«Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց, որ դրական է վերաբերվում նորանշանակ վարչապետ Տիգրան Սարգսյանին, քանի որ նա չի պատկանում ոչ մի օլիգարխիկ կլանի: Այդ պատճառով, ԺԿ նախագահը հուսով է, որ Տ. Սարգսյանի վարչապետության արդյունքում դրական փոփոխություններ կլինեն: Տ. Կարապետյանի կարծիքով` վարչապետը պետք է հարկեր չվճարող ստվերային տնտեսության սուբյեկտներին բերի հարկային դաշտ. «Ժողովրդի լեզվով ասած` ասի` հերիք եղավ, բոլ եղավ, վճարեք հարկերը, տղաներ, որովհետեւ առաջինը` բյուջեն հավաքելու եւ ավելացնելու խնդիր ունենք, եւ երկրորդ՝ որովհետեւ Ադրբեջանն ավելացնում է»: Տ. Կարապետյանի կարծիքով` ԵԽ ԽՎ-ում Հայաստանի մասին հնչած տեսակետներից ու ընդունվելիք զեկույցից եւ վերջին իրադարձություններից հետո իշխանությունները պետք է գնան լուրջ փոփոխությունների: Տ. Կարապետյանն անդրադարձավ նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի հնարավոր փոփոխությանը: Ըստ նրա` ՖԷ նախարարի փոփոխությունը ճիշտ կլինի այնքանով, որ հնարավոր է` նոր վարչապետի ու նախարարի մոտեցումները չհամընկնեին իրար, մինչդեռ ֆինանսների հարցում դրանք նույնը պետք է լինեն: Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարի ամենահավանական թեկնածու է համարվում Գագիկ Արզումանյանը, ով նախկինում զբաղեցրել է Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը: «Դեռ պաշտոնապես հայտարարված չէ, բայց այն, որ Հովիկ Աբրահամյանը լինելու է նախագահի աշխատակազմի ղեկավար եւ, փաստորեն, գործադիր իշխանությունից դուրս եկավ, ճիշտ էր այնքանով, որ իր դիրքը որոշակիորեն միգուցե ճնշող լիներ: Ամենակարեւորը, որ ճիշտը լինի վերջում, որ մենք տեսնենք այն բարեփոխումները, որոնք ժողովուրդն ակնկալում է: Եթե դա չլինի, փոփոխություններն անիմաստ են: Կլինեն այդ փոփոխությունները, ժողովուրդը կտա իր գնահատականը, չեն լինի` չի տա»,- գտնում է ԺԿ նախագահը: Մեկ այլ տեսանկյունից էլ Տ. Կարապետյանը ոչ նպաստավոր է համարում կառավարությունից Հովիկ Աբրահամյանի դուրս գալը. «Ո՞վ է իրականացնելու այդ կայունության մեխանիզմը` ներդաշնակելով այն ուժերը, որոնք տարբեր մոտեցումներ ունեն` դաշնակների, մյուսների հետ լեզու գտնել եւ այլն: Կարծում եմ, որ կառավարությունն այդ տեսանկյունից դեռ խոցելի է»:
Տ. Կարապետյանն անդրադարձավ նաեւ ներքաղաքական «լարված» իրավիճակին եւ դրանից դուրս գալու տարբերակներ առաջարկեց: Ըստ նրա` անհրաժեշտ է ձերբակալվածներին ազատ արձակել, երկխոսություն ծավալել երկու կողմերի միջեւ ու քաղաքական գործընթացներում ընդգրկել արտախորհրդարանական ուժերին: «Այսօր ունենք կուսակցություններ, որոնք ժողովրդի անունից են խոսում: Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Ստրասբուրգ ու մեկ բառ չխոսեց մարտի 1-ի կամ ձերբակալվածների մասին» (նշենք, որ Ր. Հովհաննիսյանը նախօրեին «Առավոտին» տված հարցազրույցում ասել էր, որ մարտի 1-ի իրադարձությունների մասին առավել հանգամանորեն խոսելու է ԵԽ ԽՎ այսօր կայանալիք նիստի ընթացքում): Տ.Կարապետյանը հարցնում է` եթե քաղաքական հայացքների համար մոտ 150 մարդ են ձերբակալում, ինչո՞ւ, ասենք, 100 մարդու էլ չեն կալանավորում կոռուպցիայի համար, հատկապես` եթե հայտարարում են, որ պայքարում են կոռուպցիայի դեմ: Նրա խոսքերով` եթե կա պայքար, ինչպե՞ս է, որ մինչեւ հիմա ոչ մի նախարար դեռ չի պատժվել. «Մի նախարարի չեն նստացրել: Բա ո՞նց է պայքար կոռուպցիայի դեմ, եթե բոլորը տեղում են: Ուրեմն` լավ էլ կարող են նստացնել այն ժամանակ, երբ ուզում են»,- ասաց նա, սակայն որեւէ անուն չտվեց` նշելով, որ ժողովուրդն ամեն ինչ լավ գիտի:
Տ. Կարապետյանը նաեւ ասաց, որ իրեն մինչ օրս համագործակցության որեւէ առաջարկ չի արվել, իսկ եթե լինի էլ` մերժելու է, որովհետեւ ինքը միայն ժողովրդի ընտրությամբ պաշտոն կզբաղեցնի: