«Ո՞ր Հայաստանի վարչապետն է Տիգրան Սարգսյանը»

18/04/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

– ՀՀ վարչապետ նշանակվեց անկուսակցական Տիգրան Սարգսյանը: Այդ պաշտոնում ԿԲ նախկին նախագահի նշանակումը հիմնավորվեց հիմնականում նրանով, որ նա գրագետ, պրոֆեսիոնալ տնտեսագետ է եւ կկարողանա այս փուլում երկրի տնտեսության զարգացման համար դրական փոփոխություններ կատարել: Ինչպե՞ս եք գնահատում այս նշանակումը:

– Սկսենք նրանից, որ քաղաքական պաշտոնին նշանակման ժամանակ կիրառվել է ոչ քաղաքական մոտեցում: Ընդհանրապես որեւէ գործի հաջողությունը սկսվում է նրանից, թե արդյոք տվյալ անձը համապատասխանո՞ւմ է իր պաշտոնին: Արդյոք նա կունենա՞ քաղաքական այն ձիրքը, քաղաքական ձգտումները, սկզբունքները, որոնք մեր հասարակությանը կտանեն զարգացման: Իբրեւ անձ, իհարկե, Տ. Սարգսյանը որոշակիորեն տարբերվում է նախորդ վարչապետներից, թեեւ նշեմ, որ բարձր կարծիք չեմ ունեցել նախորդ կառավարությունների եւ նրանց ղեկավարների վերաբերյալ: Այնուամենայնիվ, զարմանում եմ Տ. Սարգսյանի համար: Չէի սպասում, որ այս իրավիճակում նա համաձայնություն տար: Փորձենք գնահատել, թե ինչ ժառանգություն է նա ստանում վարչապետի պաշտոնը ստանձնելիս: Բազմաթիվ կեղծիքներով ընտրությունները փաստ են, եւ մարտիմեկյան սպանդը Երեւանի փողոցներում, որ իշխանություններն են կազմակերպել: Այսօր մենք գործ ունենք երկու Հայաստանի հետ: Մեկն այն Հայաստանն է, որ այդ կեղծիքներն է արել, խաղաղ ցուցարարների դեմ զենք է կիրառել, սահմանափակում է մարդկանց իրավունքները, ամեն քայլափոխի ոտնահարում իրենց իսկ կողմից ընդունված օրենքները եւ այլ բացասական երեւույթներ թույլ տալիս: Մյուսն էլ այն մարդկանց, այն հասարակության Հայաստանն է, որտեղ դրվում են արդար ընտրությունների, ընդհանրապես օրինականության եւ արդարության հաստատման պահանջներ: Հիմա ո՞ր Հայաստանի վարչապետն է դառնալու Տ. Սարգսյանը: Այն Հայաստանի՞, որն այդ կեղծիքներն է արել, անում է եւ անելու է, այն, որ կոռուպցիայի մեջ մխրճվել ու խեղդվո՞ւմ է, թե՞ այն ՀՀ-ի, որը պայքարում է արդարության համար եւ ուզում է իր երեխաների ապագան տեսնել այս երկրում: Այս հարցերի պատասխանը Տիգրան Սարգսյանը պետք է տա, եւ սա նրա տնտեսագիտական եւ այլ գիտելիքներով չի որոշվելու: Սա քաղաքական դիրքորոշման խնդիր է: Խնդրեմ` Տ. Սարգսյանը թող արտահայտի իր դիրքորոշումը, եւ այդ ժամանակ ես արդեն կարծիք կկարողանամ հայտնել` արդյոք նա հաջողություն կունենա՞: Հիմա նախորդ վարչապետներից մեկն էլ 7 տարի աշխատեց, համարյա ոչինչ չարեց, բայց նրանից բոլորը գոհ են: Տ. Սարգսյանը այսպիսի՞ վարչապետ է ուզում դառնալ: Ես դա չեմ ուզում: Ես ուզում եմ, որ իմ երկիրը 3 քայլ, 5 քայլ առաջ գնա:

– Եթե հարցի քաղաքական կողմն անտեսենք եւ այս նշանակումը դիտարկենք զուտ տնտեսական գործընթացների տեսանկյունից, ի՞նչ եք կարծում՝ ԿԲ նախկին նախագահը կկարողանա՞ ՀՀ տնտեսության առջեւ ծառացած խնդիրների համար լուծումներ գտնել:

– Նախ՝ հիշեցնեմ, որ նման նշանակում արդեն իսկ մեզանում եղել է` 1998թ. վարչապետ նշանակվեց ԿԲ նախկին տեղակալը` Արմեն Դարբինյանը, որն օժտված էր բավականին լուրջ լիազորություններով, պետք է ձեւավորեր տնտեսագիտական թիմ, եւ այլն: Սակայն փորձը ցույց տվեց, որ զուտ տնտեսական չի լինում: Առավելեւս այսօր, երբ վարչապետի հնարավորություններն էապես սահմանափակված են, երբ մինչ վերջինիս քաղաքական ասպարեզում հանդես գալը ստորագրվել էր խորհրդարանական չորս ուժերի համաձայնագիրը: Սա որոշակիորեն սահմանափակում է ցանկացած վարչապետի իրավասություններն ու հնարավորությունները, այդ թվում նաեւ՝ պրոֆեսիոնալ թիմ ձեւավորելու ցանկությունը: Ի՞նչ է անելու այս պարագայում Տ. Սարգսյանը: Բացի այդ, բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանում կոռուպցիայի մակարդակը 1998-ին եւ 2008-ին անհամեմատելի են: Եվ եթե 1998թ. կոռուպցիայի դեպքեր են եղել, ապա այսօր դա համատարած երեւույթ է ու համակարգային բնույթ է կրում: Խնդրեմ` ցանկացած պետական ատյանում փորձեք մի հարց լուծել, եւ կիմանաք, թե հաջողության համար ի՞նչ միջոցների պետք է դիմեք: Եթե այսօր մենք մեր երկրի մոդելի մասին ենք խոսում, ապա մեզանում վերականգնվել է Սովետմիությունն իր ամենաայլանդակ դրսեւորումներով: Այսօր շուկայի ազատականացման մասին կարո՞ղ ենք խոսել: Այսօր որեւէ մեկը կարո՞ղ է առանց տանիքի որեւէ քայլ անել այս երկրում: Որեւէ եկամտաբեր ոլորտում փորձեք նախաձեռնությամբ հանդես գալ: Կոչնչացնեն ձեզ, թույլ չեն տա: Պիտի գնաք, սրա-նրա տանիքի տակ մտնեք:

– Վարչապետ նշանակվելու հաջորդ օրը Տ.Սարգսյանը հայտարարեց, որ «մեծ եռանդով» պայքարելու է մենաշնորհների եւ կոռուպցիայի դեմ:

– Ես ողջունում եմ այդ ցանկությունը, բայց այդ համակարգն ո՞վ է ստեղծել: Այդ հայտարարություններից ես հասկանում եմ, որ ինքն իրեն ուզում է հակադրել գործող ռեժիմին: Ի՞նչ է, նա պայքարելու է Քոչարյանի ստեղծած համակարգի դե՞մ: Քոչարյանի պաշտոնաթողությունից հետո նրա իշխանությունն ուղղակի շարունակվում է: Քաղաքական համակարգն անփոփոխ է մնացել: Քաղաքական դաշտում որեւէ տեղաշարժ չի եղել, իշխող կուսակցությունն էլի ՀՀԿ-ն է, որի անդամ դառնալն այսօր նշանակում է՝ այդ կոռուպցիոն համակարգին մասնակից լինել: Մարդիկ մտնում են այդ կուսակցություն ավելի պաշտպանված եւ կերակրատաշտին մոտ լինելու համար: Այս քաղաքական կոռուպցիայի դեմ Տ. Սարգսյանն ինչպե՞ս է պայքարելու: Գաղտնիք չէ, որ մեր պատգամավորներից շատերը ոչ թե իրենց մտավոր, քաղաքական ունակությունների համար, այլ` փող ունենալու համար են դարձել պատգամավոր, փող են տվել, որ դարձել են պատգամավոր: Դրա դեմ ինչպե՞ս է պայքարելու: Խնդրեմ, թող պայքարի: Բայց եթե բերի գործիքակազմ, միջոցներ բերի եւ ասի, թե՝ ՀՀ ապագայի առաջ կառուցված այս պատը ես քանդելու եմ այս միջոցներով, ես այդ ժամանակ նոր լուրջ կվերաբերվեմ Տ. Սարգսյանի հայտարարություններին:

– Եթե Տ. Սարգսյանը չի կարող ոչինչ փոխել, այդ դեպքում ինչո՞ւ հենց նրան նշանակեցին վարչապետի պաշտոնում: Կարող էր նշանակվել նաեւ որեւէ քաղաքական դեմք:

– Նախ՝ ես խիստ կասկածում եմ, որ վերափոխման մասին որեւէ մեկը լուրջ մտածում է: Փետրվարյան ընտրությունները մեզանում առանձնահատուկ էին. մենք իսկապես կանգնած էինք ընտրության առջեւ` բացել ՀՀ-ի մի նոր է՞ջ, թե՞ վերարտադրել այն բացասական երեւույթները, որ արմատավորվում էին մեր երկրում: Պատասխանը գիտենք բոլորս` իշխանությունները միանշանակ հայտարարեցին` մտքներովդ հանկարծ չանցնի, թե ընտրության հնարավորություն կունենաք, կգաք եւ կխոնարհվեք հրապարակված արդյունքի առջեւ: Իսկ բուն նշանակումը` հավանաբար աշխարհի աչքերին թոզ փչելու համար էր: Ի վերջո, գրագետ է, ներկայացուցչական, քաղաքական համակարգից անկախ: Հասկանում եմ, իհարկե, որ առաջիկայում պետք է վերաձեւավորվի քաղաքական դաշտը, ասպարեզից դուրս մղվի դժվար ընկալելի դարձած իշխող կուսակցությունը, գուցե՞ այս նպատակով` դժվարանում եմ գնահատել:

– Իսկ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցանկություն եւ քաղաքական կամք է դրսեւորում ու փորձում է Ձեր թվարկած քաղաքական խնդիրները լուծել, ապա այդ դեպքում վարչապետ Տ. Սարգսյանը կկարողանա՞ տնտեսական բարեփոխումներ իրականացնել:

– Այսօր մեր երկիրը պառակտված է: Մենք ունենք իր լավի ու վատի համար պայքարող սովորական Հայաստան ու վիրտուալ` պաշտոնյաների Հայաստան: Այսօր իմ ընկերներից շատերը բանտերում նստած են, նրանց պահում են իբրեւ պատանդ, ոչ մի քննչական միջոցառում չի իրականացվում: Նրանք բանտեր են նետվել իրենց քաղաքական հայացքների համար: Սա մի իրողություն է, մյուս կողմից, օրինակ, հայտնի է, որ հրազենից զոհեր են եղել: Ո՞վ է կիրառել, ի՞նչ պարագաներում, արդյո՞ք արդարացված էր ուժի կիրառումը՝ ընդհանրապես եւ զենքի` մասնավորապես: Խաղաղ ցույցեր էին, մարդիկ արդարություն էին պահանջում, հետո ի՞նչ եղավ, որ այդպես ստացվեց: Ինչո՞ւ պետք է իմ հարազատ քաղաքում արյուն թափվեր: Թող ազատ արձակի քաղաքական հայացքների համար ձերբակալվածներին, գնահատական տա ընտրակեղծիքների նախաձեռնող պաշտոնատար անձանց, այս հարցերի պատասխանը տա, առաջինը ես գնամ-ասեմ՝ Տիգրան ջան, ես էլ գամ, օժանդակեմ` էս երկիրը երկիր դարձնենք: Բայց եթե նա գալիս է մասը դառնալու այս համակարգի, ապա ես նրանից որեւէ ակնկալիք չեմ կարող ունենալ:

– Իսկ ինչպե՞ս եք գնահատում Տ. Սարգսյանի աշխատանքը ԿԲ-ում:

– Նախ՝ հիշեցնեմ, որ այս բոլոր տարիների ընթացքում ես ղեկավարվել եմ մի սկզբունքով` ԿԲ-ի մասին կամ դրական, կամ ոչինչ: Այնուամենայնիվ, ԿԲ-ում նրա աշխատանքն, ընդհանուր առմամբ, դրական է բնութագրվել, այսօրվա պետական պաշտոնյաների մեջ Տ. Սարգսյանն աչքի է ընկնում գրագիտությամբ, ի տարբերություն շատ ու շատ պետական ատյանների, այստեղ ձեւավորված ժառանգությունը չոչնչացվեց: Մինչ օրս էլ իրենց տեղը եւ դերը համակարգում պահպանում են կադրերի զգալի մասը, հիմնականում անփոփոխ մնացին քաղաքականության սկզբունքները: Իհարկե, ես հասկանում եմ, որ հասարակության մի ստվար հատված դժգոհություններ ունի դրամի արժեւորման, գնաճի համար: Հրապարակում առկա են բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը տրված չէ: ԼՂ-ում էլ նույն Ռոբերտ Քոչարյանի աշխատանքին ես դրական եմ վերաբերվել, մինչդեռ ՀՀ-ում նրա կերպարափոխումն ապշեցուցիչ էր:

– Այսօր, կարծեք թե, միայն ԿԲ-ն է դարձել փոխարժեքի անկման միակ պատասխանատուն: Իրականում այդպե՞ս է:

– Ճիշտ չէ ամբողջ պատասխանատվությունը դնել ԿԲ-ի վրա: Փոխարժեքը տնտեսական քաղաքականության արդյունք է: Ուղղակի մեզ մոտ քաղաքականությունն այնպիսի որակներ է ձեռք բերել, որ կառավարությունը կարող է հրաժարվել պատասխանատվությունից եւ ոչ մի բան չանել: Երբ ամբողջ հասարակությունը անհանգստացած էր դրամի արժեւորումով, կառավարությունը որեւէ քայլ չարեց: Այո, ԿԲ-ն պատասխանատու է, բայց նա միակ պատասխանատուն չէ: Երբ երկիր ֆինանսական հոսքեր են գալիս, դա վատ բան չէ: Իհարկե, դա նաեւ խնդիր է առաջացնում, անհրաժեշտ է կառավարել այդ հոսքերը: Հարեւան Ադրբեջանը, բացի մասնավոր տրանսֆերտներից, ունի հսկայական ծավալի կապիտալի հոսքեր, էլ չեմ ասում նավթային դոլարների մասին, սակայն մանաթի վարքագիծը շատ ավելի զուսպ է: Ադրբեջանը պահուստային ֆոնդեր ստեղծեց, որոնք թույլ տվեցին արտարժույթի որոշակի մասը չեզոքացնել, եւ մյուս կողմից էլ՝ ներդրումներին միտված քայլեր ձեռնարկեց: Իսկ մեզանում գործնական ոչ մի քայլ չձեռնարկվեց: Վերջին 15 տարիներին, օրինակ, մեր երկրի բոլոր վարչապետերն ասում են, թե Հայաստանին նոր ատոմակայան է պետք, բայց, բացի խոսքից, ուրիշ ի՞նչ է արվել: Դրա համար արտարժութային միջոց ետ դնեին, կամ իրական միջոցներ ձեռնարկվեին տեղական ներդրումների խրախուսման, նոր տեխնոլոգիաների ձեռքբերման համար, եւ դրանով շուկայի վրա ազդեցությունը կչեզոքացվեր: Էլ չեմ ասում, որ ներդրումների գնալու մտայնությունը կմտներ հասարակության մեջ: