Սուսաննայի դեմքի անփույթ ու չափից ավելի արտահայտված շպարը վկայում է, որ իր ներսում այս կինն ուզում է իրեն արդարացված զգալ: Բայց ներսում կուտակված վիրավորանքն այնքան շատ է, որ թերարժեքության զգացումից իրեն արդարացնելու համար նա չի փորձում ինչ-որ մեկին մեղադրել:
Տիկին Սուսաննայի անբնական շպարը վկայում է, որ նա սիրված լինելու համար ջանք չի խնայել, բայց սիրված լինելու համար այնքան շատ ջանք է գործադրել, որ ամեն ինչ փչացրել է: Սուսաննան շատ չի խոսում, որովհետեւ հենց սկսում է խոսել` խեղդվում, լաց է լինում: Բայց խոսում է վառ գույներով ընդգծված նրա դեմքի շպարը: Ասում է` «Ամուսինս լքեց, հեռացավ»: Հետո երկար լռություն է տիրում, ու լռության 3 վայրկյանի մեջ Սուսաննայի դիմահարդարանքը լղոզվում, դեմքի արտահայտությունը դարձնում է խառնված, շփոթված ու դժբախտ: Սուսաննայի դեմքին հայտնվում է խռովքի արտահայտություն ու ընդգծվում է հոգու դառնությունը: Լռությունը խախտվում է աղջկա` Հասմիկի ջղային բացականչություններով, որով նա սաստում է մոր լացը: Հասմիկը համր է, նա բարկացած, կտրուկ ժեստերով՝ արգելում է մորը լաց լինել: Սուսաննան աղջկա նկատողությունից հետո անմիջապես իրեն հավաքում է ու զսպում լացը` հասկանալով, որ հիվանդ աղջկան ցավ է պատճառում: Երեք երեխաների մայրը միայնակ է, որովհետեւ ամուսինը շատ տղամարդկանց նման հոգսերից փախել է: Որդին` Արամը, զինվորական ծառայության մեջ է. ծառայության ընթացքում նրան որեւէ մեկը չի այցելել: Մի քանի տարի է` ինչ Սուսաննայի ընտանիքն ապրում է Աէրացիայի 4-րդ կարգի վթարային թիվ 7 հանրակացարանի մի փոքրիկ սենյակում. «Էստեղ ինչ տեսնում եք՝ քույրս ա տվել: Ինքը գնաց Ռուսաստան ու ինչ-որ ուներ` ինձ տվեց, որ օգտագործեմ, թե չէ ես ոչ մի բան չունեմ: Սեփական իր գոյություն չունի»,- ասում է նա` շարունակելով, որ ամուսինը երեք տարի առաջ ընտանիքը լքել, հեռացել է: Կապվել է ուրիշ կնոջ հետ եւ այլեւս երբեւէ չի հետաքրքրվել երեխաների ճակատագրով: Սուսաննան կրկին լաց է լինում. «Ուրիշ կնոջը գերադասեց ու ոչ մի անգամ մեզնով չի հետաքրքրվել: Ես էլ աշխատանք չունեմ, չգիտեմ երեխաներիս ո՞նց պահեմ»,- ասում է նա: Երեք երեխաներին այս կինը պահում է 10.000 դրամ ընտանեկան նպաստով եւ Հասմիկի 8000 դրամ հաշմանդամության թոշակով: «Ես հույսս չէի կտրում, սպասում էի հանուն երեխաներիս: Ասում էր` էսօր կգամ, վաղը կգամ, ու տենց երեք տարի անցավ: Հեշտ կյանքն ընտրեց ու երեխաների հոգսը լրիվ իմ վրա թողեց»: Հասմիկը 2-րդ կարգի ցմահ հաշմանդամություն ունի, մանկահասակ տարիքում հարբուխի բարդության պատճառով համր է դարձել: Մի քանի տարի է` ինչ ձեռք է բերել նաեւ շաքարախտ հիվանդությունը, որովհետեւ` «Գնացել էր բակ, որ աղբը թափի: Դե՛, էս կողմերում մարդիկ քիչ են, իսկ շները` շատ: Աղբը թափելու ժամանակ չի լսել շների հաչոցն ու չի էլ տեսել, որ լիքը շներ են հետեւում կանգնած: Հարձակվել են վրան, ու վախից շաքարը բարձրացել ա»: Հասմիկն ավարտել է Զեյթունում գտնվող թույլ լսողությամբ երեխաների հատուկ դպրոցը եւ փաստաթղթերով համարվել է անաշխատունակ: Տիկին Սուսաննան շատերին է դիմել աշխատանքի ընդունելու խնդրանքով, բայց բոլորն էլ պահանջում են երիտասարդ, բարետես աղջիկներ: «Շատ դժվար ա ինձ համար, չեմ կարողանում երեխաներիս պահել: Մաքրողի գործ եմ ուզում, բայց մարդիկ իրանց ծանոթներին են տալիս: Ինձ պատեպատ եմ ծեփում, ուզում եմ կյանքս կարգավորել, բայց չի ստացվում, ոչ մի բան չի ստացվում»,- նորից վերքերը թարմացնելով լաց է լինում Սուսաննան: Ութ տարեկան Անիին մայրը հաճախ համոզելով, ստիպելով ու բարկանալով է ուղարկում դպրոց: Ասում է` հագուստ չունենալու պատճառով ամեն օր լաց լինելով է երեխան դպրոց հաճախում: Սուսաննան ցույց է տալիս պատերի արանքով, խճճված ճանապարհներով հարեւանից բերած հոսանքալարերը: «Վիճակ չունեմ, պարտքերի պատճառով անջատել են: Ստիպված ուրիշից հոսանք եմ բերել, որ հիվանդ երեխաս գոնե լույս ունենա: Իրա դեղորայքը պետք ա սառնարանում պահենք, որ չփչանա, դրա համար էլ հոսանքը բերել եմ, որ գոնե սառնարանն աշխատացնեմ: 40.000 պարտքի պատճառով, մի քանի ամիս ա, հոսանքազրկված ենք, դեղերը հարեւանների սառնարանում էի պահում»,- ասում է նա: Հասմիկը գոյատեւում է շաքարախտին դիմադրող «ինսուլին» դեղամիջոցով: Հարցնում եմ` «Անվճա՞ր եք ստանում»: Սուսաննան պատասխանում է` «Անվճար ա, բայց շատ դժվարությամբ են տալիս: Բոլոր անվճար բաներն էլ շատ դժվարությամբ են տրվում»: Սուսաննան պատմում է, թե ինչպես են երեխաներն օրերով քաղցած գիշերում, ու հիշում է այն օրերը, երբ հարեւանները հիվանդ աղջկան ուտելու բան են տալիս, որ քաղցած վիճակում դեղորայք չընդունի: