ծավալներն աճել են ավելի քան 2 անգամ, փաստացի բաժանորդների թվաքանակը՝ 5.1 անգամ, պետբյուջե վճարումների ծավալը՝ շուրջ 11 անգամ, եւ այլն։ Մի խոսքով, «ՀայՌուսգազարդը» վնասաբեր ընկերությունից դարձել է շահութաբեր։ Դա ընկերությանը թույլ է տվել ոչ միայն 2.5 անգամ բարձրացնել սեփական աշխատողների աշխատավարձը, այլեւ մշակել խոշորամասշտաբ ծրագրեր՝ ապագայի համար՝ ոչ միայն գազի ոլորտում։ Մասնավորապես, ընկերությունը ցանկանում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից բացի, ռուսական կողմից գնել նաեւ մյուս 4 բլոկները՝ այսպիսով ստեղծելով մեկ ընդհանուր օրգանիզմ։ Ինչ վերաբերում է 5-րդ բլոկին, ապա այն շահագործման կհանձնվի 2010թ., ներկայումս ընթանում է կապառալուի մրցույթը։ Ակտիվ բանակցություններ են տարվում ռուսական եւ իրանական կողմերի հետ՝ նավթի վերամշակման գործարան կառուցելու շուրջ։ Մի խոսքով, գնում ենք, ավելի ճիշտ՝ «ՀայՌուսգազարդը» գնում է դեպի պայծառ ապագա։

Նշենք, որ, թեեւ այս բոլոր հարցադրումներն առաջացան Կ. Կարապետյանի պնդումներից հետո, սակայն ասուլիսի ժամանակ չհնչեցին։ Պատճառն այն է, որ այդ հարցերն ուղղված են ոչ թե նրան, այլ ՀՀ կառավարությանը։ «ՀայՌուսգազարդը» շահույթ հետապնդող մասնավոր ընկերություն է եւ պարտավոր չէ հոգալ սոցիալապես անապահով խավի մասին։ Այդ մասին պետք է հոգա կառավարությունը։ Երեւի Կ. Կարապետյանին խնդրել են, որ ինքն էլ պարզաբանումներ տա, բացատրի, մխիթարի, որովհետեւ մարդիկ, որպես կանոն, կառավարությանն ամենաքիչն են հավատում։ Խնդիրը, սակայն, այն է, որ մարդիկ հավատում են միայն սեփական աչքերին։ Իսկ թե ինչ կարձանագրեն այդ աչքերը, ցույց կտա միայն ժամանակը։ Դեռեւս` ամառային: