Ավելի լավ է պարտվել սեփական թիմով, քան հաղթել ուրիշների հետ…
Նիկոլո Մաքիավելի
ՀՀ-ում հերթական սպասողական վիճակն է. բոլորը սպասում են նոր կառավարության կազմի հաստատմանը: Մեր քաղաքացիներին լիովին կարելի է հասկանալ, որովհետեւ սա, թերեւս, փոփոխությունների այն առաջին քայլը պետք է լինի, որի մասին մի քանի անգամ բավականին անթաքույց արտահայտվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը (այդ թվում նաեւ՝ իր հայտնի ինտերնետային հեռուստահարցազրույցի ժամանակ): «Կանեմ` կտեսնեք» արտահայտությունն ամենահիշարժաններից էր վերոնշյալ հարցազրույցում:
Մամուլն, արդեն մի քանի օր է` փորձում է գուշակել, թե ո՞վ` ի՞նչ նախարարական պորտֆել կստանա ապագա կառավարության կազմում: Իսկ առայժմ կարող ենք ֆիքսել միայն այն, ինչ արդեն ունենք: Ունենք ոչ մականունավոր, տնտեսագետի լուրջ համարում ունեցող վարչապետ, ունենք իբրեւ մարդ եւ կադրային զինվորական մեծ հեղինակություն վայելող պաշտպանության նոր նախարար, ունենք ֆրանկո-ռուսամետ արտգործնախարար, որը ճանաչված է որպես պրոֆեսիոնալ դիվանագետ: Չունենք մաքսային ծառայության ամենավարկաբեկված պետը: Ունենք նաեւ կոալիցիոն կառավարություն… Այ, այստեղ կարելի է փոքր-ինչ կանգ առնել: Եթե իշխանություններն ու իշխանական լրատվամիջոցները միշտ եւ հատկապես վերջին մեկ տարին անընդհատ պնդում էին, թե ընդդիմադիր դաշինքների փորձը ցույց է տվել, որ նրանք անարդյունավետ են, ապա գրեթե նույնը կարելի է ասել իշխանական կոալիցիաների մասին: Այսօր արդեն կոալիցիայի որոշ ուժեր փորձում են խուսափել ապագա պատասխանատվությունից` ակնարկելով, որ «վարչապետի թեկնածության հարցը վերապահված է ՀՀԿ-ին, եւ, որ վարչապետի պաշտոնի համար կարեւոր են ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ մարդկային որակները»: Էլ չեմ խոսում ՀՅԴ-ի եւ ՕԵԿ-ի վաղեմի սովորության մասին, այն է` միայն սեփական պորտֆելների, ոլորտների համար պատասխանատվություն կրելու, կամ էլ ընդհանրապես կոալիցիոն պատասխանատվությունից «աբխադիտ» լինելու բազմակի օրինակները: Ինչեւէ, ունենք այն, ինչ ունենք: «Նվագախմբի տղաների» հերոսներից մեկի պես կարող ենք ասել` «հըլը մի բան էլ ավել»: Ինչո՞ւ, որովհետեւ կառավարության նախկին կառուցվածքը նախատեսված էր եռակողմ կոալիցիայի համար, իսկ այժմ շտապ կերպով պետք է քառակողմ կոալիցիայի «հագով կարվի» այս նոր կառավարության կառուցվածքը, որտեղ կավելանան մի քանի նախարարություններ: Իհարկե, ողջունելի է այն փաստը, որ ՀՀ-ում այսուհետ լինելու են նաեւ բարձր տեխնոլոգիաների, սփյուռքի հետ կապերի առանձին նախարարություններ: Բայց այդ փաստը կրկնակի հաճելի կլիներ, եթե այդ նախարարությունների կարիքը զգացվեր ոչ թե քաղաքական գործընթացներից ելնելով, որպեսզի բավարարվի կոալիցիոն կողմերի քմահաճույքը, այլ դրանք ստեղծվեին` ելնելով մեր պետության տնտեսության կարիքներից: Ավելին, որոշ նախարարություններ պարզապես կիսվելու են: Օրինակ` Կրթության եւ գիտության նախարարությունը, որը վերաձեւվելու է որպես երկու առանձին նախարարություններ` մեկը՝ ՕԵԿ-ի համար, մյուսը` ՀՅԴ-ի: Այստեղ չեմ կարող չհիշել Լյուդովիկոս 14-րդի հանճարեղ խոսքերը. «Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկին նշանակում եմ բարձր պաշտոնի, ես ստեղծում եմ 99 դժգոհի եւ մեկ անշնորհակալի»: Երկրում սպասողական վիճակը, սակայն, չի սահմանափակվում միայն նախարարական պորտֆելներով: Չէ՞ որ կառավարությանն առընթեր մարմինները ոչ պակաս «չալաղաջ» կտորներ են: Առավել եւս, որ կյանքի բերումով մեր քաղաքացիներն այդ մարմինների հետ ավելի հաճախ, ամեն օր են շփվում: Օրինակ, Հարկային պետական ծառայությունը, Մաքսային պետական կոմիտեն, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն: Էլ չեմ խոսում` ՀՀ Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայությունների մասին: Լուրեր են պտտվում, որ սա ժամանակավոր կառավարություն է լինելու: Չի բացառվում: Սա ինձ ավելի շատ կարող է հիշեցնել «Ավինյոնի պապի» պատմությունը (կոալիցիոն պատգամավորներից քչերը կհասկանան` ո՞ւմ մասին է խոսքը), քան կարող եմ հավատալ նման լուրերին:
Ժամանակավո՞ր է լինելու, թե՞ ոչ ապագա կառավարությունը, դա այլ խնդիր է, բայց, որ այն թարմացման կարիք է զգում` դա միանշանակ է: Կարծիք կա, թե ապագա կառավարությունը, հիմնականում, «ռակիրովկա» եղած հինն է, գումարած` ՕԵԿ-ը: Կարծում եմ` մեր հասարակությունը դա չի ակնկալում ՀՀ նորընտիր իշխանություններից: Մեր նախկին գործընկերուհի Նաիրա Զոհրաբյանը ՀՀ վարչապետի նշանակումից անմիջապես հետո ասաց` «Կաշխատենք` կտեսնենք»: Մենք կարող ենք միայն ասել. «Կապրենք` կտեսնենք»: