Չեն ճանաչում

18/04/2008

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը երեկ հայտարարել է, թե Lեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորումը բխում է Հայաստանի եւ Ադրբեջանի շահերից եւ «կարող է արագ լուծվել, եթե կողմերը քաղաքական կամք դրսեւորեն»: «Մինսկի խմբի դիվանագետները որոշ դեպքերում մոտ էին համաձայնության հասնելուն: Ժամանակն է, որ կողմերը դժվարին որոշումներ ընդունեն հակամարտության վերջնական լուծման համար»,- Թուրք-ամերիկյան խորհրդի նիստում ունեցած իր ելույթում ասել է Ռայսը: «Դա պետք է արվի: Ես երկու կողմին էլ պարզաբանել եմ` եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի կառավարություններին, որ նրանք հետ են մնում տարածաշրջանում, որովհետեւ չեն լուծում այս հակամարտությունը: Դա կարելի է անել, եթե քաղաքական կամք կա: Եվ դա պետք է արվի»,- նկատել է նա: Ի դեպ, երեկ ԱՄՆ Պետդեպը նաեւ «ԱՄՆ-ը ու Lեռնային Ղարաբաղի հակամարտությունը» վերնագրով փաստաթուղթ է տարածել, որտեղ նշված է. «ԱՄՆ-ը չի ճանաչում LՂՀ-ն որպես անկախ պետություն, եւ դրա ղեկավարությունը չի ճանաչվում ինչպես միջազգայնորեն, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից: ԱՄՆ-ը պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ գտնում է, որ LՂ ապագա կարգավիճակը կողմերի միջեւ բանակցությունների խնդիր է, որի նպատակն է՝ հակամարտության տեւական ու համընդհանուր քաղաքական լուծումը»: Փաստաթղթում նաեւ նշված է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնում LՂ հակամարտության խաղաղ կարգավորումը գտնելուն` Մինսկի խմբի գործընթացի միջոցով: