«Մեր մշակույթում այսօր շատ «աղբ» կա, որը փորձում են որպես արվեստ ներկայացնել»,- ասում է Արմեն Էլբակյանը

18/04/2008 Արմինե ԳԱՍՊԱՐՅԱՆ

Թատրոնը բոլոր ժամանակների ամենաազդեցիկ եւ ճշմարտությանն ամենամոտ կանգնած վայրն է, որի փոքրիկ դահլիճում ներկայացվում են մոռացված կամ տակավին թարմ մեր հույզերն ու ապրումները, հին ու նոր խնդիրները` նրանց տալով լուծումներ, երբեմն էլ՝ հստակ լուծումների փոխարեն թողնում բազմակետեր, որոնք վերածվելով բազմաթիվ «ինչո՞ւ»-ների ու «ինչպե՞ս»-ների, ներկայացումից ժամեր, անգամ` օրեր անց դեռ հետապնդում են մեզ, երբեմն` պատասխան գտնում, երբեմն էլ` մնում անպատասխան:

Խամաճիկների թատրոնը մինչ օրս չի վերանորոգվել, բայց նրա փոքրիկ դահլիճում երբեք չեն դադարում բեմականացումները երեխաների ու մեծերի համար՝ գրեթե ազատ չթողնելով դահլիճի բավական հնաոճ, ոչ հարմարավետ աթոռները: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը հուսով է, որ այս տարի կվերանորոգվի նաեւ իրենց թատրոնը, եւ այս թատրոնի հանդիսատեսը եւս ներկայացումները կդիտի հարմարավետ ու գեղեցիկ դահլիճում. «Երբ ես դարձա այս թատրոնի գեղարվեստական ղեկավարը, թատրոնի դահլիճում աթոռների փոխարեն իշոտնուկներ էին դրված, ինչն ակնհայտորեն ազդում էր մեր թատրոն այցելող հանդիսատեսի թվի վրա: Թատրոնի` չվերանորոգված լինելու պատճառով մենք կորցնում ենք մրցունակությունը այլ թատրոնների հետ, որովհետեւ բոլորն էլ ուզում են հարմարավետ պայմաններում ներկայացում դիտել: Հիմա մեր թատրոնի վիճակն այդքան էլ սարսափելի չէ, փորձում ենք ինքներս հնարավորինս բարելավել մեր պայմանները, ձեռք ենք բերում նաեւ նոր տիկնիկներ, բայց մեծ խնդիր ունենք այդ տիկնիկները պահելու առումով: Աստիճանաբար մեր թատրոնի հանդեպ մեծանում է հետաքրքրությունը, ավելանում է հանդիսատեսի թիվը: Մեր ներկայացումներից շատերը թե՛ մեր երկրում, թե՛ նրա սահմաններից դուրս արժանանում են տարբեր մրցանակների: Արտերկրից բազմաթիվ հրավերներ ենք ստանում՝ մասնակցելու տեղի փառատոներին, բայց հաճախ չենք կարողանում մասնակցել միայն ֆինանսական պատճառով»,- ասում է Արմեն Էլբակյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում այսօրվա մեր թատերական եւ մշակութային կյանքը:

– Մեր մշակույթում այսօր շատ «աղբ» կա, որը փորձում են որպես արվեստ ներկայացնել: Կարծում եմ` ի վերջո այդ ամենը կհանգի ինքնամաքրման, եւ մարգարիտը ջրի երես դուրս կգա: Եթե ստեղծվում են արվեստի լուրջ գործեր, վաղ թե ուշ իրենց տեղը կգտնեն մեր մշակույթում: Մշակութային կյանքի զարգացման վրա ազդում է նաեւ մշակույթի նախարարի հաճախակի փոփոխումը, ինչը միայն վնասում է այս ասպարեզում նկատելի զարգացում ունենալուն, որովհետեւ նրանց ժամանակ չի տրվում ավարտելու սկսած աշխատանքը: Այս ոլորտի պատասխանատուները պետք է կարողանան նաեւ աշխատել արվեստագետների հետ, որովհետեւ արվեստագետները որքան սովորական մարդիկ են, նույնքան էլ «անսովոր» են, եւ յուրաքանչյուրին առանձնահատուկ վերաբերմունք է պետք ցուցաբերել: Այդ առումով այնքան էլ հեշտ չէ նրանց հետ շփման ու աշխատանքի ձեւեր գտնելը:

– Մշակույթի տարբեր ոլորտների ներկայացուցիչների կարծիքով` տարիներ առաջ ստեղծված արվեստի գործերն ավելի արժեքավոր են, քան այսօրվանը: Համամի՞տ եք այդ տեսակետին:

– Մեր ազգի հոգեբանության մեջ նստվածք ունի «գնա մեռի, արի սիրեմ» արտահայտությունը: Յուրաքանչյուր ժամանակ ծնում է իր ռիթմը, զարկերակը եւ ունի իր պահանջարկն ու ասելիքը, իր դարի խնդիրը, եւ անհնար է, որ չծնվեն արժեքավոր գործեր կամ արվեստագետներ, որոնք համահունչ են ժամանակին: Պարզապես այդ ամենը տեսնել ու գնահատել է պետք: Մենք մի թերություն էլ ունենք. հաճախ գնահատման չափանիշ է դառնում որեւէ արվեստագետի՝ միջազգային փառատոներում ինչ-որ մրցանակի արժանացած լինելը: Բայց չեմ կարծում, որ, օրինակ, Մինասը կամ Վրույր Գալստյանն արտասահմանում շատ հայտնի նկարիչներ էին: Նրանց նկարներն ամեն անգամ նայելիս, սակայն, ապշում ես, թե ինչպես են կարողացել աշխարհն իրենց աչքերով տեսնել ու այդ ամենը վարպետորեն փոխանցել կտավին: Բոլոր ժամանակներում էլ եղել են թե անճաշակ, թե անամոթ ու անբարոյական գործեր, եւ` հակառակը: Մշակութային այս ահռելի «աղբի», անթիվ աֆիշների մեջ կան շատ լավ գործեր: Պարզապես կարեւոր է, որ արվեստով զբաղվողները չտարվեն աստղային հիվանդությամբ, հասկանան, որ այն, ինչ իրենք են անում, չի նշանակում, որ իրենցից է սկսվել: Բոլորիցս առաջ ինչ-ոչ մեկն ինչ-որ բան արել է, իսկ հիմա այդ արվածը շարունակվում է, ներկայացվում նորովի: Եթե արդեն ստեղծվել է անիվը, հո նորից չե՞նք հնարելու այն, որպեսզի համարվի, որ արժեքավոր գործ է արվում: Հետո պետք է ստեղծել հեծանիվը, սայլը եւ այլն: Մշակույթի յուրաքանչյուր ոլորտ ունի իր զարգացման փուլերն ու պատմությունը: Կան տարբեր թատերական ուղղություններ, եւ կան արվեստագետներ, որոնք այս կամ այն ուղղությունն են դավանում, եւ գուցե մեկս մյուսի հետ չհամաձայնենք, որովհետեւ յուրաքանչյուրս յուրովի ենք տեսնում, ընկալում եւ նկարագրում աշխարհը, բայց կարեւորն այն է, թե ինչպիսի՞ բարոյականությամբ է այդ ամենը նկարագրվում եւ ո՞րն է որեւէ ստեղծագործություն արարելու նպատակը:

– Ձեր թատրոնում հատկապես մեծ տեղ եք հատկացնում երիտասարդ կադրերին, ինչը նպաստում է երիտասարդներին ի սկզբանե թատերական կյանքին մոտ պահելուն՝ նրանց հնարավորություն տալով այդ ասպարեզում ձեռք բերել անհրաժեշտ փորձ ու պրոֆեսիոնալիզմ:

– Եթե ընտանիքում երեխաներ չլինեն, այդ ընտանիքը չի կարող շարունակվել: Երիտասարդներին պետք չէ խանգարել ստեղծագործել, հակառակը, նրանց օգնել ու աջակցել է պետք: Տարիներ առաջ, երբ ես էլ դեռ երիտասարդ էի, կարծում էի, որ լինելով Էդգար Էլբակյանի որդին, իմ առջեւ բացվելու են բոլոր դռները, բայց իրականությունը ճիշտ հակառակն ապացուցեց: Ինձ շատ խանգարեցին ստեղծագործել, որովհետեւ այդ տարիներին երիտասարդներն արվեստում շատ դժվար էին գտնում իրենց տեղը: Հիմա ավելի մեղմ ենք մոտենում երիտասարդ կադրերին, փորձում նրանց հնարավորություն տալ ավելի ազատ ստեղծագործել: Թատրոնում լինելով՝ ես ոչ միայն սիրում եմ թատրոնը, այլ ուզում, որ թատրոնը կատարի հասարակական այն գործառույթը, որը պետք է կատարի: Սա է մեր՝ երիտասարդներին մեր թատրոն ներգրավելու հիմնական պատճառը՝ նրանց մեջ ի սկզբանե սերմանելով, որ չտրվեն փառքին: Ամեն մարդ չէ, որ կարողանում է դիմանալ փառքի գայթակղությանը: Այդ ճանապարհին կարեւոր ու պարտադիր է՝ չկորցնել բարոյականությունն ու սերը մերձավորի հանդեպ:

– Ասացիք՝ թատրոնը հասարակության համար պետք է կատարի իր գործառույթը: Ըստ Ձեզ՝ ո՞րն է այդ գործառույթը:

– Թատրոնը մի ամբիոն է, որտեղից մենք պետք է խոսենք գեղեցիկի, ազնիվի եւ բարոյականի մասին՝ չանտեսելով ցուցադրել մեր կյանքում տեղ գտած այն անբարոյականությունը, որը գուցե դառնա մեր երկրի կործանման պատճառը: Թատրոնը հանդիսատեսի հետ պետք է կենդանի զրույցի մեջ մտնի, իսկ զրույցը կարող է լինել կատակով, ցավով, կամ՝ կատակով-ցավով՝ հասկանալու եւ հասկացնելու համար, թե ինչո՞ւ ենք ապրում, ի՞նչ նպատակով, ինչպե՞ս պետք է ապրել, ի՞նչ է պետք սովորեցնել նոր սերնդին:

– Օրերս «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությանն արժանացաք «Լավագույն դերասան» մրցանակին: Այդ մրցանակն առանձնանո՞ւմ է Ձեր մրցանակների մեջ:

– Ինձ համար իսկապես անակնկալ էր այդ մրցանակին արժանանալը: Մրցանակն առանձնանում է նրանով, որ վաղուց չէի խաղացել թատրոնում եւ չէի կարծում, որ կարող եմ որպես դերասան նման մրցանակի արժանանալ: Ես եւ Աննան անգամ չէինք ուզում մասնակցել այդ մրցանակաբաշխությանը, քանի որ բազմիցս մասնակցել ենք: Բայց չկարողացանք մերժել Հակոբ Ղազանչյանի խնդրանքը եւ մասնակցեցինք՝ ներկայացնելով «Չե՞ս պարի ինձ հետ» ներկայացումը: Այս ներկայացումն այս տարի ներկայացվեց նաեւ Բուդապեշտում կայացած «Արմուստ-ֆեստ» փառատոնին, որտեղ կրկին նույն մրցանակին արժանացա: