Հայաստանում 2005-2006թթ. սկիզբ առած կենսաթոշակային բարեփոխումների շրջանակներում արդեն հաջորդ տարի հանրապետությունը կարող է անցնել կուտակային համակարգերի ձեւավորմանը: Այդ մասին երեկ հրավիրված ասուլիսում հայտարարել է ՀՀ Սոցիալական ապահովագրության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը: Ըստ նրա, կենսաթոշակային բարեփոխումները կհանգեցնեն արդարացի համակարգի ներդրմանը, որպեսզի մարդու կյանքի ընթացքում կատարված ապահովագրական վճարի եւ կենսաթոշակի միջեւ ուղիղ կապ լինի: Այդ նպատակով երկրում պետք է ստեղծվեն իրական կամ պայմանական կուտակային համակարգեր, ինչը հնարավորություն կտա թեթեւացնել կենսաթոշակային համակարգի բեռը, իսկ յուրաքանչյուր քաղաքացուն` ինքնուրույն մասնակցություն ունենալ սեփական կենսաթոշակի գոյացման գործում: Վ. Խաչիկյանի խոսքերով, համակարգի ներդրումը կարող է նպաստել նաեւ երկրում ֆինանսական կյանքի, կապիտալի շուկայի, հիպոթեքային ծրագրերի աշխուժացմանը, աշխատուժի եւ պետական բյուջեի ավելացմանը: Ներկայումս ընթանում է կուտակային համակարգերի ձեւավորման օրենսդրական ապահովման փուլը, որին կհաջորդի տեխնիկական ապահովման գործընթացը: Ըստ Խաչիկյանի` ծառայության կենսաթոշակառուների բազայում հաշվառված է 523.000 քաղաքացի, որոնցից կենսաթոշակ են ստանում 480.000-ը, մյուսներն այս պահին բացակայում են հանրապետությունից կամ մշտական հաշվառման վայրից: Նա նաեւ նշել է, որ մինչեւ 2012 թվականը կենսաթոշակների ավելացումը կանխատեսված է հնարավոր գնաճի հաշվարկմամբ, եւ դրանց ավելացումը միշտ կատարվում է ավելի, քան սպասվող գնաճը: Այդ առումով, ըստ նրա, նաեւ նկատի ունենալով սոցիալական անապահով խավերի նկատմամբ կառավարության նախանշած` գնաճի մեղմման ծրագրերը, հնարավոր կլինի այնպես անել, որ գազի գնի թանկացման հետեւանքով նպաստառու ընտանիքները եւ սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված կենսաթոշակառուները լուրջ խնդիրներ չունենան: ՀՀ կառավարությունը մշակում է միջոցառումների ծրագիր, որը կուղղվի սոցիալական նպաստների համակարգում ընդգրկված ընտանիքների համար գնաճի հետեւանքները մեղմելուն. քննարկվում են նաեւ սուբսիդավորման տարբերակները: