Ամերիկյան համալսարանը մերժել է

18/04/2008

Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում երեկ ժամը 14:00-ին պետք է տեղի ունենար «Հիմա» խորագրով երիտասարդական ֆորումը, որտեղ քննարկվելու էր Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ երիտասարդների դերն այդ իրավիճակում: Սակայն կենտրոնի ղեկավարությունը խախտելով նախնական պայմանավորվածությունը՝ հանդիպումից կես ժամ առաջ, առանց որեւէ մեկնաբանության, հրաժարվել է խոստացված դահլիճը տրամադրել. «Մեզ ոչ մի բան չեն ասում, պարզապես դահլիճ չեն տրամադրում, չնայած, որ նախապես պլանավորված էր ամեն ինչ: Առանց որեւէ պատճառաբանության՝ քննարկումից կես ժամ առաջ ասում են, որ դահլիճ չկա»,- ասաց ֆորումի մասնակից Արմենուհի Մելքոնյանը: Բիզնես-կենտրոնի անվտանգության աշխատակիցը երիտասարդներին միայն ասում էր, որ չի թույլատրվում. «Հնարավոր չէ ձեզ դահլիճ տրամադրել, սա սեփականություն է, եւ տնօրինությունը չի կարող այն ձեզ տրամադրել»: Երիտասարդները պնդում էին, թե հավաքն ինքնաբուխ է, եւ թե նախաձեռնողներ չկան: Նրանք բոլորը ներկայանում էին՝ որպես ՀՀ ազատ քաղաքացիներ: Քիչ անց նրանք թղթերի վրա գրեցին՝ «Քանիսո՞վ եք վախեցել», «Ձեր դահլիճը ձեզ ղուրբան», «Ամոթ ձեզ» եւ փակցրեցին բիզնես-կենտրոնի պատերին: Այդ ամենը չհանդուրժելով` որոշ ժամանակ անց երիտասարդներին մոտեցավ բիզնես-կենտրոնի անվտանգությանը պետը: «Քանի որ դուք ներկայացել եք մի այլ կազմակերպությունից, սակայն հետո փոխել եք այն եւ կոնկրետ անհատի անունով եք ներկայացել, ղեկավարությունը չի կարող թույլ տալ ձեզ այստեղ ժողով անցկացնել»,- երիտասարդներին ասաց Ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնի անվտանգության պետ Հայկ Գեւորգյանը: Հ. Գեւորգյանի խոսքերով` առհասարակ անհատներին նույնպես տրամադրվում են դահլիճներ, բայց քանի որ սկզբում հավաքը նախաձեռնող այլ կազմակերպություն է ներկայացվել, ապա փոխվել է այն ինչ-որ անհատի անունով, նրանց պարզապես հնարավոր չէ դահլիճ տրամադրել: Այսինքն` խախտվել է պայմանավորվածությունը: Հ. Գեւորգյանն ամեն կերպ փորձում էր հավաքված երիտասարդների շարքերում գտնել հավաքի կազմակերպիչներին կամ որեւէ ղեկավարի, որի հետ անձամբ կարող էր խոսել-բացատրել խնդիրը, սակայն հասկանալով, որ այդտեղ չկա որեւէ կազմակերպություն եւ որեւէ առաջնորդ, պարզապես դիմեց հավաքվածներին. «Ես փոխանցում եմ իմ ղեկավարների խոսքը. եթե կա մեկը, որ հրավիրել է ձեզ այստեղ, ասեք` մենք էլ իմանանք՝ ո՞վ է, բայց քանի որ մեկը չկա, մենք ձեր խմբին դահլիճ չենք կարող տրամադրել»: Նրանք պնդում էին, որ իրենց ֆորումն անպայման տեղի կունենա, եթե նույնիսկ բոլոր տեղերում մերժեն դահլիճ տրամադրել, ապա իրենք այն կանցկացնեն այգում: