Փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից եւ ՄԱԿ-ի ԳԱ կողմից հայտնի բանաձեւի ընդունումից հետո ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ սկսել են, մեղմ ասած, կոշտ հայտարարություններ անել ԼՂ հարցի կարգավորման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության վերաբերյալ:
Հատկապես համանախագահ Մեթյու Բրայզայի, որից խիստ դժգոհ է հատկապես ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Իսկ ամեն ինչ սկսվեց իր նախագահության վերջին օրերին Ռոբերտ Քոչարյանի արած հայտարարությունից. պատասխանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափից հրաժարվելու եւ ԼՂՀ հարցը ռազմական ճանապարհով լուծելու Ադրբեջանի «ակնարկներին»` նա ասաց, թե այդ դեպքում ՀՀ-ն էլ կարող է ճանաչել ԼՂ-ի անկախությունը: Ավելի ուշ ավելացրեց, որ եթե անգամ ԼՂ անկախության ճանաչման արդյունքում բանակցությունները դադարեցվեն եւ պատերազմի վերսկսման վտանգ առաջանա, ապա «մենք չպետք է վախենանք եւ այդ սպառնալիքների տակ գնանք ճնշումների»: Իսկ 2 օր առաջ ՀՀ ԱԺ-ն քննարկում էր ԼՂՀ կարգավորման հարցը, եւ Տ. Թորոսյանը ներկայացրեց համապատասխան այդ քննարկումների արդյունքում ընդունված հայտարարությունը: Հայտարարությամբ հանդես եկան նաեւ մի քանի պատգամավորներ: «ՀՀ-ն պետք է պատրաստ լինի միջազգային այլ ատյաններում եւս խնդրի քննարկմանը,- հայտարարեց ԱԺ նախագահը` ավելի ուշ ավելացնելով, թե միջազգային իրավունքի շրջանակներում պետք է ձեւակերպել այն իրավական հիմքերը, որոնք Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կիրառման դեպքում ՀՀ-ին հնարավորություն կտան ապահովել ԼՂՀ լիարժեք անվտանգությունն ու պաշտպանությունը: «Հայկական կողմը բացառապես հակազդել է, այժմ պետք է ինքնուրույն հարված հասցնել»,- իր հերթին հայտարարեց ՀՅԴ անդամ Վահան Հովհաննիսյանը: Նույն խրոխտ տոնով եւ գրեթե նույն բովանդակությամբ հայտարարություններով հանդես եկան նաեւ այլ պատգամավորներ: Ի՞նչ են նշանակում այս հայտարարություններն ու ՀՀ դիրքորոշման նման առերեւույթ կոշտացումը: Ի՞նչ հետեւանքներ կարող են դրանք ունենալ եւ արդյո՞ք կարելի է ասել, որ այս համատեքստում պատերազմի վերսկսման հավանականություն կա: Կամ գուցե այս հայտարարություններն՝ արտաքուստ ուղղված լինելով Ադրբեջանին, իրականում նախատեսված են ներքին օգտագործման համար: «Դա նշանակում է, որ մեզ մոտ դեռեւս նախագահական ընտրությունները չեն ավարտվել, իսկ Ադրբեջանում ընտրություններ են սպասվում: Դա մի կողմից PR ակցիա է, այսինքն` ուզում են ցույց տալ, թե որքան հզոր ու վճռական են իրենք (ՀՀ իշխանությունները.- Ա.Ա.): Մյուս կողմից էլ, իհարկե, հոգեբանական նախապատրաստություն է, որի հետեւանքով կարելի է արդարացնել ցանկացած տիպի ընդվզումներ, ճնշում, բազմաբովանդակ սպառնալիքներ հնչեցնել»,- ասում է քաղաքագետ Աղասի Ենոքյանը: Իսկ ԱԺԴ նախագահ Շավարշ Քոչարյանի կարծիքով, այդ հայտարարությունները նշանակում են՝ «փոխել դիրքորոշումը, ավելի հստակ ցույց տալու, նաեւ ապացուցելու, որ հակամարտությունը ոչ թե փոխզիջումներով, այլ թույլի հաշվին կարգավորելու փորձեր են: Եվ, որ այդ թույլը կարող է լինել հայկական պետությունը, իրականությանը չի համապատասխանում»: «Սխալվում են նրանք, ովքեր կարծում են, թե երկու հայկական պետությունները ներքաղաքական պայքարի պատճառով այնքան թուլացած են, որ դրա հաշվին կարելի է լուծել խնդիրը»,- ասում է Շ. Քոչարյանը: Այդուհանդերձ, մեր երկու զրուցակիցներն էլ մոտ ապագայում ռազմական գործողությունների վերսկսման վտանգ չեն տեսնում: Թեեւ, ըստ Շ. Քոչարյանի. «Ադրբեջանի կողմից ուժով լուծելու բացահայտ սպառնալիք է հնչում: Բնական չէ՞, որ մենք պետք է հայտարարենք, թե սատարելու ենք ԼՂՀ ժողովրդի անվտանգությունը»: Իսկ Ա.Ենոքյանը կարծում է, որ պատերազմը կվերսկսվի միայն այն ժամանակ, երբ կողմերից որեւէ մեկը կունենա գերակշիռ առավելություն: Քաղաքագետի խոսքերով, առաջիկա մի քանի ամիսներին Ադրբեջանը չի ունենա նման հնարավորություն: «Ես կարծում եմ, որ մենք էլ այդ առավելությունը չենք կարողանա ձեռք բերել դեռ շատ երկար ժամանակ»,- ասում է Ա. Ենոքյանը: ԼՂՀ խնդրի կարգավորումն այլ ատյաններ, հատկապես՝ ՄԱԿ տեղափոխելու հավանականությունը չի՞ թուլացնում արդյոք ՀՀ-ի դիրքերը: Հատկապես, որ Ադրբեջանը արդեն կարողանում է իր համար բարենպաստ արդյունքներ ապահովել ՄԱԿ-ում: Այս հարցը Շ.Քոչարյանը փորձեց շրջանցել եւ իր մեկնաբանությունները կառուցել` ներքին խնդիրներից ելնելով: Հետո խոսքն անմիջապես փոխեց եւ, ինչպես Տ. Թորոսյանը, անդրադարձավ Մ. Բրայզային` նշելով, թե վերջինս իրավունք չուներ խառնվել ՀՀ ներքաղաքական իրավիճակին: «Վայ, գիտե՞ք ինչ, մեր վտանգները դրսում չեն, ներսում են: Ներքաղաքական պայքարը չպետք է անցնի այն շեմը, որը թուլացնում է պետության դիրքերը: Եթե դու ունես հստակ դիրքորոշում եւ համախմբված ես, միշտ էլ կհասնես արդյունքի: Ես պարզ հարց եմ տալիս, ինչպե՞ս կարելի է լինել անկողմնակալ միջնորդ եւ մյուս կողմից՝ անընդհատ խոսել ՀՀ ներքին իրավիճակի մասին: Այդ դերերը պետք է բաշխվեին տարբեր անձանց միջեւ: Հատկապես, երբ Ադրբեջանում ընտրությունների որակի, քաղբանտարկյալների եւ այլ առումով մեզանից ավելի լավ վիճակ չէ: Բայց Բրայզան Ադրբեջանում զբաղվում է էներգետիկ հարցերով: Եվ վաղուց պետք է այդ հայտարարությունը նույնիսկ պաշտոնապես արվեր: Ցանկացած պետություն կարող է գնահատական տալ մեր ներքին իրավիճակի մասին, բայց չի կարելի դա անել մի անձի շուրթերով, որը միաժամանակ միջնորդ է: Դա արդեն ճնշման միջոց է: Այնպես որ, ես կարծում եմ, որ խոսքը վերաբերում է ոչ թե կոշտությանը, այլ արժանապատվությանը»,- ասում է ԱԺԴ նախագահը: «Ադրբեջանը գոնե գտավ այդ ուրիշ ֆորմատը, որն իրենց ավելի ձեռնտու էր: Իսկ արդյո՞ք Տ. Թորոսյանն առաջարկել է այդպիսի ֆորմատ, որ մեզ ավելի ձեռնտու է, քան Մինսկի խումբը: Չի առաջարկել: Դա նշանակում է, որ դա պարզապես մեծախոսություն է»,- կարծում է Ա.Ենոքյանը` նշելով, որ ցանկացած ձեւաչափում ԼՂՀ հարցի հայանպաստ լուծման համար պետք է կտրուկ փոխել քաղաքականությունը` նախ տնտեսական քաղաքականությունը: Թեեւ նա հույս չունի, թե առաջիկա գոնե մեկ տարում ՀՀ դիրքերն ավելի բարենպաստ կդառնան: «Ներկա իշխանություններն այդ ուղղությամբ որեւէ քայլ չեն անում, ներկա իշխանությունն ավազակապետություն է, որը թալանում է ամեն ինչ, եւ առաջին հերթին՝ ռազմական բյուջեն»,- ասում է Ա. Ենոքյանը: