Երեկ ժամը 14։00-ի սահմաններում ԳԱԼԱ հեռուստաընկերություն են ներկայացել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները՝ ի կատար ածելու ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի վճիռը, որն անփոփոխ էր թողել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 29-ի վճիռը: Հիշեցնենք, որ այդ վճռով պարտադրվում է «ՉԱՊ» ՍՊԸ-ին ազատել «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հեռարձակող սարքավորումները Գյումրու քաղաքապետարանին պատկանող հեռուստաաշտարակի վրայից։ Երեկ ժամը 16։00-ից «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը զրկված է եթեր դուրս գալու հնարավորությունից։ «Հեռուստաընկերության ժամանակավոր եթերազրկումը Հայաստանում ստեղծված լարված ներքաղաքական իրավիճակի պայմաններում հղի է անկանխատեսելի զարգացումներով, մասնավորապես՝ հանրապետության երկրորդ քաղաքում։ Ի հավելումն՝ տեղեկացնենք, որ հեռուստաաշտարակի վրա գտնվող սարքավորումները կարող են ապամոնտաժել միայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետները։ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության հիմնադիր Վահան Խաչատրյանն առաջարկեց հետաձգել ապամոնտաժման գործողությունները, մինչեւ համապատասխան մասնագետների այցելությունը, ինչին համաձայնություն չտվեցին ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները։ … ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների հապճեպ գործողությունները հիմք են տալիս ենթադրելու, որ «ԳԱԼԱ» հեռուստաընկերության օր առաջ եթերազրկումն իշխանությունների համար օրակարգային թիվ մեկ խնդիր է մնում»,- ասված է հեռուստաընկերության տարածած հայտարարության մեջ: