Արդյո՞ք ՆԱՏՕ-ն հակացուցված է Հայաստանին

13/05/2005 Արման ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ, Արտակարգ եւ լիազոր դեսպան

Նախկին Խորհրդային Միության տարածքում հեղափոխությունների շղթայական
ռեակցիան, ռուսական սահմանների պարագծով լարվածության ուժեղացումը եւ ԱՊՀ
հոգեւարքը հայկական քաղաքական իսթեբլիշմենտին կանգնեցնում է մեծ դիլեմայի
առաջ. Ռուսաստա՞ն, թե՞ եվրաատլանտյան ինտեգրացիա: Հռետորական թվացող այս
հարցն ունի կենսական նշանակություն, քանի որ խոսքը վերաբերում է ոչ միայն
տարբեր քաղաքակրթությունների եւ նրանց համակարգային կառույցների միջեւ
ճիշտ ընտրություն կատարելու խնդրին, այլեւ երկրի պետական ազգային
անվտանգությանը: Այսպես, օրինակ, մնալ Հավաքական անվտանգության պայմանագրի
կազմակերպությունո՞ւմ (ՀԱՊԿ), թե՞ անդամակցել Հյուսիսատլանտյան
կազմակերպության պայմանագրին (ՆԱՏՕ): Եթե Հայաստանը կարողանար խուսափել
այդ կառույցների մեջ մտնելու «ստիպողականից», քանզի, այսպես թե այնպես,
դրանք ռազմական բլոկներ են, անշուշտ, բարեբախտություն կլիներ մեզ համար:
Այդ դեպքում մենք կունենայինք Շվեյցարիայի կամ Ավստրիայի նման կարգավիճակ:
Ավա՜ղ, դա Հայաստանի համար չէ, եւ մեր աշխարհագրական դիրքն ու
տարածաշրջանային բարդ քաղաքական իրավիճակը փաստում են, որ մենք
դատապարտված ենք լինել այս կամ այն կոլեկտիվ ռազմական պայմանագրի մեջ:
«Noblesse oblige»՝ «վիճակն է պարտադրում»,- կասեր ֆրանսիացին: Հիմա
փորձենք հպանցիկ վերլուծել, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում վերոհիշյալ
բլոկները եւ դրանցից ո՞րն է շահավետ կամ պակաս վտանգավոր մեզ համար:
1992թ. Տաշքենդում ստեղծված ՀԱՊԿ-ի մեջ մտնում էին Ռուսաստանը, Հայաստանը,
Ղազախստանը,Տաջիկստանը, Բելառուսը եւ Ղրղըզստանը: Վերջինս
հեղափոխությունից հետո դե-ֆակտո սառեցրել է իր մասնակցությունը, նույնը
վերաբերում է Տաջիկստանին, որտեղից Աֆղանստանի հետ ողջ սահմանը հանձնելով
տաջիկներին, Ռուսաստանը ներկայումս շտապ կերպով դուրս է բերում իր
սահմանապահ զորքերը: Այսպիսով, սկզբնական 6 անդամի փոխարեն՝ ՀԱՊԿ-ն,
փաստորեն, ունի 4 անդամ:

Կոլեկտիվ պաշտպանության իրավունքի մասին ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ
հոդվածի իրավապայմանագրային եւ միջազգային նորմերի առումով՝ ՀԱՊԿ-ն նորմալ
կազմակերպություն է: Պայմանագրի հիմնական «մեխը» 3-րդ հոդվածն է, որում
կարդում ենք՝ «եթե մի անդամ-պետություն ենթարկվում է ագրեսիայի… ապա դա
դիտվում է որպես ագրեսիա բոլոր անդամ-պետությունների դեմ», եւ հետո՝
«…բոլոր անդամ-պետությունները կցուցաբերեն նրան անհրաժեշտ օգնություն,
ներառյալ` ռազմական»: Այսինքն, եթե, օրինակ, Հայաստանը ագրեսիայի է
ենթարկվում Ադրբեջանի կողմից, ապա բոլոր մյուս անդամները ռազմական
գործողություններ են սկսում Բաքվի դե՞մ: Որքանո՞վ է դա ռեալ: Անհասկանալի
է նաեւ հետեւյալը. այդ ինչպե՞ս է լինում, որ հակոտնյա երկու
կազմակերպություն` ՀԱՊԿ-ն եւ ՎՈՒՈՒԱՄ-ը (Վրաստան, Ուկրաինա, Ուզբեկստան,
Ադրբեջան, Մոլդովա), գոյատեւում եւ խաղաղ գոյակցում են միեւնույն
կառույցում` ԱՊՀ-ում, երբ նրանք առանձին-առանձին կամ միասին վերցրած լուրջ
պրոբլեմներ ունեն մեկմեկու հետ: Սա, հավանաբար, միջազգային իրավունքի
կազուիստիկա է, որը լուրջ ուսումնասիրման կարիք ունի: Դժվար է
պատկերացնել, որ, օրինակ, Եվրամիությունը համատեղի երկու հակառակորդ
կազմակերպություններ: Իսկ, եթե հանկարծ ՀԱՊԿ-ի անդամ-պետություններից մեկը
ռազմական բախո՞ւմ ունենա ՎՈՒՈՒԱՄ-ի որեւէ անդամ-պետության հետ: Ուրեմն`
պատերա՞զմ կսկսվի ԱՊՀ տարածքում: Ավելին, աստված մի արասցե, եթե Թուրքիան
հարձակվի Հայաստանի վրա, ի՛նչ է, ՀԱՊԿ-ն պատասխան հարվա՞ծ է հասցնելու:
Բայց չէ՞ որ մեր հարեւանը ՆԱՏՕ-ի անդամ է: Այս դեպքում արդեն ունենալու
ենք ապոկալիպսիս եւ Երրորդ Համաշխարհային պատերա՞զմ: Մի խոսքով, այն, որ
ՀԱՊԿ-ն դիտվում է որպես Հայաստանի անվտանգության գարանտ ԱՊՀ-ի տարածքում
կամ դրանից դուրս, մեղմ ասած, մեծ կասկածանք է առաջացնում:

Այժմ անդրադառնանք ՆԱՏՕ-ին, որը ստեղծվել է 1949թ. Խորհրդային Միության
հավանական ագրեսիայից Եվրոպան եւ Հյուսիսային Ամերիկան կոլեկտիվ ուժերով
պաշտպանելու համար: Սկզբում նա պաշտպանողական, իսկ անհրաժեշտության
դեպքում՝ նաեւ հարձակողական մեխանիզմ էր: 1990թ. հայտարարելով, որ
Վարշավայի պայմանագրի երկրներն այլեւս չի դիտում որպես թշնամի, ՆԱՏՕ-ն
որդեգրեց ստրատեգիայի միանգամայն այլ դոկտրինա, որը պայմանավորում է ուժի
գործադրման նոր կանոններ, այն է` օգտագործել բանակը խաղաղարար
նպատակներով: Իսկ կոնկրետ ի՞նչ կտա Հյուսիսատլանտյան դաշինքը Հայաստանին.
1/ ՆԱՏՕ-ն հանդիսանում է իր անդամների անվտանգության գարանտ, ապահովում է
նրանց կայունությունը, օգնում է լուծել միջէթնիկական կոնֆլիկտները, եթե
այդպիսիք կան նրանց միջեւ: Թե ինչ նշանակություն կարող է ունենալ այս
ամենը Թուրքիայի եւ Ադրբեջանի նման հարեւաններ ունեցող Հայաստանի համար`
մեկնաբանությունն ավելորդ է: 2/ ՆԱՏՕ-ի անդամներն իրար նկատմամբ չեն կարող
կիրառել ռազմական ուժ կամ ուժի սպառնալիք: Այն խաղաղարար եւ կոլեկտիվ
անվտանգության օրգան է: Նշանակում է, Հայաստանի՝ անդամ լինելու եւ
ագրեսիայի ենթարկվելու դեպքում, նրա պաշտպանությունը կլինի կոլեկտիվ:
Սակայն դրա անհրաժեշտությունը դառնում է զրոյական. որովհետեւ մեր
պոտենցիալ թշնամիներից մեկը` Թուրքիան, այդ բլոկի անդամ է, մյուսը`
Ադրբեջանը` պատրաստվում է դառնալ։ 3/ ՆԱՏՕ-ին անդամակցությունը բաց է
եվրոպական բոլոր երկրների համար, որոնցում բանակը հսկվում է ժողովրդի
կողմից: Այսինքն, ՆԱՏՕ-ում լինելը կօգնի Հայաստանի իսկական ժողովրդական
ինստիտուտների կառուցման գործին։ 4/ ՆԱՏՕ-ին անդամակցությունը մեզ կտա
տնտեսական դիվիդենտներ:

Հայաստանի Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու հարցն անհրաժեշտ է դիտել
հայ-ռուսական հարաբերությունների պրիզմայով, թեկուզ այն առումով, որ մենք
ՀԱՊԿ անդամ ենք: Կա նաեւ հարցի հոգեբանական կողմը: Քիչ չեն հայկական այն
քաղաքական ուժերը, որոնք ՆԱՏՕ-ի հետ լինելը համարում են հայ-ռուսական
բարեկամության դավաճանություն: Սա ժամանակավրեպ է: Նախ` Հայաստանի ՆԱՏՕ-ին
միանալն այդ բլոկին աշխարհագրական առումով չի մոտեցնում Ռուսաստանին,
ինչին Մոսկվան միշտ էլ բացասաբար է վերաբերվել: Դա մեր փոխարեն կանեն
Վրաստանը եւ Ադրբեջանը: Երկրորդը եւ ամենագլխավորը` 1997 թվից տեղի է
ունենում ՆԱՏՕ-Ռուսաստան քաղաքական երկխոսություն, որի ընթացքում կողմերը
փնտրում են համագործակցության եզրեր եւ հորիզոններ: Պուտինը, Քլինթոնը եւ
Բուշը տարբեր առիթներով չեն բացառել Ռուսաստանի ՆԱՏՕ-ին անդամակցելու
հնարավորությունը, նշելով, որ դրանից միայն կշահեր խաղաղությունը եւ
միջազգային անվտանգությունը: ԽՍՀՄ-ի այդքան շուտափույթ փլուզումից հետո
ո՞վ կարող է բացառել դեպքերի նման զարգացումը եւս:

Հաշվի առնելով այս ամենը, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջիկա
տարիների քայլերը հարկ է ծրագրավորել այն հաշվարկումով, որպեսզի երկիրը մի
օր չհայտնվի գլոբալիզացիոն բուռն գործընթացներ ապրող տարածաշրջանի
ռազմական, քաղաքական եւ տնտեսական ետնաբակում: