Մայրուղում ձուկ են որսում

17/04/2008

Նախորդ տարվա համեմատ Սեւանա լճի մակարդակը բարձրացել է 62 սմ-ով, մինչդեռ նախատեսվում էր տարեկան լճի ջրի մակարդակը բարձրացնել 20 սմ-ով: Իսկ վերջին մի քանի օրերի ընթացքում Սեւանա լիճը Գավառի մոտ հասել է մինչեւ մայրուղի ու նույնիսկ տարածվել դեպի աջ: Մարդիկ այժմ հնարավորություն ունեն ձուկ որսալ անգամ մայրուղու եզրին նստած` լճից բավական հեռու: ՀՀ Բնապահպանության նախարարության մամուլի պատասխանատու Արծրուն Պեպանյանը «Ա1+»-ին հայտնել է, որ լճի մակարդակի կրկնակի բարձրացումը պայմանավորված է նաեւ նրանով, որ հիմա ավելի քիչ ջուր են վերցնում լճից: Սակայն ոռոգման սեզոնը սկսվելուն պես լճից ոռոգման համար ջուր բաց կթողնվի, ու այդ խնդիրը ժամանակավորապես կլուծվի: Սակայն Ա. Պեպանյանը մտահոգություն է հայտնել, որ կան ճանապարհային որոշ հատվածներ, որտեղ ճանապարհը պետք է փոխվի, իսկ նման տեմպերի դեպքում եկող տարվա այս ժամանակահատվածում այդ ճանապարհն այլեւս չի լինի: «Ա1+»-ի հետ զրույցում «Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ ղեկավար Կարինե Դանիելյանն էլ նշել է, որ չնայած բոլորն էլ ցանկանում էին, որ Սեւանի ջրի մակարդակը բարձրանա, բայց ափերի նախապատրաստումը չեղավ այնպես, ինչպես պետք է լիներ: Նա նշել է, որ ժամանակին իրենց հ/կ-ի առաջարկով Սեւանի հետ կապված հանձնաժողով է ստեղծվել: Սակայն ընդամենը մի քանի նիստ է եղել ու դրանով վերջացել է ամեն ինչ. «Ժամանակին առաջարկ կար, որ այն տեղերում, որտեղ տեղանքն այնպիսին է, որ ջուրը չի հանդիպում պատնեշի, եւ մակարդակը չի բարձրանում, այլ լայն, մեծ քանակությամբ տարածվում է, արհեստական բարձրացվի տեղանքը»,- ասել է նա:

ՀՀ կառավարության Տարածքային կառավարման վարչության պետ Խաչիկ Վարդանյանն էլ նշել է, որ Սեւանա լճի ջրի ամեն մի սանտիմետրի բարձրացումը միայն դրվատանքի է արժանի, եւ դա կատարվող աշխատանքների լավ գնահատականն է: Իսկ ճանապարհային ենթակառուցվածքների հարցերը, նրա կարծիքով, լուծելի խնդիրներ են: Եվ ընդհանրապես, Սեւանը, ըստ նրա, պետք է «աչքի լույսի պես պահել»: Տրանսպորտի եւ կապի նախարարության Զարգացման ծրագրերի եւ ներդրումների վարչության պետի տեղակալ Քաջիկ Քաբաբյանն էլ նշել է, որ այս հարցի շուրջ արդեն երկար ժամանակ է խոսվում: ՀՀ կառավարությունում եւ իրենց նախարարությունում տեղյակ են դրա մասին, ու շուտով խնդրին լուծում կտրվի: Ըստ նրա` բոլորն էլ շահագրգռված են հարցի շուտ լուծման համար: