«Երազանքներս մեր պատերի նման կամաց-կամաց փշրվում են»

18/04/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

16 տարեկան Արմենի ընդգծված վախի արտահայտության պատճառը հասկանալու համար ընդամենն անհրաժեշտ է մի քանի ժամ նրանց փայտաշեն խրճիթում վախը հաղթահարելով դիմանալ, բայց դիմանալու համար պետք է ուժեղ լինել:

Փայտե առաստաղն ու հատակը ճոճվում են, իսկ հողաշեն պատերն աստիճանաբար մաղվելով փուլ են գալիս: Շենգավիթ համայնքի Մայիսի 9 հասցեում 47 թվականին կառուցված այս խրճիթն իր ամրությամբ վաղվա օրվա հանդեպ հավատ չի ներշնչում, որովհետեւ դեռեւս

90-ականներին սեյսմիկ ծառայությունն այն ճանաչել է 4-րդ կարգի վթարային շինություն: Վերջերս` գիշերն անսպասելի փլվել է այն սենյակը, որտեղ քնած են եղել Արմենն ու նրա եղբայրը` Արմանը: Բարեբախտաբար պատերն ու առաստաղը հողից են, այլապես այս տղաները լուսաբացը չէին դիմավորի: Տան պատերի մեկ մետր բարձրության վրա գծագրվել է խոնավության թաց շերտը, դրա համար էլ այս տան բոլոր անդամներն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Տիկին Անահիտը վեց երեխաների մայր է, ով ամեն ինչ անում է երեխաների առողջությունը պաշտպանելու համար, բայց պարզվում է, որ կենցաղն ու իրենց շրջապատող մթնոլորտն իրենից ուժեղ են: Արմենն իրենց կիսափուլ խրճիթի փլուզման վտանգից վախենում է ու անընդհատ սթրեսներ է ապրում: Բժիշկներն այս պատանու եւ նրա եղբոր` 11 տարեկան Արմանի մոտ ախտորոշել են վեգետանոթային դիստոնիա հիվանդությունը: Մայրն ասում է` «Վախով ենք ապրում, երեխեքս սթրեսներով են մեծանում, վաղը-մյուս օրը ո՞նց եմ սենց բանակ ճանապարհելու: Արմենիս արյան շրջանառությունը շատ վատ է կատարվում, պատահում է, որ կապտում, սփրթնում է: Տեսնում եք, էլի, վիճակը»: Արմենն իսկապես հյուծված եւ շատ տկար է: Խոսում է դանդաղկոտ ու հոգնած: Հարցնում եմ` «Ի՞նչ մասնագիտություն ես ընտրելու»: Քմծիծաղով պատասխանում է` «Էնքան երազանքներ ունեի, բայց երազանքներս մեր պատերի նման կամաց-կամաց փշրվում են»: Չի ուզում խոսել, որովհետեւ որքան խոսում է անիրականանալի երազանքներից` այնքան մեծ ցավ է ապրում: Տիկին Անահիտն ասում է, որ Արմենի երազանքն է հնէաբան դառնալը, բայց… «Բայց հույս չունի, որովհետեւ տղաս երկար ժամանակ դասի չգնաց ու գնահատականները փչացրեց: Ինքը բացարձակ գերազանցիկ է եղել, բոլոր առարկաները հինգ, բայց ձմռանը… »: Այս տարի ձմռանն Արմենը դասի չի գնացել, որովհետեւ տան ցրտի ու խոնավության պատճառով ձեռքերը ցրտահարվել, կապտել են: Ասում է` ամաչել է, որ համադասարանցիները կնկատեն կապտած մատները, թաքցրել է ձեռքերը, բայց որոշ ժամանակ անց նույնիսկ գրիչով գրել չի կարողացել: «Մատներն անշարժացել էր, գրիչը չէր կարողանում պահել, ձեռքը չէր փակվում, գրիչն ընկնում էր ձեռքից: Եկավ, փակվեց տանն ու ասեց, որ ամաչում է, էլ չի գնալու դասի: Գնացի, դասատուից ներողություն խնդրեցի, բացատրեցի, թե ինչումն է բանը: Դասատուն չգիտեր, թե ինչի դասի չի գնում, հասկացավ, տխրեց»,- պատմում է բազմազավակ մայրը:

Այնուամենայնիվ, Արմենն այնքան աշխատասեր ու կամքի ուժ ունեցող պատանի է, որ որոշել է ցրտահարված, կապտած մատներով աշխատել եւ գազի վառարան գնել, որպեսզի քույրերն ու եղբայրները պաշտպանվեն ցրտահարությունից: Ստացվել է, շինարարության վրա բանվորություն անելով՝ ջերմացրել է իրենց խոնավ խրճիթն ու ձմեռը հաղթահարելուն պես շարունակել է ուսումը: Հնէաբանի մասնագիտությունը յուրացնելն Արմենն անհնար է համարում, որովհետեւ բացակայությունները գնահատականների վրա բացասաբար են անդրադարձել: Ասում է, որ մանկուց երեւակայել է, թե իբր Ղարաբաղում, Շուշիում պեղումներ է անում, գրություններ, նախշեր է հայտնաբերում, հին Հայաստանն է բացահայտում, բայց… «Բայց ոչինչ, կգնամ բանակ, տեղանքին գոնե կծանոթանամ»,- հեգնանքով ասում է Արմենը, ում ամենասիրելի զբաղմունքը պեղումների մասին պատմական, փաստագրական հեռուստահաղորդումներ դիտելն է:

Իրենք իրենց խաբում են

Տիկին Անահիտը վստահեցնում է, որ իր վեց երեխաներն էլ ուսման ձգտում ունեն: «Ես ու ամուսինս իրանց խրախուսելու համար ասեցինք՝ եթե էս ամիս 50 հատ 5 ստանաք` մենք ձեր համար թութակ ենք առնելու իրա վանդակի հետ: Ամեն մեկն էլ իր հերթին առաջադրանքը կատարեց, բայց, երբ հերթը հասավ մեզ, որ մեր խոստումը կատարենք` կանգնեցինք փակուղու առաջ, փող չունեինք: Երեխեքը տեսան, որ մենք տանջվում ենք, երկու տղաներով դասից հետո շինարարության վրա գաջ քսողի օգնական աշխատեցին ու թութակն առան»,- ժպտալով պատմում է Անահիտն, ում խոսքերին պարբերաբար միջամտում է ամուսինը` Վաչագանը` կնոջն արգելելով տրտնջալ: Բազմանդամ այս ընտանիքի միակ կայուն աշխատողը 21 տարեկան Արփինեն է, ով չնայած իր երիտասարդ տարիքին` հպարտությունը մի կողմ դրած՝ առավոտից իրիկուն հացի արտադրամասում բանվորություն է անում: Ստանում է ընդամենը 35.000 դրամ, որից ամեն ամիս ուզում են տան պատերն ամրացնելու համար գումար տնտեսել, բայց այդպես էլ ամեն ամիս այդ ցանկությունն իրականություն չի դառնում: Վեց երեխաների ծնողները հիմնական աշխատանք չունեն, բայց ամռան ամիսներին ջերմոցներում բանվորություն են անում:

«Մեր աշխատանքն օրականով է, մի օր կա, մյուս օրը չկա: Մենք աշխատասեր ենք, ամեն աշխատանք էլ կատարում ենք, բայց էս տան հարցը չենք կարողանում լուծել: Հասկանո՞ւմ եք, էսքան տարի մեզ խաբում ենք, թե կկարողանանք մեր ուժերով մեզ վտանգից փրկել, բայց զգում ենք, որ անհնար է: Ամեն վայրկյան վախով ենք ապրում, մազից կախված պատեր են»,- ասում է երեխաների մայրը: Տիկին Անահիտը վստահեցնում է, որ վեց երեխաներին մեծացրել են պատշաճ կերպով եւ երբեք էլ պետությունից ակնկալիք չեն ունեցել: Ասում է` Սպիտակի երկրաշարժից հետո ինքն ու ամուսինը որբ երեխաներին բերել են իրենց տուն, պահել, խնամել են, իսկ հետագայում գտել են կորած երեխաների ծնողներին եւ վերադարձրել են: Այսօր, երբ բազմանդամ ընտանիքն ինքն օգնության կարիք ունի, որեւէ մեկը ձեռք չի մեկնում եւ չի փորձում հասկանալ նրանց խնդիրը: Տիկին Անահիտը տունն ամրացնելու համար դրամական կամ շինանյութով աջակցելու խնդրանքով դիմել է Շենգավիթի թաղապետարան, քաղաքապետարան եւ բոլոր հնարավոր կառույցներին, սակայն բոլորից մերժում է ստացել: Կարդալով նրանց դիմումը, վերոնշյալ կառույցների ներկայացուցիչները չեն փորձել մասնագետ ուղարկել եւ խնդիրն ուսումնասիրել, մինչդեռ այս ընտանիքի պայմաններին ծանոթանալով՝ մենք ահազանգում ենք բոլոր համապատասխան կառույցներին` տեղեկացնելով, որ վեց երեխա ունեցող այս ընտանիքի կյանքը վտանգի տակ է:

Հետաքրքիրն այն է, որ թաղապետարանի կամ քաղաքապետարանի համար այս ընտանիքի կյանքը փրկելու համար որոշակի քանակությամբ շինանյութ կամ դրան համարժեք գումար հատկացնելն այնքան էլ մեծ ծախս չէ, մանավանդ, երբ մարդկային կյանք կորցնելու վտանգ կա: Մինչդեռ այդ կառույցներին նույնիսկ չի հետաքրքրել դիմումատուի խնդրանքը, եւ չեն փորձել մասնագետ ուղարկել` խնդիրն ուսումնասիրելու համար:

«Մենք սոված ենք մնում, որ մի պատն ամրացնենք»

70 տարեկան Ասյա տատիկն ասում է, որ որդին` Վաչագանն, իրենից նեղանում է, որովհետեւ «Էդ սենյակը երբ փլվեց` տղաս մեր բերանից կտրելով՝ մի քանի քար առավ, որ էս մի պատը շարի, ամրացնի, հողից ա: Ասում եմ` տղա ջա՛ն, մեզ սոված ես պահում ու պատ ես շարում: Ախր երեխեքը հիվանդացել են, թերսնուցումից ճոճվելով են քայլում, ասում եմ` բա արժե՞, որ երեխեքին հացից կտրես, պատ շարես: Ինձնից նեղանում ա, ասում ա` բա ո՞նց անեմ: Աղջի՛կ ջան, ես մեծ եմ, ես ջհանդամ, բայց երեխեքի ապագան ո՞նց ա լինելու: Ես, հարսս ու տղաս վախենում ենք գնանք բժշկի, գիտենք, որ բոլոր հիվանդություններից էլ ունենք: Մարդ որ 47 թվից էս ջրի ու փուլ եկող պատերի մեջ ապրի, ո՞նց կարա հիվանդ չլինի: Էս երեխեքը խոնավության մեջ են ծնվել, մեծացել, դրա համար էլ սենց սփրթնած են: Հեն ա` ամուսնացած աղջիկ թոռ ունեմ, որը չի հղիանում, որովհետեւ խոնավության մեջ զարգացած օրգանիզմ ա, պտուղին չի կարում սնուցում տա: Բայց էս երեխեքը նաեւ Հայաստանի ապագան են, չէ՞: Հես ա տղա թոռներս գնալու են բանակ, ո՞նց են սենց հիվանդ, նվազ հալով ծառայելու: Մենք ուղղակի խնդրում ենք, որ շինանյութով կամ գումարով օգնեն, էս պատերն ամրացնենք, որ մի օր փլվածքների տակը չմնանք»,- ասում է Ասյա տատիկն ու երկար պատմում է ծերանոցում աշխատած իր տարիների մասին հետաքրքիր պատմություններ: