Ժամանակին Ուկրաինայի հայտնի ռոք երգիչներից մեկը, ով պաշտպանում էր նախագահ Յուշչենկոյին՝ նարնջագույն հեղափոխությունից առաջ եւ դրա ժամանակ, պատմել էր, թե ուկրաինական շոու-բիզնեսի գրեթե բոլոր աստղերն ինչպես էին պաշտպանում Յանուկովիչին, երգում նրա համար՝ գների շուրջ բառիս բուն իմաստով «բազար» անելով։ Եվ հետո, երբ պարզ դարձավ, որ Յուշչենկոն գալիս է իշխանության, նրանք դարձան ամենաակտիվ հեղափոխականները։
Այս մասին գրել էր ռուսական «Moscow Times»-ը հայաստանյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում՝ այն բանից հետո, երբ մեր շոու-բիզնեսի ներկայացուցիչները սկսեցին հայտարարություններ տարածել, որ պաշտպանում են իշխանության թեկնածուին։ Ռուս մեկնաբանն էլ զուգահեռներ էր անցկացրել ուկրաինացի եւ հայ երգիչ-երգչուհիների միջեւ։
Ճիշտն ասած, ուկրաինացիների մասին ոչինչ ասել չենք կարող, բայց մերոնց մասին՝ որքան ուզեք։ Մեր «աստղերը» շատ հետաքրքիր կոնտինգենտ են՝ մի քանի առումներով։ Նախեւառաջ շատ են, այնքան շատ, որ թվում է՝ ապրում ես ոչ թե Հայաստանում, այլ Մեծ Արջի համաստեղությունում։ Հետաքրքիր են նաեւ նրանով, որ իրենք կարծես հենց այդպիսի տեղերում էլ ապրում են՝ Երկիր մոլորակից, Հայաստանից հեռու ինչ-որ տեղ, անտեղյակ։ Ապրում են «նեղ կռուգով», մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր աստղերով։ Իրենք իրենց համար երգում, CD-ներ են թողարկում, համերգներ տալիս։ Թե երկրում ի՞նչ է կատարվում՝ իրենց պետք չէ։ Ի՞նչ կապ ունի, որ մարտի 1-2-ին մարդիկ են զոհվել, իրենք ամսի 3-ի առավոտյան կարող են արթնանալ, բացել պատուհանը, հիանալ գարնանային արեւոտ օրով, լսել ծիտիկների դայլայլը եւ ոգեշնչվելով՝ նստել ու երգ գրել անպատասխան սիրո մասին։ Իսկ որ մարդիկ զոհվել են՝ իրե՞նց ինչ։ Թող այնտեղ չլինեին, չզոհվեին։ Իրենք իրենց գործն են անում, երգում են այն մարդկանց համար, ովքեր ԱՅՆՏԵՂ չեն լինում։ Իրենք ստեղծագործում են, քաղաքականությանը չեն խառնվում։ Չեն խառնվում մինչեւ այն պահը, երբ գալիս է խառնվելու անհրաժեշտությունը։
Հետո սկսում են խառնվել։ Սկսում են գովերգել իշխանության թեկնածուին՝ ով էլ որ նա լինի։ Եթե հարցնես՝ ի՞նչ տարբերություն կա սոցիալիստական կամ ազատական որեւէ կուսակցության գաղափարախոսությունների միջեւ՝ քեզ կնայեն դեմքի այնպիսի արտահայտությամբ, ինչպիսին ցանկացած ոչ խուլ մարդու մոտ առաջանում է նրանց երգերը լսելիս: Իսկ եթե մի քիչ կոնկրետացնես՝ ինչո՞ւ ես ընտրում այսինչ թեկնածուին, կասեն՝ մեզ համար արել է այս, այս, այս բաները։ Լավ է արել, դու էլ լավ ես արել, որ ընտրում ես, բայց ինչո՞ւ ես ուրիշներին կոչ անում ընտրել։ Որովհետեւ քեզ համար այդպես լա՞վ է, որովհետեւ օրը 24 ժամ էկրանին ես, նոր CD կամ նոր տեսահոլովա՞կ ես թողարկել։ Բայց հնարավոր է, որ, ասենք, ՀՀ շարքային քաղաքացի Պողոսը, ով դեռ չէր կողմնորոշվել՝ ում ընտրել, եւ ով թքած ունի ձեր նոր CD-ների եւ հիթերի վրա, ձեր նշած թեկնածուին չընտրեց հենց այն պատճառով, որ նա ձեզ օգնում է։ Խնդրում եք՝ օգնում է։ Միգուցե Պողոսն ու իր նման շատ Պողոսներ ուզում են, որ նա օգնի ոչ թե ձեզ, այլ նրանց, ովքեր չեն խնդրում, բայց ավելի լուրջ գործ են անում։ Հա, էլի քարոզեք, բայց ոչ սեփական պրիզմայի միջով։ Կարո՞ղ եք նշել լուրջ պատճառներ, հիմնավորել ձեր կարծիքը՝ խնդրեմ։ Չե՞ք կարող, ուրեմն ձեր գործով զբաղվեք։ Երգչուհիներից մեկն էլ օրերս ասաց՝ չի եղել մի արվեստագետ, ում առաջարկել են երգել իշխանության համար, եւ նա հրաժարվել է։ Բա դրանից էլ վատ բա՞ն։ Բա չլինի՞ գոնե մի արվեստագետ (եթե կլկլոցով երգելն արվեստ է, ուրեմն կարող ենք ասել, որ դուք այժմ ոչ թե հոդված եք կարդում, այլ Մոցարտի «Ռեքվիեմի» նոտաները), որ մի քիչ այլախոհ լինի, այլ քաղաքական հայացքներ ունենա… Ընդհանրապես, հայացքներ ունենա։ Թե չէ ստացվում է՝ բոլորը նույն կերպ են մտածում։ Այդպես Ստալինի ժամանակ էր։
Ախր լավ գիտենք, ձեզանից շատ-շատերը երկու հոդաբաշխ նախադասություն չեն կարող ասել։ Հարցազրույց տալիս էլ՝ մինչեւ տպագրվելը, ասում են. «Մի հատ պրոդյուսերս նայի` հետո…»։ Արդարանում են, թե՝ գիտե՞ք, լրագրողները կարող են մեր մտքերն աղավաղել։ Մեկը հարցնի՝ միտք արտահայտո՞ւմ եք, որ աղավաղեն։ Գիտե՞ք որը կլիներ ձեր հանդեպ ամենամեծ վատությունը. որ վերցնեին ու ձեր խոսքերը նույնությամբ տպեին՝ առանց խմբագրելու։ Ի դեպ, նրանց «մտքերից» նույնիսկ առանձին մեջբերումներ անելու կարիք չկա, քանի որ մեր աստղերը ինչպես իրար նման երգում են, այնպես էլ նույն «ոգով» փորձում են մտքեր արտահայտել: Իհարկե, որպես կանոն, այդ փորձերը հաջողությամբ չեն պսակվում:
Բարդ է, բարդ։ Բայց դուք եք բարդացնում։ Երգեք, էլի, ձեզ համար։ Ես չեմ լսում, մեկ ուրիշը լսում է։ Հա, միեւնույն է՝ դուք դժվար թե երբեւէ պլատինե CD ունենաք, բայց դե դա ի՞նչ կապ ունի՝ դուք էլ «աստղ» եք, Վարդան Պետրոսյանի ասած, երկրի մասշտաբով։ Մի քիչ որ աշխատեք, կդառնաք աստղեր՝ «Սայուզի մասշտաբով»։ Էլի վատ չէ՝ կարող եք լավ տուն ունենալ, ջիպ ու մի քանի հարյուր ֆանատ։ Բայց քիթներդ մի խոթեք այնպիսի բաների մեջ, ինչից չեք հասկանում։ Ախր այն մարդը, ում, ձեր կարծիքով, դուք քննադատում եք, իրականում ձեզ՝ շոու-բիզնեսի բոլոր-բոլոր ներկայացուցիչներիդ մի շա՜տ մեծ լավություն է արել։ Նա քանդել է այն համակարգը, որի օրոք դուք 1 րոպեով անգամ եթերում չէիք հայտնվի։ Գոնե մի անգամ շնորհակալություն հայտնեք՝ թեկուզ ձեր երգերի միջոցով։ Ի դեպ, անպատասխան սիրո մասին երգերը լավ էլ սազում են այս թեմային։