Կոալիցիա է, … չկա նախկին պոպուլիզմը

18/04/2008

Նոր ձեւավորվող կառավարությունում «Օրինաց երկիր» կուսակցությունը կունենա 2-3 նոր պորտֆել եւ երկու հանձնաժողովի նախագահ Ազգային ժողովում:

Այդ մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարել է ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամ, պատգամավոր Արտաշես Ավոյանը` ավելացնելով սակայն, որ կառավարության վերջնական կազմի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, եւ ամեն ինչ պարզ կդառնա միայն շաբաթվա վերջում: «Մեզ համար կարեւորը ոչ թե պաշտոններն են, որոնք մենք ստանալու ենք, այլ մեր ծրագրերի իրականացումը, իսկ մեր ծրագրերը, ինչպես հայտնի է, 90 տոկոսով ընդգրկված են կոալիցիոն հուշագրում»,- ասել է Ավոյանը: Հիշեցնենք, որ ըստ շրջանառվող լուրերի, ՕԵԿ-ին են տրվելու Կապի եւ տրանսպորտի եւ նոր ստեղծվելիք Գիտության նախարարությունները:

Ընդամենը երկու ամիս առաջ արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՕԵԿ անդամը այսօր արդեն «հաջողված» է համարում վարչապետի եւ նորանշանակ նախարարների ընտրությունը` համարելով նրանց փորձառու, կայացած ու հանրային ընկալում ունեցող գործիչներ: Ընդ որում, ոչ վաղ ընդդիմադիր անցյալում Ա. Ավոյանի կուսակցական ղեկավարը նույն այդ «հաջողված» վարչապետի եւ նախարարների մասին ամենեւին «ոչ հաջողված» բազմաթիվ բոցաշունչ ելույթներ է ունեցել: Վստահաբար կարելի է ասել, որ կոալիցիայի անդամ չդառնալու դեպքում հենց այս օրերին իշխանություններին ամենաշատը քննադատողն իր պոպուլիզմով հայտնի Արթուր Բաղդասարյանն էր լինելու: Դժվար չէ պատկերացնել, թե ինչպիսի հուզական տոնով նա կհայտարարեր, որ «իշխանությունը հերթական անգամ կեղեքում, թալանում է սեփական խեղճ ժողովրդին` բարձրացնելով գազի գները»: Մինչդեռ արդեն կոալիցիոն ՕԵԿ-ի անդամ Արտաշես Ավոյանը` երեկ անդրադառնալով գազի գնի բարձրացմանը, հայտարարել է, թե դա կրում է ընդամենը «տեխնիկական բնույթ»: Ըստ նրա, Հայաստանը տարածաշրջանում միակ երկիրն է, որտեղ գազը սպառվում էր ամենացածր գնով, գազի գնի սուբսիդավորումը սկսվել էր 2006 թվականից, եւ գների բարձրացումը չպետք է կապել այլ հարցերի հետ: Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, ապա այս հարցում եւս ՕԵԿ-ի դիրքորոշումը գրեթե ոչնչով չի տարբերվում իշխանական մյուս կուսակցությունների հայտարարություններից: «Մենք հայտարարում ենք, որ ստեղծված վիճակից ելքը հանրային համերաշխությունն է, գործընկերությունն ու երկխոսությունը: Սա կարող է երկիրը դուրս բերել լարվածության վիճակից»,- ասել է Արտաշես Ավոյանը, ավելացնելով, որ կարեւոր է գնահատում այդ երկխոսության մեկնարկը, որն այսօր չկա: Իսկ հարցին, թե ի՞նչ թեմայի շուրջ կարող է կայանալ այդ երկխոսությունը, ՕԵԿ-ական պատգամավորը, ըստ էության, չի պատասխանել: «Այսօր իրավիճակը լարված է: Նորից ինչ-որ հավաքներ, հանրային զբոսանքներ: Հիմա, ենթադրենք, Ազատության հրապարակում հավաքվում է 1000 մարդ՝ նույն վրաններով, նույն գործելակերպով, ի՞նչ պետք է արվի այս դեպքում»,- հարցրել է Ավոյանը, որին, չգիտես ինչու, թվում է, թե երբ մարդիկ հավաքվում են հրապարակում՝ անպայման ինչ-որ բան պետք է «արվի»: Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե Ոստիկանությունը ոչ համարժեք գործողություններ է իրականացնում հանրային զբոսանքների ժամանակ, ինչը գուցե ավելի է լարում իրավիճակը, Ա. Ավոյանը պատասխանել է. «Ձերբակալվածների, կալանավորվածների հետ կապված՝ այսօր իրականացվում է հետաքննություն, եւ այդ ընթացքում հանգամանքների բացահայտման հետեւանքով այդ գործողություններին գնահատական է տրվում»:

Անդրադառնալով ԵԽ ԽՎ-ում քննարկվող Հայաստանի վերաբերյալ բանաձեւի նախագծին, Ա. Ավոյանը հայտարարել է. «Երեկ քննարկումներ են եղել, հնչել են քննադատական ելույթներ, եւ այն ուղղությունները, որոնք ընդգրկում էին այդ ելույթները, դրանց կապակցությամբ շեշտադրումներ կան նաեւ կոալիցիոն փաստաթղթում, կապված խոսքի ազատության, մամուլի անկախության եւ ժողովրդավարական հաստատությունների կայացման ու ամրապնդման հետ: Ես չեմ ուզում շտապել գնահատական տալ, քանի դեռ բանաձեւը չի ընդունվել»: